HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

ՏՄՊՊՀ նախագահ. «Ավելորդ գնումների կարիք չկա»

Բժշկական դիմակների դեֆիցիտը Հայաստանում արհեստական չէ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ ներկայացնելով նախորդ շաբաթվա ընթացքում խոշոր դեղատներում իրականացված մշտադիտարկման արդյունքները՝ բժշկական դիմակների, ինչպես նաև հակամանրէային ախտահանիչ միջոցների գների և քանակների վերաբերյալ:

«Դեֆիցիտն արհեստական կլիներ, եթե տնտեսվարողներն ունենային դիմակներ ու պահեին պահեստներում՝ հետագայում ավելի թանկ գնով վաճառելու համար։ Այսօր կա միայն որոշակի խմբաքանակ, որը պահեստավորված է առողջապահական հիմնարկների, սահմանում աշխատող մարդկանց համար։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ արհեստական դեֆիցիտ գոյություն չունի։ Դիմակների դեֆիցիտ այսօր ոչ միայն Հայաստանում է, այլև ամբողջ աշխարհում»,- նշեց ՏՄՊՊՀ նախագահը։ Ըստ նրա՝ Հայաստանում այսօր բժշկական դիմակների արտադրություն չի գործում, ներկրվում է, մեծ մասը՝ Չինաստանից, ուստի աշխարհում առաջացած դեֆիցիտը «հասել է» նաև Հայաստան։

Ինչ վերաբերում է հակամանրէային ախտահանիչ միջոցներին, ապա այս շուկայում, ՏՄՊՊՀ նախագահի խոսքով, դեֆիցիտ չկա այսօր։ Միայն նախորդ օրը՝ կիրակի են դեղատներում ու խանութներում սպառվել ախտահանիչ միջոցներ, սակայն այսօր նոր խմբաքանակներ են ստացվել։ Բացի ներկրումը, ըստ Գեղամ Գևորգյանի, Հայաստանում նաև արտադրվում են ախտահանիչ միջոցներ։ «Առաջին վարակակրի մասին լուրից հետո այն սկսվեց արագ սպառվել, բայց իրավիճակն այսօր այլ է՝ դեղատներում կան ախտահանիչ նյութեր։ Գների բարձրացում ևս չկա այս շուկայում։ Երբ ասում են, որ գները բարձրացել է, տարբեր տեսակների նյութերն են համեմատում։ Պետք է համեմատել նույն արտադրողի նույն տեսակի աշխատահանիչ նյութը»,- ասաց ՏՄՊՊՀ նախագահը։

Անդրադառնալով այլ ապրանքների, օրինակ՝ պարենային ապրանքներին, Գեղամ Գևորգյանը հայտարարեց, որ ավելորդ գնումների կարիք չկա։ Նրա խոսքով՝ կարիք չկա մեծ քանակով պարենային կամ այլ ապրանքներ գնել՝ մտավախություն ունենալով, որ դեֆիցիտ կարող է առաջանալ։ «Օրինակ՝ շաքարի քանակը Հայաստանում այնքան է, որ մեկ տարի կբավականացնի։ Նույնը վերավերում է նաև ալյուրին: Հետևաբար, այդքան մեծ ծավալի գնումներ անել պետք չէ»,- ասաց ՏՄՊՊՀ նախագահը:

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 1-ին, հայտնի դարձավ, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով հիվանդացության առաջին դեպքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter