HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բախումներ թուրք-սիրիական սահմանագծին․ զոհվել է 33 թուրք զինծառայող

Առնվազն 33 թուրք զինծառայող է զոհվել Սիրիայի Իդլիբ նահանգում տեղի ունեցած ավիահարվածներից։ Այս մասին հայտնել է թուրքական Հաթայ նահանգի նահանգապետ Ռահմի Դողանը։ Վերջինիս փոխանցմամբ ավիահարվածները հասցրել են «սիրիական վարչակարգի» ռազմաօդային ուժերը, սակայն այս փաստերը հաստատող այլ տեղեկություններ չկան։ Սիրիայի իշխանությունները չեն մեկնաբանել իրավիճակը։

«BBC»-ն գրում է, որ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Ֆահրեթին Ալթունը հայտարարել է, որ ի պատասխան Իդլիբում տեղի ունեցած ավիահարվածների, թուրքական թե՛ օդուժը, և թե՛ ցամաքային ուժերը կրակ են բացել Սիրիայի բոլոր հայտնի նշանակետերի ուղղությամբ։

Թուրքական «Anadolu» գործակալությունը փոխանցում է, որ Սիրիայում թուրքական բանակի գործողությունները համակարգելու նպատակով՝ սահմանագիծ են մեկնել երկրի պաշտպանության նախարար Հյուլուսի Աքյարը և բարձրաստիճան գեներալներ։ Ավիահարվածների լուրը ստանալուց հետո Անկարայում Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավիրել է անվտանգության խորհրդի նիստ, որը տևել է շուրջ 6 ժամ։

Որոշ աղբյուրներ էլ նշում են, որ զոհերի թիվը կարող է էլ ավելի մեծ լինել։ Սիրիական ակտիվիստները նշում են, որ ավիահարվածների արդյունքում զոհվել է առնվազն 34 թուրք զինծառայող։ Վիրավորներին տեղափոխել են սիրիական սահմանագծի վրա գտնվող թուրքական երկու քաղաքների հիվանդանոցներ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մեղադրել է Թուրքիային Իդլիբիում իրավիճակը չսրելու համաձայնագրի խախտման մեջ։ Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավար Օլեգ Ժուրավլյովի խոսքերով՝ Անկարան «Սիրիայում շարունակում է աջակցել անօրինական զինված խմբավորումներին՝ կառավարական ուժերի ուղղությամբ արձակելով հրետանային կրակ և կիրառելով հետախուզահարձակողական անօդաչու ավիացիա»։

Ինչպես փոխանցում է «Ֆրանսպրեսը», Իդլիբում տեղի ունեցած հարձակումն արդեն իսկ քննադատել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, որը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ։

Բազմաթիվ վերլուծաբաններ նշում են, որ գիշերը տեղի ունեցածը բախում էր ոչ թե թուրք-սիրիական, այլ ռուս-թուրքական ուժերի միջև, սակայն Անկարան չի շտապում ուղիղ մեղադրել Ռուսաստանին։

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դասախոս Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր բլոգում գրել է․«Թուրքական պաշտոնական հռետորաբանությունը չի շտապում թիրախավորել ռուսներին։ Ակնհայտ է, որ որոշում է կայացվել դեռևս բացահայտ ուղիղ բախման չգնալ Ռուսաստանի հետ։ Պաշտոնական աղբյուրները նշում են, որ մեղավոր է «ստորաքարշ Ասադի ռեժիմը»։ Դատելով ռուսական ԶԼՄ-ներից՝ նույնն են անում նաև Մոսկվայում։ Մինչդեռ իրականում բոլորն էլ հասկանում են, որ կռվի դաշտում իրար են բախվել մի կողմում Թուրքիան, իսկ մյուս կողմում՝ Սիրիան, Ռուսաստանը և Իրանը»։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ռուսական ռազմաօդային ուժերն ավիահարվածներ են հասցրել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ մարտնչող գրոհայինների դիրքերի ուղղությամբ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ գրոհայիններին աջակցել է թուրքական հրետանին, և հրետակոծումն ավարտվել էր միայն այն ժամանակ, երբ ռուսական կողմը թուրքերից բացատրություններ էր պահանջել Սիրիայի տարածքի ռմբակոծման համար։ Թուրքիան էլ ԱՄՆ-ին խնդրել էր սիրիական սահմանի կողմն ուղղել «Patriot» տիպի ՀՕՊ համակարգի երկու մարտկոց, որպեսզի պաշտպանի իր զորքերը ռուսական ավիահարվածներից։

Լուսանկարը՝ Associated press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter