HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Որքան հարկ են վճարել հանքարդյունաբերողներն 2019թ. առաջին կիսամյակում

Հայաստանի խոշոր հարկատուների 2019 թվականի առաջին կիսամյակի ցանկում առաջին տասնյակի ընկերություններից երկուսը հանքարդյունաբերությունից են։ Եվս երկուսն էլ տեղ են գտել առաջին հարյուր խոշոր հարկատուների շարքում։ Հանքարդյունաբերության ոլորտից կան նաև այլ ընկերություններ, որոնք խոշոր հարկատուների ցանկում ավելի ցածր հորիզոնականներում են։

Ըստ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ)` ոլորտի խոշորագույն հարկատուն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն է (ԶՊՄԿ), որը նաև հանրապետության խոշորագույն հարկատուն է։ Ընկերության վճարած հարկերի ծավալն այս տարվա առաջին կիսամյակում կազմել է 29.5 մլրդ դրամ։ 2018 թվականի առաջին կիսամյակի համեմատ՝ հարկերն աճել են մոտ 4.9 մլրդ դրամով կամ 19.7 %-ով։ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը նաև 2018 թվականի տարեկան տվյալներով է հանրապետության խոշորագույն հարկատուն։ Ընկերության հարկերի նկատելի աճ է գրանցվել 2017 թվականի կեսերից, որից հետո այն ատիճանաբար վերականգնել է հանրապետության խոշոր հարկատուների շարքում առաջատարի իր դիրքը։

Մետաղական հանքարդյունաբերության մյուս խոշոր հարկատուն «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ն է, որը զբաղվում է ոսկու արդյունահանմամբ ու արտահանմամբ։ Շահագործում է Սոթքի հանքավայրը։ Այս տարվա առաջին կիսամյակում ընկերությունը պետական բյուջե է վճարել 9.1 մլրդ դրամի հարկեր։ Աճը կազմել է 256 մլն դրամ կամ 2.9 %: Հանրապետության խոշոր հարկատուների ցանկում «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ը 5-րդ տեղում է։

Ցանկի 22-րդ տեղն է զբաղեցրել «Արմենիան Մայնինգ Քոնթրաքթոր» ընկերությունը, որն այս տարվա առաջին կիսամյակում վճարել է 3.3 մլրդ դրամի հարկեր։ Ընկերությունը գրանցված է և գործում է Քաջարանում։ Զբաղվում է հանքաքարի արդյունահանմամբ և տեղափոխմամբ։ Համագործակցում է ԶՊՄԿ-ի հետ։ 2018 թվականի առաջին կիսամյակի համեմատ ընկերության վճարած հարկերի ծավալն աճել է 1.8 անգամ։

Հանքարդյունաբերության մյուս խոշոր հարկատուն «Չաարատ Կապան» ընկերությունն է։ Այդպես է վերանվանվել «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերությունը։ Այն շահագործում է Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը։ Արտադրում է պղնձի և ցինկի խտանյութեր՝ ոսկու և արծաթի պարունակությամբ: «Չաարատ Կապան»-ը գործում է նույն հարկ վճարողի հաշվառման համարով (ՀՎՀՀ), ինչ «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն էր։ Կապանի լեռնահարստացման կոմբինատը նախորդ տարվա վերջերից նոր սեփականատեր ունի, որով էլ պայմանավորված է ընկերության վերանվանումը։ «Չաարատ Կապան»-ի ֆեյսբուքյան էջում նշված է, որ 2019 թվականի հունվարից ձեռնարկությունը հանդիսանում է բրիտանական «Չաարատ Գոլդ Ինթերնեշնլ Լիմիթիդ» (Chaarat Gold International Limited) ընկերության միավոր: Մինչ այդ, այն պատկանել է ռուսական «Պոլիմետալ Ինթերնեշնլ» ընկերությանը։

«Չաարատ Կապան»-ն այս տարվա առաջին կիսամյակում վճարել է 2.2 մլրդ դրամի հարկեր և խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 38-րդ տեղը։ Նշենք, որ 2018 թվականի առաջին կիսամյակում նույն ՀՎՀՀ-ով գործող «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն վճարել է 4.1 մլրդ դրամի հարկեր։ Այսինքն՝ կոմբինատի հարկերը նվազել են մոտ 1.9 անգամ։

Հանքարդյունաբերական ընկերություններից խոշոր հարկատուների ցանկում են հայտնվել նաև «Էս ընդ էյ Մայնինգ» (812 մլն դրամ), «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» (777 մլն դրամ), «ՄԼ մայնինգ» (240 մլն դրամ), «Լիդիան Արմենիա» (301 մլն դրամ) ընկերությունները, որոնց վճարած հարկերի շեմը 1 մլրդ դրամից ցածր է։

«Լիդիան Արմենիա»-ն, որի շուրջ բնապահպանական, տնտեսական ու իրավական ուղղություններով բուռն քննարկումներ են տեղի ունենում Հայաստանում, այս տարվա առաջին կիսամյակում մոտ 11 անգամ ավելի քիչ հարկ է վճարել պետբյուջե, քան 2018 թվականի առաջին կիսամյակում։ 2018-ի հունվար-հունիսին ընկերության հարկերի ծավալը կազմել է 3.2 մլրդ դրամ։ Հիշեցնենք, որ «Լիդիան Արմենիա»-ն ծրագրել է շահագործել Ամուլսարի ոսկու հանքավայրը, սակայն 2018թ․ հունիսից ի վեր մի շարք բնապահպաններ ու Ջերմուկ համայնքի բնակիչներ փակել են հանքավայր տանող ճանապարհները՝ համոզմունք հայտնելով, որ հանքի շահագործումն անդառնալի վնասներ է հասցնելու բնությանը։ Հանքի տեղամասում աշխատանքները դադարեցված են։ 

Այս տարվա առաջին կիսամյակում խոշոր հարկատուների ցանկից դուրս է մնացել «Թեղուտ» ընկերությունը։ 2018 թվականի առաջին կիսամյակում այն վճարել է 3.7 մլրդ դրամի հարկեր։ «Թեղուտ»-ի աշխատանքները ևս նախորդ տարվանից դադարեցված են, քանի որ խնդիրներ են ծագել պոչամբարի տեխնիկական անվանգության հետ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն օրեր առաջ  հայտնել է, որ «Թեղուտ»-ը նախաձեռնել է իրականացնել պոչամբարի ինժեներաերկրաբանական և հիդրոերկրաբանական ուսումնասիրություններ ու պատվարի կայունության հետազոտություն։

Հանքարդյունաբերության ոլորտից ևս մեկ հարկատու է դուրս մնացել այս տարվա առաջին կիսամյակի խոշորների ցանկից։ Խոսքն «Արմենիան Քափըր Փրոգրամ»-ի ՝ «Էյ-Սի-Փի»-ի մասին է։ Ինչպես «Թեղուտ»-ը, այնպես էլ «Արմենիան Քափըր Փրոգրամ»-ը հանդիսանում են «Վալլեքս» ընկերությունների խմբի մաս։ 2018 թվականի առաջին կիսամյակում «Արմենիան Քափըր Փրոգրամ»-ը էական ծավալի հարկեր է վճարել պետական բյուջե՝ 5.1  մլրդ դրամ։ Սակայն այս տարվա առաջին կիսամյակում կտրուկ նվազեցրել է հարկերն ու դուրս մնացել խոշորների ցանկից։

Հիշեցնենք, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի 1000 խոշոր հարկատուները միասին պետական բյուջե են վճարել 511 մլրդ դրամի հարկեր ու տուրքեր։ Ինչպես տեղեկանում ենք Պետական եկամուտների կոմիտեի ներկայացրած ցանկերից, 2018 թվականի առաջին կիսամյակի համեմատ՝ խոշորների հարկերն աճել են 64.4 մլրդ դրամով կամ 14.4 %-ով։

Միայն առաջին տասը խոշոր հարկատուները միասին պետական բյուջե են վճարել 131.4 մլրդ դրամի հարկեր։ Այսինքն՝ առաջին տասնյակն ապահովել է 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի մոտ 26 %-ը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter