HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հանքարդյունաբերությունը Հայաստանում երեք անգամ ավելի արագ է աճում, քան մշակող արդյունաբերությունը

Հայաստանի տնտեսական բլոկի պատասխանատուներն ամփոփում են նախորդ տարին։ Եվ ինչպես հատուկ է մեր պաշտոնյաներին, ասուլիսների ու ելույթների ժամանակ խոսվում է միայն դրական զարգացումների մասին։ Շեշտվում են տարեկան շուրջ 7 % տնտեսական աճը, արդյունաբերության և արտահանման գրեթե երկնիշ աճերը և այլն։ Սակայն, տնտեսության մասին հստակ պատկերացում կազմելու համար հարկավոր է հասկանալ, թե ինչպես և ինչի հաշվին են գոյանում այդ աճերը։ Տվյալների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրական միտումներին զուգահեռ կան նաև բազմաթիվ բացասական միտումներ ու մեսիջներ։ Բացասական այդ միտումներից մեկն այն է, որ Հայաստանում հանքարդյունաբերությունը մոտ երեք անգամ ավելի արագ է աճում, քան մշակող արդյունաբերությունը։

2019թ. առաջին 11 ամիսներին՝ հունվար-նոյեմբերին, Հայաստանի ամբողջ արդյունաբերական արտադրանքը կազմել է 1 տրլն 856 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 9.3 %-ով աճել է։ 

Հանքարդյունաբերության աճը 23.9 % է

Հանքարդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-նոյեմբերին, ըստ Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ), կազմել է մոտ 323.5 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 23.9 %-ով։

Հանքարդյունաբերության ոլորտի ծավալը հիմնականում ապահովում է մետաղական հանքաքարի արդյունահանումը։ Մեկուկես տարվա դադարից հետո՝ 2019թ. հուլիսի 1-ից, Թեղուտի հանքավայրը կրկին վերագործարկվել է։ Վերականգնվում է պղնձի ու մոլիբդենի խտանյութի արտադրությունը։ Եվ հենց Թեղուտի գործոնով է պայմանավորված հանքարդյունաբերության նախորդ տարվա աճը։ Ընդ որում՝ նկատելի է, որ ոլորտի աճը նոր թափ է հավաքել երրորդ եռամսյակից սկսած։ Առաջին եռամսյակում հանքարդյունաբերության ոլորտում անկում է գրանցվել 4.5 %-ով, բայց երկրորդ եռամսյակից այն սկսել է աճել, ու կիսամյակի կտրվածքով աճը կազմել է 6.8 %: Երրորդ եռամսյակում, ինչպես երևում է, մետաղական հանքաքարի արդյունահանման ծավալները էականորեն ավելացել են, ինչի արդյունքում ինն ամիսների կտրվածքով հանքարդյունաբերությունը, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, արդեն 19.5 %-ով է աճել։ 

Վիճկոմիտեի այլ տվյալներից հստակ երևում է պղնձի ու մոլիբդենի արդյունահանման ծավալների աճը։ Մասնավորապես, պղնձի ծավալները հունվար-նոյեմբերին կազմել են 361.7 հազար տոննա, որը 24 %-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը։ Իսկ մոլիբդենի խտանյութի ծավալները կազմել են 13 հազար տոննա՝ աճելով 27.8 %-ով։

Այսպիսով, Թեղուտի հանքի վերագործարկմամբ պայմանավորված՝ հանքարդյունաբերության աճը նախորդ տարի զգալի է դարձել։ Թեև տարեկան տվյալները դեռևս չեն ամփոփովել, սակայն հաշվի առնելով նախորդ տարվա առաջին 11 ամիսների տվյալները՝ կարելի է ենթադրել, որ տարեկան աճը 25 %-ին մոտ կլինի։ Այս աճն էլ իր հերթին էականորեն ազդելու է ընդհանուր արդյունաբերության աճի վրա։

Մշակող արդյունաբերությունն աճել է 8.2 %-ով

Ի տարբերություն հանքարդյունաբերության՝ մշակող արդյունաբերությունն ավելի դանդաղ է աճում։ Ըստ Վիճկոմիտեի տվյալների՝ 2019-ի հունվար-նոյեմբերին մշակող արդյունաբերության ծավալները կազմել են 1 տրլն 281 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 8.2 %-ով։

