HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Պողոս Պողոսյանի սպանության գործի վերաբացման վերաբերյալ բողոքի քննությունը սկսվեց և րոպեներ անց հետաձգվեց

Վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, կազմով՝ Կարեն Մարդանյանի, Արմեն Բեկթաշյանի, քիչ առաջ սկսվեց դատախազության բողոքի քննությունը՝ Պողոս Պողոսյանի սպանության գործով դատապարտված Աղամալ Հարությունյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը բեկանելու և նոր դատաքննություն նշանակելու պահանջով:

Խոսքը 2001 թվականի սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Հայաատանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվտանգության աշխատակից Հարությունյանի և Պողոսյանի միջև «Պրիվետ, Ռոբ» արտահայտության պատճառով «Առագաստ» սրճարանում տեղի ունեցած միջադեպի գործի մասին է:

Այս միջադեպի հետևանքով, հիշեցնենք, Պողոսյանը սպանվել է:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Աղամալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին Քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածով նախատեսված՝ հանցավոր անփութությամբ անզգույշ սպանություն կատարելու համար:

Դատարանը հաստատված է համարել, որ 25.09.2001թ.՝ ժամը 00:30-ի սահմաններում, Երևանի «Առագաստ» սրճարանի զուգարանում վերջինիս և ոգելից խմիչք օգտագործած վիճակում գտնվող Պողող Պողոսյանի միջև տեղի է ունեցել փոխադարձ քաշքշուկ, հասցվել են փոխադարձ հարվածներ, որոնց ընթացքում Պողոսյանը մեջքի ուղղությամբ վայր է ընկել, գլխի հետևի մասով հարվածել զուգարանի սալիկապատ հատակին, որի հետևանքով ստացած գանգուղեղային ծանր մարմնական վնասվածքից մահացել է:

Դատարանի 2002թ. փետրվարի 21-ի դատավճռով ամբաստանյալ Աղամալ Հարությունյանը դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման, միաժամանակ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամանակով:

Դեպքի վերաբերյալ, սակայն, վերջերս դատախազությանն ուղարկված դիմումով նոր հանգամանքներ են ներկայացրել միջադեպի ականատես, վկա Սթիվեն Ջոն Նյուտոնի ներկայացուցիչները:

Նյուտոնի հայտարարության ուսումնասիրությամբ պարզվել է, որ այն էական նշանակություն ունեցող այնպիսի տեղեկություններ է պարունակում դեպքի մասին, որոնք առերևույթ վկայում են Պողոս Պողոսյանի՝ կյանքից ոչ թե անզգուշությամբ զրկվելու, այլ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով դիտավորությամբ սպանության մասին:

Ըստ դատախազության տարածած հաղորդագրության՝ առերևույթ ի հայտ են եկել այնպիսի նոր հանգամանքներ, որոնք կարող են ապացուցել, որ գործով դատապարտված անձը առերևույթ կատարել է ավելի ծանր հանցանք՝ սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում, քան այն, ինչի համար դատապարտվել է: Բացի այդ, դրանք առերևույթ վկայում են հանցանքի կատարմանը նաև այլ անձանց մասնակցության մասին:

«Ելնելով վերոգրյալից՝ Պողոս Պողոսյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով կայացված դատական ակտը նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վերանայելու համար Երևան քաղաքի դատախազությունում հարուցվել է համապատասխան վարույթ, որի ընթացքում, ըստ դատախազության հաղորդագրության, կատարվել են մի շարք գործողություններ, հարցաքննվել են վկաներ, որոնք հաստատել են Պողոս Պողոսյանին մի քանի հոգով ծեծի ենթարկելու հանգամանքը: Հարցաքննվել է նաև Ջոն Սթիվեն Նյութոնը, ով տվել է ներկայացված վերոնշյալ վկայությանը նույնաբովանդակ ցուցմունք: Նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքներն էականորեն տարբերվում են նախկինում քրեական գործով տրված եզրակացության տվյալներից: Նշված հանգամանքը, քրեական գործով ձեռք բերված այլ փաստական տվյալների, այդ թվում՝ գործով հարցաքննված անձանց՝ մի խումբ անձանց կողմից Պողոս Պողոսյանի մարմնի տարբեր մասերին, հիմնականում գլխին հարվածներ հասցնելու վերաբերյալ ցուցմունքների հետ համակցությամբ, հաստատում են, որ մի խումբ անձինք ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Պողոս Պողոսյանի մարմնի տարբեր մասերին, հատկապես գլխին, և պատճառել փակ բութ գանգուղեղային վնասվածք:

Այսինքն՝ հարուցված վարույթի արդյունքում ձեռք են բերվել այնպիսի նոր հանգամանքներ, որոնք ինչպես ինքնին, այնպես էլ մինչ այդ պարզված հանգամանքների հետ ապացուցում են, որ մի խումբ անձինք առերևույթ կատարել են ավելի ծանր հանցանք՝ սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում, քան այն, որի համար անձը դատապարտվել է:

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան՝ նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայելու և ամբողջությամբ բեկանելու 2002թ. փետրվարի 21-ի դատավճիռը՝ գործն ուղարկելով համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության»,- հայտնել է դատախազությունը:

Այսօրվա դատական նիստին Աղամալ Հարությունյանի պաշտպան Ռոբերտ Բեջանյանը հայտնեց, որ գործի նյութերին ծանոթ չէ եւ միջնորդեց այն հետաձգել: Նիստին ներկա էր նաև Աղամալ Հարությունյանը: Վերջինս առարկեց տեսանկարահանման դեմ, լրագրողների հարցերին էլ չցանկացավ պատասխանել:

Դատարանում էր նաև Պողոս Պողոսյանի եղբորորդին՝ Սամվել Պողոսյանը: Եթե գործը վերաբացելու մասին որոշում կայացվի, ամենայն հավանականությամբ, նա կներգրավվի որպես տուժողի իրավահաջորդ: Նշենք, որ նախկինում Պողոս Պողոսյանի իրավահաջորդը եղել է Սամվել Պողոսյանի հայրը՝ Անդրանիկ Պողոսյանը, վերջինս, սակայն մահացել է:

Սամվել Պողոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հետամուտ են լինելու, որպեսզի տարիներ առաջ տեղի ունեցած միջադեպի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն: Հայտնեց նաև, որ սրճարանում տարիներ առաջ տեղի ունեցածին, ըստ իրենց ունեցած տեղեկությունների, մասնակից է եղել ոչ միայն Աղամալ Հարությունյանը, այլ շուրջ 8 անձ, որոնց ինքը չի ճանաչում:

Պողոսյանը քիչ հավանական համարեց, որ վերը նշված անձինք կարող էին առանց Ռոբերտ Քոչարյանի հրամանի՝ սեփական նախաձեռնությամբ Պողոս Պողոսյանին պատժել, սակայն չպնդեց, որ Ռոբերտ Քոչարյանը հենց սպանելու հրահանգ է տվել այդ անձանց:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց մարտի 27-ին:

Լուսանկարում ձախից՝ Կարեն Մարդանյանը, Ռուբիկ Մխիթարյանը, Արմեն Բեկթաշյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter