HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

«Վերևից հրաման կա՝ չթեստավորել առանց ախտանշան»․ ինչպե՞ս կորոնավիրուսի թեստ հանձնել, եթե ջերմություն ունեք

Էմման աշխատում է Չինաստանում։ Փետրվարի 25-ին երկու ընկերների հետ Պեկինից վերադարձել է Հայաստան։ Նա պատմում է, որ եկել են Մոսկվայով, որտեղ հսկողությունն իրենց նկատմամբ բավականին խիստ է եղել՝ սկսած ջերմություն չափելուց մինչև անձնական տվյալներ հարցնելը։ Նրանցից մեկը հազում էր։ Հայաստանում արդեն նրա մոտ տաքություն են գրանցել և հայտնել, որ պետք է հոսպիտալացնեն Նոր Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց։

Էմման առաջարկել է, որ ինքը և մյուս ընկերը ևս գան, քանի որ այս ողջ ընթացքում միասին են եղել, ինչին ի պատասխան մերժում են ստացել, քանի որ հիվանդության որևէ ախտանիշ նրանք չեն ունեցել, և միայն այն փաստը, որ ինքը նոր է եկել Չինաստանից կամ որ իր հետ եղած մարդուն հոսպիտալացնում են, դրանք դեռ հիմքեր չեն Էմմային էլ հոսպիտալացնելու համար։

«Ընկերներ ունեմ, ովքեր ասում են, որ իրենց էլ չեն ցանկացել Հայաստանում թեստավորել։ Ինձ մոտ խնդիրն այն էր, որ ես ոչ մի ախտանշան չունեի, ինֆեկցիոն տանելու ոչ մի «առիթ», այսպես ասած, իրենք չունեին, բայց քանի որ ես չէի կարող կարանտին պահեի, պետք է գնայի Ալավերդի կամ Երևանում պիտի գայի բարեկամներիս տուն, որտեղ էլի լիքը մարդ կա, փոքր երեխաներ, ես ուզում էի թեստ հանձնել, նոր գնալ»,- պատմում է Էմման։

Ի վերջո, երկար «համոզելուց» հետո, իրենք ևս գնում են հիվանդանոց, որտեղ արդեն, Էմմայի մյուս ընկերոջ մոտ էլ է տաքություն գրանցվում, և որոշում են նրանց մոտ կորոնավիրուսի առկայության թեստ անել։ Էմմային դարձյալ մերժում են։

«Նույնիսկ այն դեպքում, որ իմ հետ եկած մարդուն, ում հետ ես ապրում եմ Չինաստանում, մենք միասին ենք եղել ողջ ընթացքում, իրար հետ ենք եկել, իրեն թեստավորում են, ինձ՝ չէ,-պատմում է Էմման։- Եթե հանկարծ ինքն իրոք վիրուսակիր է, ես իր հետ եմ եղել էս շրջանում, ուրեմն, բնականաբար, ինձ էլ պիտի ստուգեք։ Ասում են՝ չէ, իրեն կթեստավորենք, եթե իր մոտ ինչ-որ բան նկատվի, նոր՝ քեզ էլ։ Բայց արդյունքում ինձ էլ թեստավորեցին»։

 « 2019-nCoV-ը կորոնավիրուսի նոր տեսակ է, որն ախտահարում է թոքերը՝ նպաստելով թոքաբորբի առաջացմանը։ Կորոնավիրուսը նախկինում հայտնի վիրուս է, բայց մինչ այժմ դրա միայն 6 տեսակն է հայտնի եղել ու վարակել մարդուն։ Սկզբում նշվում էր, որ վարակի առաջնային աղբյուրը հիվանդ կենդանիներն են, բայց  հետագայում այն սկսվեց փոխանցվել նաև մարդուց մարդուն։

Վարակման ախտանիշները նման են գրիպի ախտանիշներին՝ ջերմություն, հազ, շնչառական խնդիրներ, դժվարություններ և թուլություն։

Թեստի արդյունքները բոլոր 3-ի համար եղել են բացասական։ Էմման ասում է, որ բժիշկներին հստակ ախտանիշներ են պետք, որ կորոնավիրուսի թեստ անեն, իր համառության շնորհիվ է, որ կարողացել է ստուգվել․

«Ասում է՝ մենք վերևից հրաման ունենք, մենք չենք որոշում՝ քեզ թեստավորենք, թե չէ, մեզ ասված է, որ թեստավորում ենք միայն նրանց, ովքեր ունեն որևէ ախտանիշ՝ կոկորդի կարմրածություն, հազ, ջերմություն կամ այլ ախտանիշ, որը բնորոշ է կորոնավիրուսին»,- նշում է Էմման։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ կորոնավիրուսի գաղտնի շրջանը կարող է տևել մինչև 24 օր։ Այդ ընթացքում վարակակիրը կարող է տարածել հիվանդությունը՝ չկասկածելով վարակի մասին։

Այսպիսով, Հայաստանում, եթե նույնիսկ դուք գալիս եք Չինաստանից՝ կորոնավիրուսի տարածման էպիկենտրոնից, և մարդիկ, որոնց հետ դուք ուղևորվում եք կամ ապրել եք, հազում են, ունեն ջերմություն, ձեզ չեն թեստավորի, մինչև չունենաք կորոնավիրուսի որևէ այլ ակնհայտ ախտանիշ, և «վերևից ցուցում լինի» թեստավորելու։

Դեռևս օրեր առաջ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում հաստատել էր, որ «ստուգում իրականացվում է միայն բժշկական ցուցումների դեպքում» և միայն Նոր Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում։

Երեկ՝ Կառավարության նիստի ժամանակ, նախարարը հայտարարեց, որ մինչ օրս Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի 95 հետազոտություն, կա 850 թեստ, ևս 3000-ը առաջիկայում ստանալու են։

Կորոնավիրուսի թեստ անցնելը Հայաստանում անվճար է, սակայն պետք է լինեն հստակ ախտանիշներ և ցուցումներ․ բժիշկը պետք է կասկածներ ունենա, և անձը պետք է վերադարձած լինի այնպիսի երկրից, որտեղ կորոնավիրուսի դեպքեր են գրանցվել։

 Հայաստանում և Ռուսաստանում թեստավորում են միայն բժշկի ցուցումով, առաց դրա թեստավորումը համարվում է ոչ նպատակահարմար։

Այսպիսով, եթե՝

  • դուք վերջերս եղել եք մի երկրում, որտեղ կորոնավիրուս է տարածված,
  • գալուց հետո 14 օրվա ընթացքում գրիպի ախտանիշներ եք ունեցել՝ բարձր ջերմություն, չոր հազ և այլն,

ապա միայն վերը նշված հանգամանքների առկայության դեպքում՝

  • դիմեք բժշկի՝ հայտնելով ձեր գանգատների մասին։ Բժիշկը կզննի ձեզ, եթե ախտանիշները հաստատվեն, կուղղորդի կորոնավիրուսի թեստ հանձնելու (քսուք քթից և կոկորդից) կամ հոսպիտալացնելու որոշում կկայացնի (Հայաստանում՝ միայն Նոր Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց)։

Թեստի պատասխանները հայտնի են դառնում 2-4 ժամում։

Կորոնավիրուսի թետսավորում
Infogram

Եթե նշված ախտանիշներից որևէ մեկը չունեք կամ ունեք, բայց բժիշկը զննելուց հետո նպատակահարմար չի գտել ձեզ թեստավորել, ապա ոչ մի այլ տարբերակով, նույնիսկ՝ վճարովի, Հայաստանում չեք կարող կորոնավիրուսի թեստ հանձնել, քանի որ դրանք ունի միայն Առողջապահության նախարարությունը։

Այս պահի դրությամբ՝ կորոնավիրուսից ամբողջ աշխարհում մահացել է 2859 մարդ, որից 2791-ը՝ Չինաստանում, վարակակիր է 83729-ը, բուժվել է՝ 36649-ը։ Կորոնավիրուսը մինչ օրս տարածվել է 50-ից ավելի երկրներում, բոլոր դեպքերը եղել են բերովի։ Չինաստանից հետո ամենաշատ դեպքերն արձանագրվել են Կորեայում ՝ 2302, Ճապոնիայում՝ 200 և Իրանում 195 հոգի։

Կորոնավիրուսից մահացության ամենաբարձր տոկոսը, վարակվածների թվի համեմատ, Իրանում է՝ 13 %. 195 վարակվածներից 26-ը մահացել են։ Համեմատության համար՝ Չինաստանում մահացության տոկոսը 3,5 % է։ Իրանն աշխարհում 4-րդ երկիրն է կորոնավիրուսի տարածման դեպքերի թվով։ Մեր տարածաշրջանում, բացի Իրանից, կորոնավիրուսի 2 դեպք է գրանցվել Վրաստանում և 1-ը՝ Ադրբեջանում։

Օրերս Իրանից Հայաստան է ժամանել 52 հոգի, որոնց օդանավակայանում զննել են և ջերմություն չափել։ Որոշ մարդիկ իրենց մտահոգությունն են հայտնում, որ նման կերպ է իրականացվում վերահսկողությունը, սակայն նախարար Արսեն Թորոսյանը հավաստիացնում է, որ դա «արդյունավետ միջոցառում է»:

«Ես կարող եմ ասել, որ համաճարակաբանական և հիվանդության կանխարգելման տեսանկյունից այլ ավելի էֆեկտիվ միջոցառումներ պարզապես չկան: Այսինքն՝ այն ջերմաչափումը և զննումը, որ մենք կատարում ենք սահմանային անցակետերում, այն առավելագույնն է, որ հնարավոր է կատարել նման հիվանդություններով վարակվածության դեպքում: Եվ հետևաբար, այս պահի դրությամբ ահագնացող դեպք չենք ունեցել»,- երեկ Կառավարության նիստի ժամանակ ասել է Ա․ Թորոսյանը՝ խորհուրդ տալով պահպանել հիգիենայի «տարրական կանոնները», քանի որ «կորոնավիրուսը սովորական, նոր շնչառական վարակ է»,- ասել է նախարարը։

«Մենք միշտ խորհուրդ ենք տալիս սեզոնին՝ խուսափել հազացող, փռշտացող, հիվանդ մարդկանց հետ շփումից, պահպանել անձնական հիգիենայի կանոնները, հատկապես ձեռքերի լվացման տեսանկյունից, դրանք ամենաէֆեկտիվ միջոցներն են կանխարգելման, և ես կրկին կոչ եմ անում հետևել դրանց, հատկապես հաշվի առնելով այս նոր տեսակի վիրուսի շրջանառությունն ամբողջ աշխարհում: Այսինքն՝ ձեռքերը հաճախ լվանալ, եթե հնարավոր է անտիսեպտիկ նյութերով»,- հայտնել է Ա․ Թորոսյանը։

Վերջին մի քանի օրում Հայաստանի սահմանը հատել է 69 բեռնատար, որոնց ուղեկցել են ոստիկանության և համաճարակային խմբեր։

«Այսինքն՝ պրակտիկորեն եթե չասեմ ամեն ինչ, հնարավոր ամեն ինչ արվում է, որ վարակի ներթափանցումը Հայաստան կանխվի, չնայած նորից եմ կրկնում, այն համարվելով ռեսպերատոր հիվանդություն, շատ քիչ է տարբերվում, օրինակ, սեզոնային գրիպի H1N1 շտամից, որն ազատ շրջանառվում է ամբողջ աշխարհում»,- եզրափակել է նախարարը։

Գլխավոր լուսանկարը՝ Associated Press-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter