HY RU EN

Գրիշա Բալասանյան

«Ազատ դեմոկրատներն» ու «Ժառանգությունը» ընտրություններին կմասնակցեն դաշինքով

«Ազատ դեմոկրատներ» եւ «Ժառանգություն» կուսակցությունների միջեւ դաշինք է ձեւավորվելու: Այս մասին լրագրողներին ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Արարատ Զուրաբյանը:

«Մենք համոզված ենք, որ հեշտությամբ կհաղթահարենք դաշինքին անհրաժեշտ 7 տոկոսը եւ այստեղ խնդիր չենք տեսնում եւ դրանում շատ շուտով կհամոզվեք: Մեր գործունեությունն էլ շատ պարզ, թափանցիկ ու բաց է լինելու, եւ ամեն ինչ տեսանելի կլինի»,-ասաց Արարատ Զուրաբյանը: 

Ըստ նրան` դաշինքի տարբերակը միակ ու լավագույն ձեւն է, քանի որ եթե «Ազատ դեմոկրատները» ամեն հարցում ամբողջական ընդհանրություն ունենային «Ժառանգության» հետ, կմիավորվեին մեկ քաղաքական ուժի մեջ: 

Իսկ այլ կուսակցություններ կլինե՞ն դաշինքում, թե՞ ոչ, պարզ կլինի միայն առաջիկայում, երբ պաշտոնապես հայտարարվի այդ մասին: Արարատ Զուրաբյանի ասելով` այդ ժամանակ իրենց կուսակցությունից եւ «Ժառանգությունից» առանձին խմբեր այդ ամենի մասին կքննարկեն: Իսկ պաշտոնապես, հավանաբար, կհայտարարվի մարտի 11-ին` «Ազատ դեմոկրատների» համագումարի ժամանակ: 

Արարատ Զուրաբյանն ասաց, որ դեռ համամասնական ցուցակ չկա, բայց կլինի «շատ շուտով»: Նա նշեց, թե վերջին ընտրություններին, որին ինքը մասնակցել է, զբաղեցրել է ցուցակի վերջին տեղը եւ այս ընտրություններին էլ է պատրաստ զբաղեցնել վերջին տեղը:

«Մենք պայքարելու ենք հաղթելու համար՝ ի տարբերություն այլոց, որոնք փորձում են մտնել ինչ-որ մի տեղ: Մենք մտնելու ենք քաղաքական գործընթացների մեջ հաղթելու համար»,- հայտարարեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչը: 

Արարատ Զուրաբյանը նշեց, որ երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը մտնում էր քաղաքական գործընթացների մեջ, նույն թերհավատությունը կար. «Շատերը քմծիծաղ էին տալիս, ասում էին՝ ինչ հաջողություն, որեւէ բան չի լինի: Բայց տեսեք, որ ինչ որ բան եղավ»,-ասաց Արարատ Զուրաբյանը եւ հավելեց, որ նույն թերհավատությունը կա նաեւ «Ազատ դեմոկրատների» դեպքում, սակայն ամեն ինչ լավ է լինելու: