
Փորձագետ. «Այն, ինչ մենք առաջարկում ենք, եվրոպական զարգացած, առաջատար երկրների հաջողված փորձն է»
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի փորձագետ Կարեն Տերտերյանը, անդրադառնալով Գյումրու երիտասարդական քաղաքականության հայեցակարգի, ռազմավարության եւ գործողությունների ծրագրի մշակման աշխատանքներին, նշում է, որ այդ ուղղությամբ ոլորտի մասնագետները ուսումնասիրություններ են իրականացրել դեռեւս 2013թ.-ին: Անդրադառնալով «Հետք»-ում փետրվարի 1-ին հրապարակված հոդվածին, որտեղ ներկայացված են երիտասարդական քաղաքականության մշակման 2015-16թթ. եւ 2019-20թթ.-ի աշխատանքները` փորձագետը նշված նախընտրական տարիները (2015թ. եւ 2020թ.) համարում է զուգադիպություն:
«2015թ.-ին հրապարակվեց Գյումրու երիտասարդության մասին իրազեկում-վերլուծություն, դրա հիման վրա 2016թ.-ին մշակվեց հայեցակարգ, ռազմավարություն եւ գործողությունների ծրագիր: Տարին ընտրական էր, ու մենք որոշեցինք առիթը օգտագործելով` մինչեւ ընտրությունները, քաղաքական պայքարին մասնակցող կուսակցությունների եւ թեկնածուների հետ քննարկել՝ հասկանալու համար իրենց տեսակետն ու ստացանք դրական արձագանքներ,- պարզաբանում է Կարեն Տերտերյանը,- 2016թ-ին մենք հայեցակարգը հանձնեցինք քաղաքապետարանին, որպեսզի իրենք դնեն գործողության մեջ, սակայն իրենց կողմից ակտիվ քայլեր չեղան եւ փաստաթուղթը, կարելի է ասել, մնաց դարակում դրված»:
Կարեն Տերտերյանը հաստատում է, որ 2016թ.-ին Գյումրու երիտասարդական քաղաքականության հայեցակարգը, ռազմավարությունը եւ գործողությունների ծրագիրը մշակել է «Կոմպասս» ՀԿ-ն՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ ֆոկուս խմբերի լայն մասնակցությամբ: Իսկ թե ինչու փաստաթուղթն այդպես էլ շրջանառության մեջ չի դրվել, փորձագետն համարում է, որ այդ հարցում կա նաեւ իրենց մեղքը՝ թերեւս հետեւողական չեն եղել:
«2017թ-ին մեր կողմից շատ հետեւողականություն չի ցուցաբերվել, գուցե նաեւ էն պատճառով, որ համայնքապետարանը դեռեւս լավ չէր յուրացրել թեման, համենայն դեպս այդ տարի անդրադարձ չեղավ փաստաթղթին: 2018թ-ը հեղափոխական էր, բոլորին այլ հարցեր էին հուզում, եւ վերջապես 2019թ-ին, երբ քաղաքապետարանում նշանակվեց մշակույթի բաժնի նոր պետ, վերջինիս նախաձեռնությամբ եղավ հանդիպում ՀԿ-ների ղեկավարների հետ ու ոլորտին վերաբերող խնդիրների քննարկում, այդ ժամանակ էլ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն բարձրացրեց` փաստաթուղթը դարակներից հանելու հարցը»,- նկատում է զրուցակիցս:
Փորձագետը պնդում է, որ շրջանառված փաստաթուղթը նոր չէ եւ հնչած դժգոհությունները, թե շատերն անտեղյակ են, թերեւս խնդիրը պետք է այլ տեղ փնտրել: Հնարավոր է, որ անցած 4 տարիների ընթացքում երիտասարդական ոլորտում հայտնված ֆորմալ եւ ոչ ֆորմալ կառույցները տեղեկացված չլինեն, սակայն նրանք, որոնք 2016թ.-ին մասնակցություն են ունեցել փաստաթղթի աշխատանքներին՝ տեղեկացված են: Մյուսների համար, եղած բացը լրացնելու նպատակով կատարել են իրազեկում եւ հանրային բաց լսում՝ նոր առաջարկների ակնկալիքով: Երկու հանրային լսում է եղել՝ 2019թ.-ի նոյեմբերի 26-ին եւ 2020թ.-ի հունվարի 30-ին: Երկրորդ հանրային լսումից հետո, իրենց տեղեկություններով, քաղաքապետարանը շահագրգիռ կառույցներից ստացել է 60 առաջարկ:
«Ի՞նչ է տալու այս փաստաթուղթը ոլորտին: Ես կասեի, որ այն կազմակերպություններին, որոնք ինստիտուցիոնալ արդեն կայացած են, առանձնապես ոչինչ չի տալիս: Դա վերաբերում է նաեւ ԵՆԿ-ին: Փաստաթղթի լինել-չլինելը ոչ ավելացնում, ոչ էլ պակասեցնում է մեր գործունեության շրջանակը: Բայց եթե ինքը լինի՝ հստակ կհասկանաք, թե համայնքն առաջիկա տարիների համար ինչ տեսլական ունի ոլորտի հետ կապված, ինչ փոփոխություններ է ուզում անել եւ ըստ այդմ, որպես քաղհասարակության ներկայացուցիչ հասկանանք, թե համայնքին ինչով կարող ենք օգնել, հասկանանք, թե մեր ներուժը ինչպես կարող ենք օգտագործել,- նկատում է փորձագետը,- հայեցակարգը հնարավորություն կտա հասկանալու, թե համայնքն ինչ է անում 15-20 հազար երիտասարդի համար, որպեսզի այդ ամենը հասցեական հասնի նրանց: Էս պահին քաղաքապետարանի ունեցած միջոցառումները չեն հասնում նշածս երիտասարդներին, չի հասնում նաեւ ՀԿ-ների ծածկույթը»:
Երիտասարդական քաղաքականության հայեցակարգը փորձագետն համարում է խաղի կանոններ թելադրող փաստաթուղթ: Այդ փաստաթղթով սահմանվում են հստակ պայմաններ, թե քաղաքապետարանն ինչ իրավունքներ ու լիազորություններ ունի երիտասարդական ոլորտում, հասարակական կազմակեպությունները դրանց ինչպես կարող են մասնակցել, երիտասարդներն այդ ամենից ինչպես կարող են օգտվել: Հնարավորություն է տալիս միջազգային դոնորներին ներդրումներն առավել բովանդակային եւ ֆինանսական առումով՝ ավելի ծախսարդյունավետ իրականացնել:
«Մենք չունենք երիտասարդության մասին օրենք, որով կահամակարգվեր ոլորտը, չունենք ազգային պետական երիտասարդական քաղաքականություն, ստացվում է, որ էստեղ կարեւոր դերակատարություն ունեն տեղական երիտասարդական քաղաքականությունները: Այն, ինչ մենք ենք այս պահին առաջարկում ենք, դա եվրոպական զարգացած, առաջատար երկրների հաջողված փորձն է: Վերցնենք նույն Երիտասարդական պալատի մոդելը. սա նույնպես եվրոպական փորձ է: Պալատի ներկայիս տնօրեն Լիլիթ Մակարյանը, որ 5 տարի առաջ քաղաքապետի մամուլի քարտուղարն էր, մեր ծրագրով եղավ Վիլնյուսում, Վիեննայում, տեսավ այնտեղի փորձը: Վերադարձից հետո ինքն է բարձրաձայնել այդ մասին, եւ հիմա կա պալատ, որ 3 տարեկան է: Մեր կողմից 2018թ.-ին հիմնված «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնը նույնպես եվրոպական փորձի արդյունք է»:
Ինչ վերաբերում է քաղաքապետին կից երիտասարդական խորհրդի ստեղծմանը, ապա, ըստ Կարեն Տերտերյանի, դա գործիքակազմ է քաղաքապետարանի բոլոր բաժինների հետ աշխատելու համար: Սակայն այս պահին, դեռ հստակ չէ, թե խորհրդի կազմում որքան մարդ է ընդգրկվելու, որ ոլորտներից են լինելու: Պետք է ձեւավորվի այնպիսի խորհուրդ, որտեղ գործողությունները չլինեն անձնավորված:
«Դա մեծ հանրային քննարկման արդյունքում պիտի ձեւավորվի: Խորհուրդը մեկ կառույցի պատկերացրած ձեւով չպետք է լինի, պետք է հաշվի առնել բոլոր կողմերի դիտարկումները: Փաստաթուղթն այս պահին չի կարող բոլոր հարցերին պատասխան տալ, բացի խորհրդից այնտեղ էլի հարցեր կան, օրինակ, ֆինանսական աջակցության սիստեմը՝ սա եւս պետք է մշակվի,- ասում է Կարեն Տերտերյանը,- հայեցակարգն ընդամենը սահմանում է, որ այս ու այն բաները պիտի լինեն ասենք մեկ ամսվա, մեկ տարվա կամ երկու տարվա ընթացքում: Պատկերացրեք, որ Սահմանադրության նման մի բան է, որի հիման վրա կմշակվեն ենթակտեր, օրենքներ: Մեր առաջարկած հայեցակարգն էն ուղենիշային փաստաթուղթն է, որը հնարավորություն է տալիս պատրաստել նոր կանոնակարգեր, ընթացակարգեր»:
Մեկնաբանել