HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Որքան հարկ են վճարում բուքմեյքերները

Հայաստանում գործող բուքմեյքերական ընկերությունները խոշոր հարկատուների ցանկում են՝ ոչ բարձր հորիզոնականներում։ Ինչպես տեղեկանում ենք Ֆինանսների նախարարության հրապարակած ցանկերից, այսօրվա դրությամբ Հայաստանում լիցենզավորված է վիճակախաղեր կազմակերպող չորս ընկերություն։ Խոսքը նույն բուքմեյքերական ընկերությունների մասին է։ Վիճակախաղեր են կազմակերպում «Վիվառո Բեթինգ» (VivaroBet), «Գուդվին-Բետ» (GoodWin), «Սաբարկո» (Adjarabet) և «Դիջիգեյմ» (TotoGaming) ընկերությունները։

Եվս երեք ընկերություն էլ կազմակերպում է ինտերնետ շահումով խաղեր։ Նրանք թեև իրավական տեսանկյունից տարբեր ընկերություններ են, սակայն փոխկապակցված են վիճակախաղեր կազմակերպողներին։ Սա ևս նորություն չէ խաղերի շուկայում, քանի որ նախկինում ևս վիճակախաղեր կազմակերպող ընկերություններին փոխկապակցված են եղել ինտերնետ շահումով խաղեր կազմակերպողները։ «Վիվառո Բեթինգ»-ին փոխկապակցված «Վիվառո Գրուպ»-ը կազմակերպում է ինտերնետ շահումով խաղեր։

TotoGaming-ը ներկայացնող «Դիջիգեյմ»-ին է փոխկապակցված «Դիջիթեյն» ընկերությունը, որը ևս կազմակերպում է ինտերնետ շահումով խաղեր։

Եվ երրորդ ընկերությունը, որը ինտերնետ շահումով խաղեր է կազմակերպում Հայաստանում, «Կաբարկո»-ն է՝ փոխկապակցված Adjarabet-ը ներկայացնող «Սաբարկո»-ին։

Այս 7 ընկերությունները միասին 2019 թվականին պետական բյուջե են վճարել 9 մլրդ 342 մլն դրամի հարկեր։ Ինչպես վկայում են պետական եկամուտների կոմիտեի խոշոր հարկատուների տվյալները, 2018 թվականի համեմատ բուքմեյքերների վճարած հարկերի ծավալն աճել է մոտ 2 մլրդ 410 մլն դրամով կամ 35 %-ով։

Նրանց շարքում ամենախոշոր հարկատուն «Դիջիթեյնն» է, որի վճարած հարկերի ծավալը  2019 թվականին կազմել է մոտ 1 մլրդ 990 մլն դրամ՝ կիկնակի ավելին, քան նախորդ տարում։ Արդյունքում ընկերությունը հանրապետության խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 102-րդ տեղը։ «Դիջիթեյն»-ին փոխկապակցված «Դիջիգեյմը» վճարել է մոտ 1 մլրդ 461 մլն դրամ, աճը՝ 349 մլն դրամ կամ 31 %: Այն խոշորների ցանկում 130-րդն է։

Հաջորդում է «Վիվառո բեթինգը»՝ 1 մլրդ 747 մլն դրամի հարկերով։ Նախորդ տարվա համեմատ ընկերության հարկերն աճել են 278 մլն դրամով կամ 19 %-ով և խոշորների ցանկում հայտնվել 111-րդ տեղում։ Իսկ փոխկապակցված «Վիվառո գրուպը» վճարել է 1 մլրդ 542 մլն դրամի հարկեր՝ նախորդ տարվա համեմատ ավելացնելով 481 մլն դրամով կամ 45 %-ով։ Խոշոր հարկատուների ցանկում «Վիվառո գրուպը» 126-րդ տեղում է։

«Գուդվին-բետը» խոշոր հարկատուների ցանկում 164-րդն է՝ 1 մլրդ 162 մլն դրամի հարկերով։ 2018 թվականի համեմատ աճը կազմել է մոտ 94 մլն դրամ կամ մոտ 9 %:

Adjarabet-ը ներկայացնող «Սաբարկոն» հանրապետության 317-րդ խոշոր հարկատուն է։ 2019 թվականին պետական բյուջե է վճարել մոտ 573 մլն դրամի հարկեր՝ գրեթե այնքան, որքան նախորդ տարում։ Իսկ նրան փոխկապակցված «Կաբարկոն» ցանկում 216-րդն է՝ մոտ 868 մլն դրամի հարկերով, աճը՝ 212 մլն դրամ կամ 32.3 %:

2019 թվականի հունվար-դեկտեմբերին հանրապետության 1000 խոշոր հարկատուները պետական բյուջե են վճարել ավելի քան 1 տրլն 61 մլրդ դրամի հարկ: 2018 թվականի համեմատ այս ցուցանիշն աճել է 13 %-ով։

Ցանկը գլխավորում է ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Գրանդ Տոբակո» ընկերությունը՝ վճարած 57 մլրդ դրամի հարկերով։ Հաջորդում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»՝ 51 մլրդ դրամով։ Խոշորների եռյակը եզրափակում է «Գազպրոմ Արմենիան»՝ 42.3 մլրդ դրամով։

Տես նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter