
Հայաստան-Չինաստան երկկողմ համաձայնագիր՝ հետախուզվող անձանց հանձնում իրականացնելու համար
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հայաստանի և Չինաստանի միջև հանձնման մասին պայմանագիրը վավերացնելուն: Արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանի խոսքով՝ պայմանագրի կողմ հանդիսացող, հայցող կողմի պահանջով մյուս կողմը պարտավորվում է հանձնել իր տարածքում հայտնված հայցող կողմի ցանկացած անձի՝ այդ անձի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու կամ նշանակված պատիժն իրականացնելու նպատակով:
«Հանձնման մասին հարցումը կարող է բավարարվել այն դեպքում, եթե արարքը, որի համար հանձնումը պահանջվում է, համարվում է հանցանք երկու երկրների օրենքներով և պատժվում է ազատազրկմամբ նվազագույնը մեկ տարի ժամկետով»,-ասաց փոխնախարարը:
Պայմանագրով նախատեսված է նաև հետախուզման մեջ գտնվող անձի ժամանակավոր կալանավորման հնարավորություն՝ նախքան հարցումը:
Նախագծի հարակից զեկուցող, հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ համաձայնագրի ընդունումը պայմանավորված է նրանով, որ չկա միասնական հարթակ, պայմանագրային շրջանակ, որով հնարավոր է հանձնում իրականացնել: Վարդանյանի խոսքով՝ սա կարևոր իրավական հիմք է ստեղծում, հատկապես այն պարագայում, երբ Հայաստանի ու Չինաստանի միջև գնալով աճում է առևտրաշրջանառությունը, ինչպես նաև զբոսաշրջությունը:
Հիմնավորման մեջ նշվում է՝ պայմանագրի վավերացմամբ կամ հաստատմամբ ակնկալվում է արդարադատության ոլորտում համագործակցության զարգացումը: Պայմանագրի վավերացումը կամ հաստատումը կնպաստի նաև երկկողմ քաղաքական հարաբերությունների և փոխվստահության ամրապնդմանը:
Պայմանագիրն ընդգրկվեց առաջիկա լիագումար նիստերի օրակարգ:
Մեկնաբանել