Իհարկե, գրանցված աճը փոքր չէ, սակայն ինչպես նախկինում ևս գրել ենք, հանքարդյունաբերության առաջանցիկ աճը բոլորովին չի համապատասխանում իշխանության հայտարարած տնտեսական հեղափոխության գաղափարներին։ Նախատեսված է արդյունաբերության ոլորտում հանքարդյունաբերության կշռի նվազմանը զուգահեռ ավելացնել մշակող արդյունաբերության կշիռը։ Նախորդ տարի մշակող արդյունաբերության կշիռն իսկապես նվազել է։ Սակայն, դա տեղի է ունեցել ոչ թե հանքարդյունաբերության կշռի նվազմանը զուգահեռ, այլ՝ էլեկտրաէներգայի և ջրամատակարարման ծավալների նվազման ու դրանց կշռի փոքրացման հետևանքով, որին հոդվածի վերջին հատվածում կանդրադառնանք։

Մշակող արդյունաբերության աճը մեծ մասամբ պայմանավորված է այս ոլորտում մեծ տեսակարար կշիռ ունեցող ապրանքների ծավալների ավելացմամբ՝ սննդի, խմիչքի ու ծխախոտի։

Մասնավորապես, սննդի արտադրության ծավալները 11 ամիսներին կազմել են 456.5 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճելով 4.7 %-ով։

Խմիչքի արտադրությունը կազմել է 166.7 մլրդ դրամ՝ աճելով 11.4 %-ով։

Եվ մյուս խոշոր ապրանքախումբը ծխախոտն է, որի արտադրության ծավալները կազմել են 175.5 մլրդ դրամ՝ աճելով 9.7 %-ով։

Որոշակի տեսանելի ակտիվության կա հագուստի արտադրության ոլորտում։ Հագուստի արտադրության ծավալները կազմել են 24 մլրդ դրամ՝ աճելով 19.6 %-ով։

Տարին անկումային էր հիմնային մետաղների արտադրության համար։ Արտադրության ծավալները 2019-ի առաջին 11 ամիսներին կազմել են 154.5 մլրդ դրամ՝ նվազելով 4.4 %-ով։ Սա մտահոգիչ է հատկապես այն առումով, որ հիմնային մետաղների արտադրությունը Հայաստանում էական կշիռ (12.1%) ունի մշակող արդյունաբերության ոլորտում:

Արդյունաբերության ոլորտի մյուս խոշոր խմբում ՝ էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտներում ևս որոշակի անկում կա։ Այստեղ պետք է հիմնականում հասկանալ Էլեկտրաէներգիայի արտադրությունը, հաղորդումը և բաշխումը։ էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ընդհանուր ծավալը կազմել է 228.2 մլրդ դրամ՝ նվազելով 0.9 %-ով։ Եվ, մասնավորապես, էլեկտրաէներգիայի արտադրությունը, հաղորդումն և բաշխումը կազմել են 193.9 մլրդ դրամ՝ նվազելով 3.3 %-ով։

Մյուս ենթաոլորտը ջրամատարակարարումն է, կոյուղին, թափոնների կառավարումն ու վերամշակումը։ Ծավալները կազմել են 23.2 մլրդ դրամ՝ նվազելով 2.1 %-ով։

Մշակող արդյունաբերության կշիռն աճել է ի հաշիվ ջրամատակարարման ու էլեկտրաէներգիայի ծավալների կրճատման

Մշակող արդյունաբերության կշիռը Հայաստանի ամբողջ արդյունաբերության կազմում 2019 թվականի հունվար-նոյեմբերի տվյալներով 69 % է։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ (66 %) մշակող արդյունաբերության կշիռն աճել է 3 տոկոսային կետով։

Ինչպես ցույց են տալիս Վիճկոմիտեի տվյալները, դա տեղի է ունեցել ջրամատակարարման ու էլեկտրաէներգիայի ծավալների կրճատման հաշվին, քանի որ ծավալների կրճատմանը զուգահեռ նվազել է նաև այդ ոլորտների տեսակարար կշիռը ամբողջ արդյունաբերության մեջ։ Ասվածն ավելի պարզ ներկայացված է ստորև գտնվող ինֆոգրաֆիկայում, որտեղից երևում է, թե ինչպես են փոփոխվել արդյունաբերության բաժինների կշիռները։

Ինչ վերաբերում է հանքարդյունաբերությանը, ապա այս բաժնի կշիռը 17.4 % է, որը նախորդ տարվա համեմատ գրեթե չի փոխվել։

Այսպիսով, նախորդ տարվա առաջին 11 ամիսների տվյալները ցույց են տալիս, որ 2019 թվականը հանքարդյունաբերության համար «վերակենդանացման» տարի էր։ Ու չնայած աճում է նաև մշակող արդյունաբերությունը, սակայն ավելի դանդաղ տեմպը վկայում է, որ այսպես շարունակվելու պարագայում հանքարդյունաբերության դերն արդյունաբերության ոլորտում ավելի կուժեղանա։ Դա բավականին մտահոգիչ է մեր տնտեսության համար, քանի որ հանքարդյունաբերությունը հիմքեր չի ստեղծում երկարաժամկետ տնտեսական զարգացման համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter