HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Ժառանգության» համագումարն «արհամարհել» էին ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը

Այսօր «Ժառանգություն» կուսակցությունը կառավարության նիստերի դահլիճում անցկացրեց 7-րդ համագումարը: Հյուրերի թվում էին` «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար կազմն ու անդամները, ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանն ու Վարդան Օսկանյանը, ՀՅԴ-ից Վահան Հովհաննիսյանը, ինչպես նաեւ անկախ պատգամավոր Լյովա Խաչատրյանն ու ՕԵԿ-ից վերջերս հեռացած Գագիկ Բաղդասարյանը: 

Համագումարին չէին մասնակցում ՀՀԿ-ից ու ՕԵԿ-ից: «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը «Հետքին» տեղեկացրեց, որ համագումարին ներկա գտնվելու հրավեր ուղղարկել էին բոլոր կուսակցություններին, եւ ընտրովի մոտեցում չեն ցուցաբերել: 

Ելույթով հանդես եկավ Վահան Հովհաննիսյանը: Նա նշեց, որ վերջին 5 տարիների ընթացքում խորհրդարանում ակտիվ համագործակցել են «Ժառանգության» հետ եւ կարեւորեց այդ համագործակցության շարունակականությունը նաեւ խորհրդարանից դուրս: Խոսելով գալիք ընտրություններից՝ Վահան Հովհաննիսյանն ասաց, թե երկրում պոռթկում չի լինի, եթե ընտրությունների ժամանակ հաղթեն իրենք (ընդդիմությունը), իսկ եթե ազատ ու արդար ընտրությունների միջոցով հաղթեն ներկայիս իշխանական ուժերը, ապա միմիայն կշնորհավորեն:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը հայտարարեց, որ իրենց կուսակցությունը համագործակցության «երկար ճանապարհ ունի» անցնելու «Ժառանգություն» կուսակցության հետ: 

Ելույթով հանդես եկան նաեւ «Ժառանգության» անդամներն ու պատգամավորները: Կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում կարեւորեց կուսակցությունների համագործակցությունը «ավելորդ եւ անպիտան դարպասներից դուրս» (հավանաբար նկատի ուներ Ազգային ժողովը - հեղ.): 

Րաֆֆի Հովհաննիսյանն առանձին-առանձին անդրադարձավ մի քանի ոլորտների, հարեւան պետությունների հետ ունեցած մեր խնդիրներին, նշեց բացթողումները եւ ներկայացրեց կուսակցության պատկերացումները նշված խնդիրների լուծման շուրջ: 

«Պետական պաշտոնյան պետք է զուսպ լինի: 5 տարի անխտիր, նախագահից մինչեւ պատգամավոր, դատավոր, դատախազ, գործադիրծադիր մարմնի անդամներ, միմիայն պետք է ծառայեն ժողովրդին: Դրանից հետո թող հարստանան, բիզնեսմեն դառնան, պետական համալսարանի ռեկտոր դառնան, իրենց գիտելիքներն օգտագործելով՝ ինչ ուզում են, թող անեն: Բայց ոչ երբեք օգտագործեն պետական հանգամանքը, քաղաքացուն ծառայելու իրենց շնորհը (օգտագործեն)՝ սեփական կուսակցության խնդիրները լուծելու համար»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը: 

Նրա ասելով՝ իշխանությունները պետք է զսպեն իրենց, եւ պարտադիր չէ, որ իշխանավորները պետական բյուջեի հաշվին «7 աստղանի» հյուրանոցներում ապրեն: Րաֆֆի Հովհաննիսյանը խոսեց նաեւ արտաքին պարտքի ահռելի չափերի ու կառավարության վարած կործանարար քաղաքականության մասին: Նրա ասելով` այսօրվա իշխանություններն ամեն ինչ անում են՝ ելնելով անձնական եւ կուսակցության շահից: 

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդը կոչ արեց նաեւ կրթական ոլորտը զերծ պահել քաղաքականությունից եւ վստահ է, որ գալիք իշխանությունները պետական հիմնարկներից ու հաստատություններից «ցած կիջեցնեն կուսակցությունների զինանշաններն ու ցուցատախտակները»: 

«Ինչ գործ ունի կուսակցության անունը դպրոցի, հիվանդանոցի, համալսարանի, մշակույթի տան պատերի վրա, որը պատկանում է ժողովրդին եւ պետությանը»,-ավելացրեց Ր. Հովհաննիսյանը: Ըստ նրան` նոր իշխանության նախագահը, վարչապետը, նախարարները չեն լինելու բուհերի ռեկտորներ, խորհրդի նախագահներ եւ չեն կուսակցականացնելու կրթական օջախները: 

Նշենք, որ այսօրվա համագումարում «Ժառանգությունը» չանդրադարձավ գալիք խորհրդարանական ընտրություններին իր համամասնական ցուցակին ու մեծամասնականով առաջադրվողներին: Համագումարը լիազորեց կուսակցության խորհրդին, որ մարտի 18-ին ընտրությունների հետ կապված որոշումներ ընդունի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter