HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հանքարդյունաբերությունից ստացվող հարկերը նվազել են 2019 թվականին

Մետաղական հանքարդյունաբերության ոլորտի 6 ընկերություն 2019 թվականին ներառվել է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկի 100-յակում։ Եվս մի քանի ընկերություններ էլ տեղ են գտել ավելի ցածր հորիզոնականներում։ Ընդհանուր առմամբ, խոշոր հանքարդյունաբերողներից ստացվող հարկերի ծավալը նվազել է։

Ինչպես ցույց են տալիս Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալները, 2019 թվականի ընթացքում հանքարդյունաբերության ոլորտի խոշորագույն հարկատուն շարունակում է մնալ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը (ԶՊՄԿ), որը, կիսամյակի տվյալներով, հանրապետության խոշորագույն հարկատուն էր, սակայն տարեկան տվյալներով առաջատարի դիրքը զիջել է ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Գրանդ տոբակո»-ին։ Այդպիսով, ԶՊՄԿ-ն հանրապետության երկրորդ խոշոր հարկատուն է։ 2019 թվականի ամբողջ ընթացքում ԶՊՄԿ-ն պետական բյուջե է վճարել 51 մլրդ 360 մլն դրամ, որը 2018 թվականի համեմատ ավելացել է 266 մլն դրամով կամ 0.5 %-ով։

Հանքարդյունաբերության ոլորտի մյուս խոշոր հարկատուն «ԳեոՊրոՄայնինգ Գոլդն» է, որը զբաղվում է ոսկու արդյունահանմամբ ու արտահանմամբ։ Շահագործում է Սոթքի հանքավայրը։ Տարվա ընթացքում վճարել է մոտ 13 մլրդ 665 մլն դրամի հարկեր: Ընկերությունը հարկերը նվազեցրել է 2 մլրդ 453 մլն դրամով կամ 15.2 %-ով։ Խոշորների ցանկում «ԳեոՊրոՄայնինգ Գոլդը» 9-րդ տեղում է։ Ընկերության հարկերի նկատելի աճ է գրանցվել 2017 թվականի կեսերից, որից հետո այն ատիճանաբար վերականգնել է հանրապետության խոշոր հարկատուների շարքում առաջատարի իր դիրքը։

Մյուս խոշոր հանքարդյունաբերողը՝ «Արմենիան մայնինգ քոնթրաքթորը», պետբյուջե է վճարել 4 մլրդ 385 մլն դրամի հարկեր, որը 2018 թվականի համեմատ աճել է 33 մլն դրամով կամ 0.8 %-ով։ Խոշոր հարկատուների ցանկում ընկերությունը 41-րդ տեղում է։ Ընկերությունը գրանցված է և գործում է Քաջարանում։ Զբաղվում է հանքաքարի արդյունահանմամբ և տեղափոխմամբ։ Համագործակցում է ԶՊՄԿ-ի հետ։

Հանքարդյունաբերության ոլորտի չորրորդ խոշոր հարկատուն «Չաարատ Կապան» ընկերությունն է։ Ինչպես ավելի վաղ գրել ենք , այդպես է վերանվանվել «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերությունը։ Այն շահագործում է Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը։ Արտադրում է պղնձի և ցինկի խտանյութեր՝ ոսկու և արծաթի պարունակությամբ: «Չաարատ Կապանը» գործում է նույն հարկ վճարողի հաշվառման համարով (ՀՎՀՀ), ինչ «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն էր։ Կապանի լեռնահարստացման կոմբինատը նախորդ տարվա վերջերից նոր սեփականատեր ունի, որով էլ պայմանավորված է ընկերության վերանվանումը։ «Չաարատ Կապանի» ֆեյսբուքյան էջում նշված է, որ 2019 թվականի հունվարից ձեռնարկությունը հանդիսանում է բրիտանական «Չաարատ Գոլդ Ինթերնեշնլ Լիմիթիդ» (Chaarat Gold International Limited) ընկերության միավոր: Մինչ այդ, այն պատկանել է ռուսական «Պոլիմետալ Ինթերնեշնլ» ընկերությանը։ «Չաարատ Կապանը» 2019 թվականին պետական բյուջե է վճարել 2 մլրդ 857 մլն դրամ։ Հանքարդյունաբերողների շարքում 2018 թվականի համեմատ հարկերի ամենամեծ անկումը գրանցել է հենց «Չաարատ Կապանը», անկումը՝ 2.6 անգամ։

Վերապահումներով հանքարդյունաբերության խոշոր հարկատուների ցանկում ենք ներառել նաև «Մաքուր երկաթի գործարանը»։ Ընկերությունը զբաղվում է մոլիբդենի խտանյութի վերամշակմամբ: Հետևաբար, այն մշակող արդյունաբերության ոլորտից է։ Ընկերությունը, ինչպես և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», պատկանում է «Քրոնիմետ» ընկերությունների խմբին։ «Մաքուր երկաթի գործարանը» 2019 թվականին պետական բյուջե է վճարել 2.2 մլրդ դրամի հարկեր, որը 2018 թվականի համեմատ նվազել է 862 դրամով կամ մոտ 28 %-ով։ Ընկերությունը հանրապետության խոշոր հարկատուների ցանկում 94-րդ տեղում է։

Եվ վերջին ընկերությունը հանքարդյունաբերությունից, որ ներառվել է հանրապետության խոշոր հարկատուների առաջին հարյուրյակում, «Թեղուտն» է. զբաղեցրել է հենց 100-րդ հորիզոնականը։ Ընկերությունը վճարել է 2 մլրդ դրամի հարկեր՝ մոտ 1 մլրդ 973 դրամով կամ 50 %-ով պակաս, քան 2018 թվականին։ Ընդ որում՝ նկատելի է, որ «Թեղուտի» հարկերի գերակշիռ մասը գոյացել է երկրորդ կիսամյակում։ Ենթադրվում է, որ այս տարի «Թեղուտի» հարկերը կաճեն, քանի որ մեկուկես տարվա դադարից հետո՝ 2019թ. հուլիսից, Թեղուտի հանքավայրը կրկին վերագործարկվել է։ Վերականգնվել է պղնձի ու մոլիբդենի խտանյութի արտադրությունը։ Եվ հենց Թեղուտի գործոնով պայմանավորված՝ հանքարդյունաբերությունը նախորդ տարվա երկրորդ կեսից սկսել է էական տեմպերով աճել ու նոր թափ հավաքել։ Արդյունքում, ստեղծվել է մի իրավիճակ, երբ հանքարդյունաբերությունը Հայաստանում երեք անգամ ավելի արագ է աճում, քան մշակող արդյունաբերությունը։

Այսպիսով, միայն նշված 6 հանքարդյունաբերողների հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 76 մլրդ 490 մլն դրամ։ Այս ցուցանիշը նույն ընկերությունների 2018 թվականի հարկերի համեմատ նվազել է 9 մլրդ 620 մլն դրամով կամ 11.2 %-ով։

Հիշեցնենք, որ 2019 թվականի հունվար-դեկտեմբերին հանրապետության 1000 խոշոր հարկատուների կողմից պետական բյուջե է վճարվել ավելի քան 1 տրլն 61 մլրդ դրամի հարկ: 2018 թվականի համեմատ այս ցուցանիշն աճել է 13 %-ով։

2019 թվականին խոշորների հարկերի 43 %-ը ԱԱՀ գծով է, 15 %-ը՝ շահութահարկի, 18 %-ը եկամտահարկի, 11 %-ը՝ ակցիզային հարկի և 13 %-ը՝ այլ հարկերի:

Ինչպես նշեցինք, ցանկը գլխավորում է ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Գրանդ Տոբակո» ընկերությունը՝ վճարած 57 մլրդ դրամի հարկերով։ Հաջորդում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»՝ 51 մլրդ դրամով։ Խոշորների եռյակը եզրափակում է «Գազպրոմ Արմենիան»՝ 42.3 մլրդ դրամով։

Հանքարդյունաբերության ոլորտից հանրապետության խոշոր հարկատուների ցանկում են նաև «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը» (1 մլրդ 798 մլն դրամի հարկեր, 109-րդ հորիզոնական) և «Լեռնամետալուրգիայի ինստիտուտը» (1 մլրդ 129 մլն դրամ): Նրանցից ցածր հորիզոնականներ զբաղեցրած բոլոր ընկերությունների հարկերի ծավալը տարեկան կտրվածքով չի գերազանցել 1 մլրդ դրամը։ Օրինակ՝ «Լիդիան Արմենիան», որը 2018 թվականի տվյալներով՝ ցանկում 74-րդն էր 2.3 մլրդ դրամի հարկերով, 2019 թվականին հայտնվել է 444-րդ հորիզոնականում՝ 407 մլն դրամի հարկերով։ «Լիդիան Արմենիա»-ն ծրագրել է շահագործել Ամուլսարի ոսկու հանքավայրը, սակայն 2018թ․ հունիսից ի վեր մի շարք բնապահպաններ ու Ջերմուկ համայնքի բնակիչներ փակել են հանքավայր տանող ճանապարհները՝ համոզված լինելով, որ հանքի շահագործումն անդառնալի վնասներ է հասցնելու բնությանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter