
Իրանի փոխնախագահի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս
Իրանական «IRNA» գործակալությունը հայտնում է, որ կորոնավիրուս է հայտնաբերվել Իրանի կանանց ու ընտանիքի հարցերով փոխնախագահ Մասումե Էբթեկարի մոտ։ Վերջին տվյալներով՝ իրականացված թեստավորման արդյունքում պարզ է դարձել, որ փոխնախագահի մոտ առկա են COVID-19 տիպի նոր կորոնավիրուսի ախտանիշներ։ Գործակալությունը հայտնում է, որ Մասումե Էբթեկարը հոսպիտալացվել է, նրան տրամադրվում է անհրաժեշտ բուժօգնություն։
Էբթեկարը դարձել է Իրանի 245-րդ քաղաքացին, որի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Փետրվարի 27-իդ դրությամբ, երկրում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 26-ի։ Հինգշաբթի օրը պարզ էր դարձել, որ Թեհրանի մզկիթներում չեղարկվել են ուրբաթօրյա աղոթքները։ Նպատակը կորոնավիրուսի հնարավոր տարածման կանխարգելումն էր։
Ավելի վաղ հայտնել էինք, որ կորոնավիրուս է հայտնաբերվել նաև Իրանի առողջապահության փոխնախարար Իրաջ Հարիրչիի մոտ։ Փոխնախարարն իր տարածած հաղորդագրության մեջ նշել էր, որ երկուշաբթի օրվանից ունեցել է բարձր ջերմություն, իսկ երեքշաբթի կատարված ստուգումը հաստատել է կորոնավիրուսի վերաբերյալ ենթադրությունը։ Հարիրչին հույս էր հայտնել, որ շուտով հնարավոր կլինի հաղթահարել կորոնավիրուսը։ Վերջինս որոշել էր ինքնամեկուսացվել իր շրջապատից։
Լուսանկար՝ commons.wikimedia.org-ի
Մեկնաբանել