HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կորոնավիրուսի պատճառով Ադրբեջանում խուճապ է սկսվել. ի՞նչ է հայտնի մինչ այս պահը

Փետրվարի 28-ին Ադրբեջանը պաշտոնապես հաստատեց, որ երկրում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը։ Նախարարների խորհրդին կից ստեղծված օպերատիվ շտաբը հայտարարել էր, որ վարակակիրը Ռուսաստանի քաղաքացի է, որն Ադրբեջան էր ժամանել Իրանի տարածքից։ Նա տեղափոխվել էր հիվանդանոցների մեկի հատուկ ինֆեկցիոն բաժանմունք։ Ավելի ուշ պարզ էր դարձել, որ Ռուսաստանի քաղաքացին 23-ամյա տղամարդ է, որը տեղափոխվել էր Աստարայի կենտրոնական շրջանային հիվանդանոց։ Օրվա վերջում Ադրբեջանում կորոնավիրուսով հիվանդի առկայությունը հաստատել էր նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։

Իրականացված թեստավորումը պացիենտի մոտ հաստատել էր կորոնավիրուսի առկայությունը։ Ադրբեջանական իշխանությունները հայտարարել էին, որ հիվանդի վիճակը շարունակում է մնալ կայուն։ Ադրբեջանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջանա-իրանական սահմանագծին գտնվող հսկիչ-անցագրային կետերն աշխատում են հատուկ ռեժիմով։ Փետրվարի 27-ին ստեղծվել են բժիշկների հատուկ խմբեր, որոնք սահմանին իրականացնում են սահմանը հատողների նախնական հետազոտություն և ջերմաչափում։ 

Ըստ ադրբեջանական իշխանությունների՝ կարանտինի մեջ գտնվող քաղաքացիների մոտ չեն հայտնաբերվել կորոնավիրուսի ախտանիշներ։ Կարանտինի մեջ գտնվողների թիվը հասել է 224-ի, որոնց ճնշող մասն Ադրբեջան են եկել Իրանից։ Ընդ որում 12-ն Իրանի քաղաքացիներ են, մեկն՝ Իտալիայի, ևս յոթ մարդ այլ երկրների քաղաքացիներ են։ Աղդաշի շրջանի Աբադ գյուղի բնակիչ 39-ամյա Սահիլ Նուրալիևը, առողջության խնդիրներով, դիմել է շտապ օգնություն։ Առաջին բուժօգնության տրամադրման ժամանակ պարզ է դարձել, որ նա վերջերս էր վերադարձել Իրանից։

Ադրբեջանի գլխավոր վարակաբան Ջալալ Իսաևը հայտարարել է, որ Ադրբեջանում կորոնավիրուսի տարածման պարագայում կդադարեցվի միջին և բարձրագույն ուսումնական հաստատությունների աշխատանքը։ Այդուհանդերձ, դեռևս չի քննարկվում Նովրուզի հետ կապված արտահերթ դպրոցական արձակուրդների տրամադրման հարցը։ Ըստ նրա՝ ադրբեջանական իշխանությունները ձեռնամուխ են եղել դպրոցների և նախադպրոցական ուսումնական հաստատությունների ախտահանման աշխատանքների իրականացմանը։ Այդուհանդերձ, Իսաևը չի բացառում, որ փետրվարի 23-ին Բաքվում մահացած երիտասարդը, որի մոտ հայտնաբերվել էր ծանր ընթացքով սուր շնչառական համախտանիշ (ատիպիկ թոքաբորբ), կարող էր մահացած լինել կորոնավիրուսից։ 

Ադրբեջանական իշխանություններն անընդհատ վստահեցնում են, որ կորոնավիրուսի պատճառով երկրում չկա խուճապ, մարդիկ շարունակում են ապրել իրենց բնականոն կյանքով, սակայն համացանցում պարբերաբար հայտնվող տեսագրությունները և մեկնաբանություններն այլ բան են վկայում։

Նախ, մի քանի օր առաջ՝ փետրվարի 25-ին, համացանցում հայտնվեց մի ծիծաղարժ հրապարակում, որտեղ Ադրբեջանի գլխավոր համաճարակաբան Իբադուլա Աղաևը երդվում էր, որ Ադրբեջանում չկա կորոնավիրուս։ Նա ամոթանք էր տվել բոլոր նրանց, որոնք կարծում են, որ կորոնավիրուսը վաղուց ներթափանցել է Ադրբեջան։ Ընդամենը երեք օր անց իշխանությունները պաշտոնապես հաստատեցին երկրում կորոնավիրուսի առկայությունը։

Բժշկական դիմակների խիստ պակաս կա նաև Ադրբեջանում։ Բաքվի և երկրի մյուս քաղաքների գրեթե բոլոր դեղատների վրա փակցված է «Maska yoxdur» արտահայտությունը, ինչը թարգմանաբար նշանակում է «դիմակ չկա»։

Մինչ ադրբեջանական իշխանությունները կհաստատեին երկրում կորոնավիրուսի փաստը, դեռ փետրվարի 25-ին և 26-ին համացանցի ադրբեջանական հատվածի օգտատերերը գրում էին, որ երկրում արդեն իսկ տարածվել է կորոնավիրուսը և պետական մարմինները թաքցնում են հոսպիտալացվածների վիճակի մասին տեղեկությունները։ Ֆեյսբուքյան օգտատեր Ալեղ Ղուլյանը գրել էր, որ, համաձայն ադրբեջանցի օգտատերերի հրապարակումների, վարակվածների թիվը գերազանցել է մի քանի հարյուրը, իսկ մի քանի տասնյակ մարդ, հիմնականում երեխաներ, դարձել են երկրում արագ տարածվող վիրուսի զոհ։ Ըստ այդ հրապարակումների՝ կորոնավիրուսը տարածվել է Ադրբեջանի հարավ-արևելքում, հիմնականում Ջալիլաբադի, Բիլյասուվարի և Աստարայի շրջաններում։ Սրանք այն շրջաններն են, որոնք սահմանակից են Իրանին։

Վարակվածների թվում կան նաև սահմանապահ զորքերի զինծառայողներ և պետական մաքսային կոմիտեի աշխատակիցներ։ Նրանք ծառայում էին «Գյոյթեփե», «Աստարա»  սահմանապահ ջոկատներում և «Աստարա» ու «Բիլյասուվար» հսկիչ անցագրային կետերում։ Ըստ այդ հրապարակումների՝ փետրվարի 25-ին ոստիկանության և բանակի զորամասերի կողմից փակ է եղել Ալյաթ-Բիլյասուվար-Աստարա-Իրանի սահման M3 միջպետական մայրուղին։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը չի մեկնաբանել իր զինծառայողների հոսպիտալացման լուրերը։ Ըստ Ալեն Ղուլյանի՝ ծանր իրավիճակի մասին է վկայել նաև այն փաստը, որ փետրվարի 24-ին պետական սահմանապահ ծառայության ղեկավար, գեներալ Էլչին Գուլիևը, անտեսելով սահմանին առկա որոշակի լարված վիճակը և Հայաստանի սահմանին առկա զինծառայողի մահը, չի այցելել Ղազախում տեղակայված սահմանապահ դիվիզիայի մարտական դիրքեր, այլ Իլհամ Ալիևի կարգադրությամբ, մեկնել է Իրանի հետ սահման։

Նույն օգտատերը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է մի տեսանյութ, որտեղ երևում է Իրան-Ադրբեջան պետական սահմանին գտնվող «Աստարա» հսկիչ-անցագրային կետը։ Տեսանյութում երևում է, որ Իրանից եկած քաղաքացիներին մտցնում են կարանտին։ Մարդիկ բողոքում են, որ բացակայում են կեցության նորմալ պայմանները։

 

Ավելի ուշ հրապարակվել է ևս մեկ տեսանյութ արդեն Աստարայի հիվանդանոցից։ Պացիենտներից մեկը՝ Ռահիլյա Մուսաևան, հայտնել է, որ հիվանդանոցում հակասանիտարական վիճակ է։ Մարդիկ չեն կարողանում ուտել այն սնունդը, որը պատրաստվում է հակասանիտարական պայմաններում, չեն կարողանում լվացվել։ Հիվանդանոցում տաք ջուր չկա, իսկ սառը ջրի մատակարարումը վերջերս է վերականգնվել։ Հետաքրքրական է, որ նախորդ օրն աշխատանքից ազատվել է Աստարայի գլխավոր բժիշկը։

Իրավիճակը բավականին լարված է եղել Ջալիլաբադի շրջանում։ Ըստ ստացվող տեղեկությունների` պացիենտները կազմակերպել են բողոքի ցույց՝ ընդդեմ հակասանիտարական պայմանների։ Նշվում է, որ կորոնավիրուսի դեմ տարվող պայքարին ներգրավվել են նաև ներքին զորքերը։ Նրանք շրջափակել են ճանապարհները և բժշկական հաստատությունները։ Կա տեղեկություն, որ ներքին զորքերն ուժ են կիրառում բնակիչների նկատմամբ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան, անվտանգությունից ելնելով, փակել է Նախիջևան-Դիլուջու հսկիչ անցագրային կետը։ Այդ մասին հայտարարել էր Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան՝ պատճառաբանելով, որ Իրանում կորոնավիրուսի տարածման ֆոնին թուրք-ադրբեջանական սահմանի փակումն այս փուլում անհրաժեշտություն է։

Վերջին տվյալներով աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 85 686, մահացածների թիվը՝ 2933, իսկ ապաքինվածների թիվը՝ 39 680։

Հ․Գ․Հոդվածը հրապարակելու ժամանակ Ադրբեջանում ևս երկու մարդու մոտ հաստատվել է կորոնավիրուս։ Նրանք երկուսն էլ նոր էին վերադարձել Իրանից։ Արդյունքում, Ադրբեջանը որոշել է փակել Իրանի հետ պետական սահմանը։

 

Լուսանկարը՝ Minval.az

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter