HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հեռահաղորդակցության օպերատորներն ավելացրել են հարկերը

Հայաստանի հեռահաղորդակցության շուկայի երեք առաջատար օպերատորները՝ «Վիվա-ՄՏՍ»-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ), «Բիլայնը» («Վեոն Արմենիա» ՓԲԸ) և «Յուքոմը» («Յուքոմ» ՍՊԸ) հանրապետության խոշոր հարկատուների կազմում բարձր հորիզոնականներ են զբաղեցնում։

Նրանք 2019 թվականին միասին պետական բյուջե են վճարել մոտ 31.1 մլրդ դրամի հարկեր։ Ինչպես վկայում են Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած 1000 խոշոր հարկատուների տվյալները, 2018 թվականի համեմատ երեք օպերատորների վճարած հարկերի ծավալն աճել է 14.1 մլրդ դրամով կամ 83 %-ով։ Ընդ որում՝ երեք ընկերություններն էլ աճ են գրանցել։

Հարկերի ծավալով 2019 թվականի տվյալներով օպերատորների կազմում առաջին տեղում «Վեոն Արմենիա» ընկերությունն է, որը տարվա ընթացքում պետական բյուջե է վճարել 12.2 մլրդ դրամի հարկեր։ 2018 թվականի համեմատ ընկերության հարկերն աճել են 3.2 անգամ։ 2019 թվականի խոշոր հարկատուների ցանկում ընկերությունը զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը։

Խոշորների ցանկում «ՄՏՍ Հայաստանը» 14-րդ տեղում է։ Հարկերի ծավալը նշված է 9.9 մլրդ դրամ դրամ՝ նախորդ տարվա 6.8 մլրդ դրամի համեմատ։ Աճը կազմել է 3.1 մլրդ դրամ կամ 45.6 %-ով։ 

Խոշոր հարկատուների ցանկի հրապարակումից հետո «Վիվա-ՄՏՍ»-ը պարզաբանում է տարածել, որ նախկինում ընկերությունը գերավճար է ունեցել և 2019 թվականին հաշվանցում է կատարվել։ Նշվում է, որ 2019 թվականին իրականացրած հարկային պարտավորություններից (9.88 միլիարդ դրամ) բացի, 2019 հունվարի 1-ի դրությամբ առկա է եղել 6 միլիարդ դրամի գերավճարը, որը կուտակվել է նախկինում և որի հաշվին էլ մարվել է 2019 թվականին առաջացած հարկային պարտավորությունների մի մասը: Հետևաբար, ըստ «Վիվա-ՄՏՍ»-ի՝ 2019 թվականին իրենց հարկերը կազմում են 15.88 միլիարդ դրամ: Այսինքն՝ ըստ ընկերության, նախկինում պարտավորություններից ավել գումար է վճարվել պետական բյուջե, որի հաշվին էլ այս տարվա պարտավորությունները նվազեցվել են։ Սակայն, յուրաքանչյուր դեպքում, վերլուծություններ կատարելիս հարկավոր է հիմք ընդունել Պետական եկամուտների կոմիտեի ներկայացրած ցուցանիշները, ինչը և արել ենք, քանի որ գերավճարների ցուցանիշները արտացոլված են եղել նախկինում հրապարակված հարկերի ցուցանիշներում։

Եվ մյուս օպերատորը՝ «Յուքոմը», պետական բյուջե է վճարել 8.9 մլրդ դրամի հարկեր։ 2018 թվականի համեմատ ընկերության հարկերի ծավալն ավելացել է մոտ 2.6 մլրդ դրամով կամ 40.2%-ով։ «Յուքոմը» խոշոր հարկատուների ցանկում այս անգամ 18-րդ տեղում է։

Նշված երեք օպերատորները ծառայություններ են մատուցում ինչպես բջջային կապի, այնպես էլ ֆիքսված կապի շուկայում։ Եթե բջջային կապի շուկայում այս երեք օպերատորներն են միայն, ապա ֆիքսված կապի շուկայում հեռահաղորդակցության ոլորտի այլ օպերատորներ ևս կան, որոնք շուկայում փոքր մասնաբաժին են գրավում։ Նրանցից մի քանիսը ևս հայտնվել են խոշոր հարկատուների շարքում, սակայն՝ ոչ բարձր հորիզոնականներում։ Օրինակ՝ առավել բարվոք դիրքերում գտնվող «ՋիԷնՍի-Ալֆա» ՓԲԸ-ն, որը հանդես է գալիս «Ռոստելեկոմ» ապրանքանիշով, 2019 թվականի տվյալներով խոշոր հարկատուների ցանկում 176-րդ տեղում է։ Պետական բյուջե է վճարել 1.1 մլրդ դրամի հարկեր։

2019 թվականի հունվար-դեկտեմբերին հանրապետության 1000 խոշոր հարկատուների կողմից պետական բյուջե է վճարվել ավելի քան 1 տրլն 61 մլրդ դրամի հարկ: 2018 թվականի համեմատ այս ցուցանիշն աճել է 13 %-ով։

2019 թվականին խոշորների հարկերի 43 %-ը ԱԱՀ գծով է, 15 %-ը՝ շահութահարկի, 18 %-ը եկամտահարկի, 11 %-ը ակցիզային հարկի և 13 %-ը՝ այլ հարկերի:

Այս անգամ ցանկը գլխավորում է ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Գրանդ Տոբակո» ընկերությունը՝ վճարված 57 մլրդ դրամի հարկերով։ Հաջորդում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»՝ 51 մլրդ դրամով։ Խոշորների եռյակը եզրափակում է «Գազպրոմ Արմենիան»՝ 42.3 մլրդ դրամով։

Տես նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter