HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ատոմակայանի արդիականացման համար արդեն ծախսվել է ավելի քան 200 մլն դոլար

Հայկական ատոմային էլեկտրակայանի արդիականացման համար արդեն ծախսվել է ավելի քան 200 մլն դոլար: Թե որքան կկազմի ողջ ծախսը գործընթացն ավարտելու համար ռուսական կողմի ներկայացուցիչ Յուրի Սվիրիդենկոն, ով ղեկավարում է ՀԱԷԿ-ի շահագործումը երկարաձգելու նախագիծը, դեռ չի կարող պատասխանել:

Այսօր ոլորտի մասնագետների մասնակցությամբ քննարկվում էին Հայկական ատոմակայանի զարգացման հնարավորությունները:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ատոմային էներգետիկայի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Նունե Ալեքյանը, ի պատասխան հնչող հարցերին, թե Ատոմակայանի շահագործման դադարեցման Եվրամիության պահանջը արդյոք չի կատարվելու` ԵՄ երկրների հետ վիզային ռեժիմի բացման պայմանի դիմաց, Նունե Ալեքյանը պատասխանեց, որ ատոմակայանի փակման ԵՄ պահանջը չի կարող բավարարվել, քանի դեռ երկընտրանքային էներգիայի աղբյուր չկա Հայաստանում, և ատոմակայանի շահագործումն առայժմ չի դադարեցվելու: Իսկ նոր ատոմակայանի կառուցման համար բյուջեում գումարներ դեռևս չեն նախատեսվում:

ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենի խորհրդական Գերա Սևիկյանը նույնպես հաստատեց, որ քանի դեռ Հայաստանը չունի ատոմակայանին փոխարինող որևէ բան, ատոմակայանը չի կարող փակվել:

Ատոմակայանի արդիականացման աշխատանքային խմբի ուսումնասիրությունների արդյունքում եզրակացություն է կազմվել, որ ատոմակայանը կարող է շահագործվել մինչև 2026 թվականը: Հիմնական ենթակառուցվածքները փոփոխվել են 80 տոկոսով, ինչի արդյունքում էլեկտրաէներգիայի արտադրությունը կարող է 15 տոկոսով բարձրանալ:

Արդյոք Ռուսաստանը, որպես ՀՀ ռազմավարական և ԵԱՏՄ գործընկեր, կարո՞ղ է ֆինանսավորել նոր ատոմակայանի կառուցումը Հայաստանում կամ հնի ամբողջական արդիականացումը: Հնչեցված այս հարցին ՌԴ ներկայացուցիչը խուսափեց պատասխանել. «Ես «Ռոսատոմի» ներկայացուցիչն եմ, ոչ թե Կրեմլի»,- ասաց Յուրի Սվիրիդենկոն:

Էներգետիկայի հայկական գործակալության ատոմային էներգետիկայի ծրագրերի ղեկավար Արտյոմ Պետրոսյանն իր ելույթում նշեց, որ ատոմակայանն անցյալ տարի 27 տոկոս էներգիա է արտադրել` իր 13 տոկոս արտադրողունակության պարագայում:

Լրագրողներին և էկոլոգ Կարինե Դանիելյանին հետաքրքրում էին ատոմակայանի շահագործման հետ կապված բնապահպանական ոլորտին վերաբերող հարցեր: Արտյոմ Պետրոսյանը, պատասխանելով Կարինե Դանիելյանի հարցին, թե որքանով են գնահատված բնապահպանական ռիսկերը ՀԱԷԿ-ի հետագա շահագործման պարագայում, ասաց, որ չի կարող նշել բնապահպանական ռիսկերը, քանր որ դրանք կապված են ռադիոակտիվ թափոնների ռազմավարության և կառավարման հետ: Այդ հարցեը դեռևս Ֆինլանդիան է լուծել, իսկ Ֆրանսիան լուծման ճանապարհին է:

Նունե Ալեքյանն ավելացրեց, որ ռադիոակտիվ թափոնների ռազմավարության հետ կապված փորձում են ռադիոակտիվ թափոնների կառավարման հիմնարկին վերապահել լիազորություններ, որով նա կարողանա անվտանգ կառավարմամբ սահմանված գործառույթներն իրականացնել:

Հնչեցված մյուս բնապահապանական, այդ թվում` Սևջուր գետի ցամաքելու, ատոմակայանի հովացման համակարգի համար այլընտրանքային աղբյուրներ ստեղծելու, ինչպես նաև ատոմակայանի 5-10 կմ շառավղով հեռավորության, բնակչության անվտանգությանը վերաբերող հարցերն անպատասխան մնացին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter