HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էսքիզներ դիմանկարի համար. Այդին Մորիկյան

Վստահ եմ, տեսարանների, մարդկանց իմ  հիշողություններով տարված ճանապարհների խաչմերուկին շատերը կհանդիպեն, իրենց մտերիմներին, որոնք նույնպես վերջին երեսուն և ավելի տարիներին հետք են թողել մեր մշակութային կյանքում՝ մեր գիտակցության մեջ ձևավորելով իրենց կերպարը։ Գուցե նրանցից շատ արժանավորների ես չեմ ճանաչել, բայց արժանի են «գրոյ յիշատակի»։ Անծանոթ լինելով նրանց, վստահ եմ, որ Երևանի կերպարով են նաև ՆՐԱՆՔ մարմնավորվում․ ուրեմն «հիշել և վերապրեցնել» սկզբունքը պարտադիր է յուրաքանչյուրիս համար, մեծապես զգացական, ճանաչողական լիցքեր հաղորդելով մեզ և գալոց․․․

Այդին Մորիկյանը այդ լիցքերը գիտակցորեն էր հաղորդում, անմիջական էր, ինքնաբուխ, իր քչախոսությունը իմ պատկերացմամբ որոշակի դրամատիկ բնույթ ուներ, զարմանք ապրելու պահերն էլ զգացական էր՝ իր համար  սովորույթի պես բան էր՝ լռելով ուսումնասիրել դիմացինին, բայց չէր արտահայտվում, որովհետև լռությամբ էր մարդուն ճանաչում։ Ակադեմիկոսի որդի լինելը չէր խանգարում և «անշշուկ էր տանում», բնավ չէր բարձրաձայնում։ Իր՝ այլախոհ խմբագրի էությամբ լրագրողներին և իր ուսանողներին անչափ սիրելի էր, այնքանով, որքանով նրանք կարողանում էին վայելել իրենց լրագրության տառին ու ոգուն ճանաչելի դարձնող դասախոսի համբերությունը և բարեմտությունը։  Այսպիսին էր Այդին Մորիկյանը, երբ առաջին անգամ հանդիպեցի «Ավանգարդ» թերթի խմբագրության իր աշխատասենյակում։ Այսպիսին էր, երբ տարիներ անց, գրեթե ամեն շաբաթ հանդիպում էինք «Օրրան» օրաթերթի և «Հայացք Երևանից» հանդեսի խմբագրություններում, մինչ այդ «Հայաստանի Հանրապետություն» ՀՀ Գերագույն խորհրդի պաշտոնաթերթի խմբագրությունում։ Իր հիշողության թևառնումները շարունակական էին․ « Վերջը «Ավանգարդ»ում տպվե՞ց, թե չտպվեց թարգմանություններդ»։ Ոչ ես էի հիշում, ոչ ինքը․ իրողությունը հետևյալն էր․ իբրև թերթի խմբագրի տեղակալ, ինձ առաջարկել էր թարգմանել ռուս «քաղաքային» երգի՝ ԲԱՐԴԻ երգիչ-բանաստեղծների ստեղծագործություններից․ Բուլատ Օկուջավայից սկսյալ մինչև Ալեքսանդր Ռոզենբաում։ Թարգմանել-ներկայացնել էի, այլ ճար չունեի։ Այդինն էր պատվիրողը։ Բայց ինքն իր «պատվերի» տերը լինել չէր կարող այդ տարիներին․ 80-ական թվականներն էին, այսպես կոչված Վերակառուցման շունչը դեռ անշնչելի էր։ Գոնե ինձ մեկ-երկու անգամ սրճարանից «քարշ էին տվել» մոտակա «միլիցատուն» պարզ հարցումով․ «աշխատանքի ժամին ի՞նչ ես անում սրճարանում»․ անդրոպովյան սովորական ժամանակներն էին։ Մենք դեռ չէինք զգացել անկախ երկիր ունենալու մոտալուտ ուրախությունը։

Այդինն այնպիսին էր, ինչպիսին, ինչպիսին  միշտ եղել էր, ոչ մի փոփոխություն, մինչև այն պահը, որ ի զարմանս շատերի, հրաժարվեց Տեղեկատվության և գրահրատարակչության փոխնախարարի պաշտոնից, այդ պաշտոնավարումը տևել էր ընդամենը մի քանի ամիս։ Իրենից հետո նախարարությունը լուծարվեց։ Իր համար խմբագրական, ստեղծագործական աշխատանքն էր գերադասելի, նաև ուսուցանելը։ Ուսանողների համար գրած դասագիրքը, Մեծ եղեռնին նվիրված կինոսցենարը, որ յուրահատկորեն էր տարբերվում մեր պատկերացրած ավանդական լալկան ընկալումներից․․․ Զահրատի բանաստեղծություների «հատընտիր»ն էր պատրաստում տպագրության, ցանկացավ հանդիպել, ինչ-ինչ հարցեր տվեց, ճշտեց․ մինչ այդ «Հայաստանի Հանրապետություն» ում տպագրել էր իմ զահրատյան դիմանկարը՝ «Սահմանազանց աղավնին», «Զահրատի պոեզիան Նոյան տապանի աղավնուն ես նմանեցրել» ասաց, հավանել էր ։ Իսկ «Օրրան» օրաթերթում աշխատելու տարիներին, երբ այցելում էի իրեն և Սասունիկ Թորոսյանին, միանգամից «սպառնում էր»․ «Թե նյութ չես բերել, գնա գործերիդ»։

Այդին Մորիկյանին այսօր շարունակ հիշում են՝ իր կերպարը շնչավորված է «Ego eimi» գրքում, որից Անահիտ Ադամյանի հրատարակմամբ հատվածներ են տպագրվում «Իրատես» թերթում․ « Ես շատ ուշ նկատեցի, որ մատանիս կորցրել եմ։ Կորցրել եմ նաև կտակս։ Վերադառնալ չարժեր։ Ես գիտեի, որ իմ խրճիթում այլևս ոչինչ չկա ու ջուրը ծփում է այնտեղ, ուր ես ինձ էի որոնում ու գուցե նաև երգում էի։ Ու հիմա իմ կտակը ես գրում եմ ավազի վրա՝ վստահ եմ, որ այն կկարդան նրանք, ում դիմում եմ»։

Մնում է հիշել՝ չափազանց հիշելին ու սրտահույզ պահը Այդին Մորիկյանի կյանքի վերջին օրերից․ հիվանդանոցում, մահվանից գրեթե ժամեր առաջ՝ բժիշկը հարցնում է․ «Ինչի՞ց եք դժգոհում»։ Աննկատ,  կյանքի զառիվայրի վրա հայտնված Այդինի պատասխանը շատ պարզ է հնչում․ «Իշխանություններից»։ Նա այսպես, միշտ բնույթով, նկարագրով անիշխանական էր և երբեք չէր շեղվում ու չշեղվեց իր ստեղծագործ կյանքի ընթացքից։

Այդին Մորիկյանի ապրած ազնվախոհ կյանքը ուսանելի կտակ է նրանց համար, ովքեր գիտեն պայքարել ազատամտության առաջնագծերում, և չնահանջել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter