HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ծխախոտի շուկան բարձր հորիզոնականներում է խոշոր հարկատուների ցանկում

2019 թվականի Հայաստանի 10 խոշորագույն հարկատուներից չորսը ծխախոտի շուկայից են։ Երկուսն արտադրող են, երկուսը` ներմուծող։ Շուկայից ևս մի քանի ընկերություն էլ խոշորների ցանկի առաջին հարյուրյակում է։

Ըստ Պետական եկամուտների կոմիտեի՝ 2019 թվականի Հայաստանի խոշորագույն հարկատուն ծխախոտի արտադրության զբաղվող «Գրանդ տոբակո» ՍՊ ընկերությունն է։ Այն տարվա ընթացքում պետբյուջե է վճարել 57 մլրդ դրամ հարկեր։ 2018 թվականի համեմատ ընկերության հարկերն աճել են 14.8 մլրդ դրամով կամ 35.1 %-ով։ «Գրանդ տոբակո»-ի հարկերի գերակշիռ մասը (մոտ 60 %-ը) գոյանում են ակցիզային հարկի գծով։ Հիշեցնենք, որ «Գրանդ տոբակոն» հայտնի գործարարներ Վարդանյանների ընտանիքին պատկանող «Գրանդ հոլդինգի» կազմում է։ Նրանց կազմում է նաև ծխախոտի արտադրությամբ զբաղվող ևս երկու ընկերություն՝ «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ու «Մասիս տոբակո» ՍՊԸ-ները։

Ծխախոտի շուկայում հաջորդ խոշոր հարկատուն հենց «Ինտերնեյշնլ Մասիս տաբակն» է, որը 2019 թվականի խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը՝ վճարելով 19.2 մլրդ դրամ։ 2018 թվականի համեմատ ընկերությունն ավելացրել է հարկերը 6.1 մլրդ դրամով կամ մոտ 47 %-ով։ Իսկ «Գրանդ հոլդինիգին» պատկանող և ծխախոտի արտադրությամբ զբաղվող մյուս ընկերությունը՝ «Մասիս տոբակոն» նախորդ տարի վճարել է 687 մլն դրամի հարկեր՝ խոշոր հարկատուների ցանկում հայտնվելով 268-րդ տեղում։

Խոշոր հարկատուների ցանկում «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ»-ին անմիջապես հաջորդում է «Ջեյ թի այ Արմենիա» ՓԲԸ-ն է՝ 16.4 մլրդ դրամ հարկերով։  Ընկերությունը զբաղվում է ծխախոտի ներմուծմամբ։ 2018 թվականի համեմատ հարկերն աճել են 246 մլն դրամով կամ 17.6 %-ով։

Եվ ծխախոտի շուկայի մյուս խոշոր հարկատուն, որն ընդգրկվել է հանրապետության խոշոր հարկատուների առաջին տասնյակում, ներմուծմամբ զբաղվող «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ՍՊ ընկերությունն է, որը պետական բյուջե է վճարել 13.7 մլրդ դրամի հարկեր՝ 154 մլն դրամով կամ 1.1 %-ով ավելին, քան նախորդ տարի։

Ընդհանուր առմամբ միայն այս չորս ընկերությունը 2019 թվականին պետական բյուջե են վճարել 106.4 մլրդ դրամի հարկեր՝ 2018 թվականի 82.8 մլրդ դրամի դիմաց։ Աճը կազմել է 23.6 մլրդ դրամ կամ 28.5 %-ով։

Ծխախոտի շուկայից խոշոր հարկատուների առաջին հարյուրյակում է «Ավերս» ՓԲԸ-ն՝ 21-րդ տեղում, 7.6 մլրդ դրամի հարկերով։ Հաջորդը «ԴիսթրիմԷքս» ՍՊԸ-ն է՝ 45-րդ տեղում, 4 մլրդ դրամի հարկերով։ Երկու ընկերությունները զբաղվում են ծխախոտի ներմուծմամբ։ Եվ հարյուրյակում ներառված մյուս ընկերությունը ծխախոտի արտադրությամբ զբաղվող «ՍՊՍ սիգարոն» ՍՊԸ-ն է։ 

Ծխախոտի ներմուծմամբ ևս մի քանի ընկերություն պարբերաբար հայտնվում են խոշոր հարկատուների ցանկում, սակայն սովորաբար նրանք բարձր հորիզոնականներ չեն զբաղեցնում։

Ծխախոտի արտադրությունը Հայաստանում վերջին տարիներին դինամիկ աճում է։ Այն զգալի կշիռ ունի Հայաստանի արդյունաբերության և արտահանման կազմում։ Վիճակագրական ծառայության վերջին տվյալներով՝ 2019 թվականի հունվար-նոյեմբերին ծխախոտի արտադրության ծավալները Հայաստանում կազմել են 175.5 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով 9.7 %-ով։ Ծխախոտի արտադրությունը զբաղեցնում է Հայաստանի ամբողջ մշակող արդյունաբերության 13.7 %-ը։

2019 թվականի հունվար-դեկտեմբերին հանրապետության 1000 խոշոր հարկատուների կողմից պետական բյուջե է վճարվել ավելի քան 1 տրլն 61 մլրդ դրամի հարկ: 2018 թվականի համեմատ այս ցուցանիշն աճել է 13 %-ով։

2019 թվականին խոշորների հարկերի 43 %-ը ԱԱՀ գծով է, 15 %-ը՝ շահութահարկի, 18 %-ը եկամտահարկի, 11 %-ը ակցիզային հարկի և 13 %-ը՝ այլ հարկերի:

Ինչպես նշեցինք, ցանկը գլխավորում է ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Գրանդ Տոբակո» ընկերությունը՝ վճարած 57 մլրդ դրամի հարկերով։ Հաջորդում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»՝ 51 մլրդ դրամով։ Խոշորների եռյակը եզրափակում է «Գազպրոմ Արմենիան»՝ 42.3 մլրդ դրամով։

Տես նաև՝ 

Հեռահաղորդակցության օպերատորներն ավելացրել են հարկերը 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter