HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կորոնավիրուսի պատճառով ռուսական շուկայում կտրուկ անկում է

«РБК»-ն հայտնում է, որ ռուսական ակցիաների և ռուբլու անկումն արագացել է՝ կորոնավիրուսի ֆոնին ներդրողների ունեցած խուճապի պատճառով։ 

Ռուսական ակցիաների գնանշումները և ռուբլու կուրսն ուրբաթ առավոտյան շարունակել են սրընթաց անկում ապրել։ Ուրբաթ օրը ժամը 13։00-ի դրությամբ Մոսկվայի ֆոնդային բորսայի ինդեքսը, նախորդ սակարկությունների փակման ժամանակ, ընկել էր 5,07 %-ով, մինչև 2768 կետ, իսկ դոլարով հաշվարկվող РТС ինդեքսը՝ 6,91 %-ով, մինչև 1290 կետ։ Ավելի ուշ ակցիաների գնանշումները կայունացել են ձեռքբերված մակարդակներում։ Շաբաթվա սկզբից ինդեքսներն ընկել են, համապատասխանաբար, 10,9 և 15,3 %-ներով։ «ITI Capital» ընկերության վերլուծաբանները փետրվար ամսին ռուսական ֆոնդային շուկայի անկումն անվանել են ամենամասշտաբայինը՝ պատմության մեջ փետրվա ամսվա ընթացքում։

Ռուբլին նույնպես շարունակում է կորցնել իր դիրքերը։ Ուրբաթ առավոտյան դոլարի փոխարժեքը գերազանցել է 67 ռուբլին, իսկ կեսօրին այն հասել է 67,5 ռուբլու։ Գրեթե նույն բարձրացումը եվրոյի պարագայում է։ Առավոտյան եվրոյի փոխարժեքը գերազանցել էր 74 ռուբլին, իսկ արդեն կեսօրին՝ 74,5 ռուբլին։ Մեկ շաբաթվա ընթացքում դոլարը թանկացել է 3,4 ռուբլով, իսկ եվրոն՝ 5 ռուբլով։ Նախորդ ուրբաթ, սակարկությունների փակման ժամանակ, դոլարի փոխարժեքը կազմել է 64,1 ռուբլի, իսկ եվրոյի փոխարժեքը՝ 69,5 ռուբլի։

Ռուսական շուկաների և տարադրամի անկմանը զուգահեռ անկում է գրանցվում նաև ամերիկյան շուկաներում։ Փետրվարի 27-ին S&P և DoW Jones ինդեքսները ընկել են 4,42 %-ով, իսկ NASDAQ Composite-ը՝ 4,61 %-ով։ Տենդենցը շարունակվել է նաև փետրվարի 28-ին։ Սակարկությունների բացումից հետո ավելի քան 3 %-ով ընկել է S&P 500 և Dow Jones ինդեքսները, 2 %-ով էլ՝ NASDAQ-ը։ Ամերիկյան շուկայում վաճառքի արագությունը ռեկորդային է։ Այդուհանդերձ, քանի դեռ անկումը չի գերազանցել 20 %-ը, շուկան շարունակում է մնալ «ցլային»։

«БКС Премьер» ընկերության ֆինանսական վերլուծաբան Սերգեյ Դեյնեկան նշում է, որ Ռուսաստանում շուկան ավելի արագ է անկում ապրում, քան արևմտյան երկրներում։ Ներդրողները խուսափում են ռիսկային ակտիվներից, որոնց թվին դասվում են ռուսական ակտիվները, նավթի գներն ընկնում են, իրավիճակի վրա ազդում է նաև սիրիական Իդլիբում տեղի ունեցող գործողությունները, որոնք կարող են խորը ճեղքվածք առաջացնել Մոսկվայի և Անկարայի միջև, ինչպես նաև ակտիվացնել Արևմուտքի պատժամիջոցների հռետորաբանությունը։

Խուճապն ազդում է նաև նավթի գների անկման վրա։ Եթե մեկ շաբաթ առաջ՝ փետրվարի 21-ին, մեկ բարել Brent-ն արժեր 58,5 ԱՄՆ դոլար, ապա փետրվարի 28-ին՝ վաճառվում էր 49,8-50 ԱՄՆ դոլարի շրջանակներում։ Այն ազդում է նաև ռուսական պահուստների վրա, որոնք համալրվում են 42,4 դոլարից բարձր արժեցող նավթից ստացված գերշահույթի հաշվին։

Այդուհանդերձ վերլուծաբանները շարունակում են կանխատեսումներ կատարել։ «ITI Capital»-ի վերլուծաբանները նշում են, որ ռուսական շուկային մասամբ կարող է օգնել նավթի գնի վերականգնումը, եթե մարտի 5-6-ը Նավթ արդյունահանող երկրների կազմակերպությունը պայմանավորվի արդյունահանման հետագա կրճատման վերաբերյալ։ Սակայն հիմնական «սպիտակ կարապը» կորոնավիրուսի պատվաստանյութն է։ Մինչ այդ շուկաները կշարունակեն անկում ապրել։ Ամբողջ աշխարհում մարտին ու ապրիլին կհրապարակվեն առաջին եռամսյակի տնտեսական տվյալները և զեկույցները։ Ալֆա բանկի վերլուծաբաններն էլ կարծում են, որ զարգացող շուկաներից, ինչպիսին ռուսականն է, կարող է սկսվել կապիտալի արտահոսք։

Արտասահմանյան ներդրողների խուճապը կշարունակվի կարճ ժամանակ, սակայն շուկաները կմնան ճնշման տակ, ընդհուպ մինչև ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի նիստը, որը տեղի է ունենալու մարտի 18-ին։ Այդ ժամանակ Դաշնային պահուստային համակարգը կնվազեցնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Այս պահին ԱՄՆ գանձապետական պարտատոմսերի եկամտաբերությունը վերջին տաս տարիների մինիմումի վրա է։

1 ԱՄՆ դոլարի համար ռուսական ռուբլու փոխարժեքը կարող է ընկնել մինչև 68-69 ռուբլի։ Ալֆա բանկի մակրոտնտեսական վերլուծության կենտրոնի ղեկավար Նատալիա Օռլովան կարծում է, որ ռուբլու հետագա տեղաշարժի վրա էականորեն կազդի ապրանքային շուկայում առկա իրավիճակը։

Լուսանկարը Regnum գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter