HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հարավային Կորեան հայտարարել է կորոնավիրուսի վտանգի բարձրագույն մակարդակ

SARS-CoV-2 կորոնավիրուսի արագ տարածման և դրա արդյունքում COVID-19 վարակային թոքաբորբի առաջացման ֆոնին՝ Հարավային Կորեայի իշխանությունները ազդարարել են համաճարակաբանական վտանգի բարձրագույն մակարդակ։ Այդ մասին գրում է «Deutsche welle»-ն՝  հղում կատարելով կորեական աղբյուրներին։ Մարտի 1-ին Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել է, որ երկրի կառավարությունը կնախաձեռնի բոլոր անհրաժեշտ միջոցները վիրուսի տարածումը կրճատելու նպատակով։

«Մենք կհաղթահարենք COVID-19 վարակային թոքաբորբի բռնկումը և նորից կկենդանացնենք մեր կրճատվող տնտեսությունը»,- հավելել է Հարավային Կորեայի նախագահը։

Միայն կիրակի առավոտյան կորեական իշխանությունները հայտնել են Սեուլում կորոնավիրուսի 586 նոր դեպքերի մասին։ Ընդհանուր առմամբ, Հարավային Կորեայում վարակակիրների թիվը գերազանցել է 3700-ը։ Վերջին տվյալներով, կորոնավիրուսի արդյունքում Հարավային Կորեայում մահացել է 18 մարդ։ Երկիրը, Չինաստանի հետո, համարվում է կորոնավիրուսի տարածման գլխավոր օջախը։

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ զուգահեռ Չինաստանում էականորեն կրճատվում է կորոնավիրուսով վարակվածների թիվը։ Չինաստանի առողջապահության պետական կոմիտեն իր հերթին հայտարարել է 573 նոր պացիենտների մասին, որոնցից 570-ը միայն Հուբեյ նահանգում։ Իսկ արդեն վերջին երկու ամիսներին Չինաստանում վարակակիրների թիվը հասել է 80 000-ի, որոնցից 67 000-ը միայն Հուբեյ նահանգում։ Այդուհանդերձ, վերջին մի քանի օրերին նոր վարակակիրների թիվը կտրուկ անկում է ապրում, եթե դա համեմատենք հունվարի և փետրվարի առաջին կեսի թվերի հետ։

Կորոնավիրուսի վարակակիր ունեցող երկրների թիվը հասել է 64-ի։ Չինաստանից և Հարավային Կորեայից հետո, վիրուսակիրների թվով, երրորդ տեղում գտնվում է Իտալիան, որտեղ գրանցվել է շուրջ 1100 կորոնավիրուսով հիվանդ պացիենտ։ Իրանում գրանցվել է 978 դեպք, Ճապոնիայում՝ 241, Գերմանիայում՝ 117, Սինգապուրում՝ 102, Ֆրանսիայում՝ 100, Հոնկոնգում՝ 95, ԱՄՆ-ում՝ 69 և այլն։

Մարտի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել էր, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով հիվանդ պացիենտի առաջին դեպքը։ Պացիենտը ՀՀ 29 տարեկան քաղաքացի է։ Նա օդանավով Երեւան է ժամանել փետրվարի 28-ին Թեհրանից։ Նախնական թեսթը դրական արդյունք է տվել, կրկնակի թեսթի արդյունքները հայտնի են դարձել Երեւանի ժամանակով գիշերը ժամը երեքին։ Պացիենտի կնոջ թեսթի պատասխանը բացասական է եղել։ 32 քաղաքացիներ էլ գտնվում են կարանտինի մեջ։ Նրանք մեկուսացվել են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում։

Լուսանկար՝ «Reuters» գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter