HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Բուքմեյքերական ընկերությունների ու խաղատների «հաղթարշավը» շարունակվում է

Հայաստանում տնտեսական աճին այսօր մեծ մասամբ նպաստում են առևտուրն ու ծառայությունները։ Ինչպես ավելի վաղ գրել ենք, այս տարվա երկրորդ եռամսյակում արձանագրված 6.5 % տնտեսական աճի 4.91 տոկոսային կետն ապահովել են առևտուրն ու ծառայությունները։  

Վերջին տարիներին ծառայությունների ոլորտը տեսանելի տեմպերով է աճում. ոլորտի աճի տեմպը գերազանցում երկրում արձանագրված տնտեսական աճը։ Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում ծառայությունների ծավալը՝ հասույթը, ընթացիկ գներով կազմել է 905.4 մլրդ դրամ։ Այն նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 15.3%-ով։ 2018 թվականի առաջին կիսամյակում գրանցված աճի համեմատ (18.1%) այս տարվա տեմպերն ավելի թույլ են։

Հայաստանի ծառայությունների ոլորտում, ըստ հասույթի, այսօր ամենամեծ տեսակարար կշիռն ունեն բուքմեյքերական ընկերություններն ու խաղատները։ Դրանք ներառվում են մշակույթ, զվարճություններ և հանգիստ ենթաոլորտում։ Ինչպես վկայում են Վիճակագրական կոմիտեի տվյալները (ՀՀ ՎԿ), գրանցելով շրջանառության ծավալների էական աճ՝ խաղային ոլորտը զգալի ազդեցություն է թողնում ծառայությունների ընդհանուր աճի վրա։ Այս երևույթը տարիներ շարունակ քննադատվում է տնտեսագետների կողմից, քանի խաղային ոլորտը հավելյալ արժեքներ չի ստեղծում ու տնտեսության զարգացման համար երկարաժակետ ազդեցություն չի թողնում. այստեղ ընդամենը եկամուտների վերաբաշխում է տեղի ունենում՝ ինչ-որ մեկը շահում է ինչ-որ մեկի կորցնելու հաշվին։ Բացի այդ, չնայած շրջանառության էական ծավալներին՝ խաղատներն ու բուքմեյքերական ընկերությունները ոչ մեծ ծավալի հարկեր են վճարում։ Ազգային ժողովի ընդունած օրենսդրական որոշ փոփոխություններից հետո, ինչպես սպասվում է, խաղային ոլորտի հարկերը կավելանան։ Սակայն, դրանից չի փոխում բուքմեյքերական ընկերությունների աճի որակը։

Խաղային ոլորտի ծավալներն առաջին կիսամյակում 30.1%-ով աճել են

Թեև վիճակագրական կոմիտեն ներկայացրել է ծառայության ոլորտի զարգացումները հունվար-հուլիսի կտրվածքով, սակայն դրանք առավել մանրամասն ներկայացված են կիսամյակային զեկույցում՝ հունվար-հունիսի։ Հոդվածում հիմք ենք ընդունել կիսամյակային ցուցանիշները։

Ինչպես նշեցինք, ծառայությունների ոլորտում ամենամեծ տեսակարար կշիռն ունի խաղային ոլորտը, որը ներառվում է մշակույթ, զվարճությունների և հանգիստ ոլորտում։ Վերջինի կշիռն այս տարվա առաջին կիսամյակում ընդհանուր ծառայությունների ծավալում կազմել է 24%, որից 18.7 տոկոսային կետը վիճակախաղերի, տեսախաղային տերմինալների, վիրտուալ մոլեխաղերի և բուքմեքերական գործունեության կազմակերպումն է, 4.7 տոկոսային կետը՝ խաղատների գործունեությունը և միայն 0.4 տոկոսային կետը՝ սպորտն ու զվարճություններն են, 0.2 տոկոսային կետն էլ մշակույթը։ Համեմատության համար նշենք, որ 2018 թվականի նույն կիսամյակում մշակույթ, զվարճություններ և հանգիստ ենթաոլորտի կշիռը ծառայություններում կազմել է 21%: Այսինքն՝ այս տարի այն ավելի է մեծացել։

Ընդհանուր առմամբ, մշակույթ, զվարճություններ և հանգիստ ոլորտի ծառայությունների հասույթն այս տարվա առաջին կիասմյակում կազմել է 217.5 մլրդ դրամ ՝ նախորդ տարվա նույն կիասմայկի համեմատ աճելով 30.1%-ով։ Մասնավորապես, խաղատների հասույթն աճել է 21.1%-ով և կազմել 42.2 մլրդ դրամ, բուքմեյքերական ընկերությունների հասույթն աճել է 32.6%-ով՝ կազմելով 169.4 մլրդ դրամ։

Դեռևս երկու-երեք տարի առաջ Հայաստանի ծառայությունների ոլորտում հասույթով առաջին տեղում ֆինանսական և ապահովագրական ոլորտն էր։ Սակայն, ժամանակի ընթացքում բուքմեյքերական ընկերությունները «կատաղի» տեմպերով ավելացրին իրենց ծավալներն ու երկրորդ տեղ մղեցին ֆինանսական ոլորտը։ Այս տարվա առաջին կիսամյակում ֆինանսական և ապահովագրական գործունեության ծավալները կազմել են 197.4 մլրդ դրամ՝ աճելով 15.9%-ով։ Այստեղ պետք է մեծամասամբ նկատի ունենալ բանկերին, որնց հասույթը կազմել է 128 մլրդ դրամ՝ աճելով 16.9%-ով։ Ֆինանսական ոլորտը ևս ծառայությունների աճի վրա էական ազդեցություն է թողնում։

Ծառայությունների ոլորտում համեմատաբար տեսանելի կշիռ ունեն տեղեկատվությունն ու կապը, ինչպես նաև՝ տրանսպորտը (և ցամքային, և օդային)։ Երկուսի դեպքում էլ հասույթի աճը մեծ չէ այս տարվա առաջին կիսամյակում։ Նկատելի աճ է գրանցվել կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտը, որի ներքո պետք է հասկանալ մեծամասամբ ռեստորանների ու հանրային սննդի շարժական կետերի գործունեությունը։ Տվյալներն առավել մանրամասն ներկայացված են ներքևում գտնվող ինֆոգրաֆիկայում։

Երևանի շուրջ կենտրոնացվածությունն ավելի է մեծացել

Ծառայությունների ծավալի 82.1%-ն այս տարվա առաջին կիսամյակում ապահովել է Երևանը և միայն 17.9%-ն է բաժին ընկել մարզերին։ Չնայած, որ մշտապես խոսվում մարզերի զարգացման ծրագրերի ու տնտեսության ապակենտրոնացման անհրաժեշտության մասին, սակայն, մասնավորապես ծառայությունների ոլորտում, այդ կենտրոնացվածությունը մայրաքաղաքի շուրջ ավելի է մեծացել։ Համեմատության համար նշենք, որ 2018 թվականի առաջին կիսամյակում ծառայությունների հասույթի 81%-ն է ապահովել Երևանը և 19%-ը՝ մարզերը։

Ընդ որում՝ մարզերից համեմատաբար մեծ կշիռ ունի Կոտայքի մարզը, որտեղ ինչպես հայտնի, գործում են խաղատներ և վստահաբար կարելի է ասել, որ դրանց շնորհիվ է Կոտայքի կշռը համեմատաբար տեսանելի։

Եթե ծառայությունների ոլորտը դիտարկում ենք ըստ ենթաոլորտների, ապա միայն ֆինանսական և ապահովագրական գործունեության դեպքում է, որ ենթաոլորտի հասույթի 30%-ից ավելին (31.1%) բաժին է ընկնում մարզերին։ Սա ևս տրամաբանական է, քանի որ բանկերի պահանջարկը մարզերում առկա է՝ հատկապես վարկավորման հարցում։

Առևտրի ոլորտին կանդրադառնանք առանձին հոդվածով։

Մեկնաբանություններ (1)

Yerevan2800
Խաղատների այս վիճակը կապված է նաև այն բանի հետ, որ չկան նորմալ վիճակախաղեր, ինչը պարարտ հող է դրանց զարգացման համար, քանի գնաց վերացան, կարելի էր անգամ պետական մեկ նորմալ լոտո ունենալ, նույնիսկ զարգացած երկրները ունեն այդպիսիք, քանի որ մարդկանց մի հանրույթ կա որ սիրում է խաղալ: մարդկանց ճիշտ ուղղորդման պայմաններում այն կարող է օգուտներ բերել նաև պետական որոշակի խնդիրների լուծման գործում անգամ՝ սպորտ, բնակարանային հարցեր, կրթություն, մշակույթ, պաշտպանություն և այլն,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter