HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ուզում եմ մտածել, որ վարչապետին թյուրիմացության մեջ են գցել»,- ասում է աշխատանքից ազատված Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալ Իգոր Սարգսյանն աշխատանքից իր ազատման վերաբերյալ պատասխանել է «Հետքի» հարցերին:

Պրն. Սարգսյան, ի՞նչ տեղեկություններ են տրամադրվել վարչապետին, որոնց հիման վրա, ինչպես պնդում եք, Ձեզ աշխատանքից ազատել են։ Դրանք Ձեր փաստաբանը կեղծ է որակում։

Այն, ինչը ես զեկուցագրերով ներկայացրել եմ, Տեսչական մարմնի ղեկավար Վիգեն ՎԱետիսյանը հաղորդել է կիսատ, սխալ։ Իր տեսանկյունից մեկնաբանված մի բան է գրում, որի արդյունքում ծնվում է վարչապետի աշխատակազմի ղեկավարի՝ իրեն ուղղված ծանուցումը, որով ասում է, որ տեղակալ Իգոր Սարգսյանը մասնագիտական ունակությունների անբավարարության պատճառով մինչև նոյեմբերի 13-ը պետք է ազատվի աշխատանքից։ Դրանից հետո լինում է վարչապետի որոշումը։ Ազատման որոշման մեջ հիմքը չի նշվում։ Երբ հայցադիմում է ներկայացվում դատարան, և դատարանն այն վարույթ է ընդունում, հայցադիմումն ուղարկվում է նաև կողմին՝ կառավարություն։ Կառավարությունը դրանից հետո մեկ այլ հիմք է ներկայացնում, որով ինձ ազատել են։ Այսինքն՝ ոչ թե այն հիմքով, որի մասին ծանուցման մեջ էր նշվում, այլ մեկ այլ՝ վարչապետի հայեցողական հիմքով։ Բայց օրենքի մեջ նշվում է, որ հայեցողական հիմքով պաշտոն զբաղեցնողը կարող է ազատվել աշխատանքից վերադասի կամ անմիջական ղեկավարի փոփոխության ժամանակ՝ մեկամսյա ժամկետում։ Բացարձակ հայեցողական շրջանակը վերաբերում է մեկամսյա ժամկետին։

Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ են Ձեզ ազատել պաշտոնից։

«Լիդիանում» ստուգումներ իրականացնելու հանձնարարականից հետո Բնապահպանության և ընդերքի տեսչության պետը չփորձեց քննարկումներ կազմակերպել։ Թե՛ գրավոր, թե՛ բանավոր բազմիցս խնդրել եմ, որ քննարկումներ կազմակերպենք, որովհետև դա ծանր հարց է պետության համար, և պատասխանատու պետք է վերաբերենք դրան։ Հիվանդության արձակուրդից վերադառնալու առաջին օրը նա իմ համակարգման բնագավառները փոխել էր՝ առանց ինձ տեղյակ պահելու, ավելի էր ծանրաբեռնել։ Նախկինում միայն կենսաբազմազանության ոլորտն էի համակարգում, այս անգամ կենսաբազմազանությունը վերցրեց ինձանից, տվեց մեկ ուրիշին։ Իսկ ինձ տվեց ընդերքի, ջրերի, մթնոլորտի, թափոնների, հողերի, վտանգավոր նյութերի ոլորտները, այդ թվում նաև՝ մետաղական և ոչ մետաղական հանքավայրերը, հանքային ջրերինը և այլն։ Այսինքն՝ մոտ 8 ոլորտ, բայց դրանք սեղմված են 2 վարչությունների մեջ։ Բացի դրանից, տվեց «Տեսչական մարմինների մասին» օրենքին հակասող մի բան․ օրենքում նշվում է, որ վերլուծական և վերահսկողական գործառույթները պետք է տարանջատվեն, բայց ինքը երկու գործառույթն էլ տվեց ինձ։

Իմ արձակուրդից վերադառնալու օրն էլ, երբ արդեն վարչապետից եկել էր Ամուլսարում ստուգում իրականացնելու հանձնարարականը, երեք օր պահել էր, ոչ մեկի չէր մակագրել, եթե ես 10 օր էլ չգնայի աշխատանքի, երևի էլի չէր մակագրվի, հավանաբար սպասում էր իմ գնալուն, որ ինձ մակագրեր։ Ասացի, որ պատրաստ եմ այդ բարդ խնդիրը լուծել, մի թեթև զրուցեցինք Ամուլսարից։ Ասացի, որ իրավական և մասնագիտական կողմը լուրջ ուսումնասիրենք, նաև պետք է ճշտենք ու վերլուծենք, թե ՇՄԱԳ փորձաքննությունը և հողհատկացումները, որ արվել են, դրական եզրակացություններ են տրվել, հասկանանք, թե նախարարության ստորաբաժանումներն ի՞նչ հիմքերով են այդ համաձայնությունները տվել, որ մեր համար ավելի հեշտ լինի աշխատելը։ Ճիշտն ասած՝ ես այդ ժամանակ աշխատանքի ավելի արդյունավետ ու հեշտ լինելու մասին էի խոսում, բայց հետագայում, երբ ինքը սկսեց անընդհատ խոչընդոտել, քննարկումները չկազմակերպել և այլն, ես հասկացա, որ ինքը ժամանակին աշխատել է Ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչության պետ, և այդ համաձայնությունները հիմնականում ինքն է տվել։ Իսկ ես ասում էի՝ լուրջ պետք է ուսումնասիրենք, և, բնականաբար, ինքն էլ պետք է խոչընդոտեր այդ ստուգումներին և ինչ-որ բան սարքեր դրա համար։

Երբ հասկացա, որ ինքը չի ուզում քննարկումներ կազմակերպել, ես իմ զեկուցագրում գրեցի և սեպտեմբերի 23-ին «Մալբերի» համակարգով ուղարկեցի՝ առաջարկելով կազմակերպել քննարկում ստուգման ժամկետների, ստուգաթերթերի, ստուգմանն այլ մասնագետներ և փորձագետներ ներգրավել՝ այլ իրավական և մասնագիտական հարցերի պարզաբանման համար։ Մինչ այդ քննարկումներ չէր հրավիրում, զեկուցագրի հաջորդ օրը խորհրդակցություն հրավիրեց։ Բայց ոչ մի քննարկում չեղավ այդ խորհրդակցությանը։ Հենց սկզբից հայտարարեց, որ պաշտոնապես ինձ է ստուգող խմբի ղեկավար նշանակում։ 5 օր ժամանակ տվեց, որ հանգամանալից ուսումնասիրեմ ողջ նյութը, այդ թվում՝ ԷԼԱՐԴ-ի, ԳԱԱ-ի և այլ փորձագիտական եզրակացություններ ու նյութեր։ Այսինքն՝ մենակ ինձ ստուգող խմբի ղեկավար է նշանակում, բայց ստուգող խումբ չի նշանակում կամ օգնող չի նշանակում։ Ես ստուգող խմբի ղեկավար կարող եմ լինել միայն հանձնարարականի պարագայում։ Որպես կանոն՝ ստուգող խումբ է ձևավորվում, և առաջին համարում ղեկավարն է գրվում։

Ես, իհարկե, ամբողջը վերցրեցի և մենակ ուսումնասիրեցի։ Զեկուցագրով իրեն գրեցի, որ ուսումնասիրել ու քննարկել եմ նախկին ստուգումն իրականացրած տեսուչների հետ, դատական գործերը վարող իրավաբանի հետ, Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալների հետ, որոնք նախորդ ստուգման ժամանակ համակարգել էին աշխատանքները, և քննարկման արդյունքում եզրակացության եմ եկել, որ լուրջ իրավական ու մասնագիտական գիտելիքներով մասնագետներ են պետք։ Օրինակ՝ մենք տեսչական մարմնում չունենք երկրաքիմիկոս, ջրաբան, հիդրոերկրաբան, կլիմայագետ-օդերևութաբան, մինչդեռ ԷԼԱՐԴ-ի ուսումնասիրության մեջ հստակ նշվում էր թթվային դրենաժի, ռադիոակտիվ բարձր ֆոնի մասին, ջրերի ներծծման արագության, Սևանի վրա ազդեցության խնդիրների և այլնի, և նեղ մասնագիտական լավագույն գիտելիքներ ունեցող մարդկանց պետք է հրավիրել, և այդ մասնագետների բացակայության պայմաններում ես չեմ կարող հստակ ուսումնասիրել խնդիրները։

Վարչապետն ինչո՞ւ էր նորից հանձնարարում ստուգում իրականացնել, երբ արդեն իսկ նման մի ստուգում Տեսչական մարմինն իրականացրել էր։

Շրջակա միջավայրի նախարարը գրություն էր ուղարկել վարչապետին և առաջարկել էր ստուգում իրականացնել։ Եվ այդ առաջարկությունը վարչապետն ուղարկել էր տեսչական մարմնին՝ իմպերատիվ հանձնարարական էր տվել։  

Առաջինը՝ ՇՄ նախարարն ինքն իրավասու էր փորձաքննության եզրակացության մասով իր որոշումը կայացնելու՝ կասեցնելու կամ նոր փորձաքննություն նշանակելու վերաբերյալ։ ԷԼԱՐԴ-ի եզրակացության վրա նախարարն իրավասու էր դա անել։

Երկրորդը՝ նախարարն ասում է ստուգում իրականացնել, և այդ հանձնարարականը իմպերատիվով գալիս է մեզ։

Ստուգումը, «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով, նախատեսվում է նախորդ ստուգումից մինչև հաջրոդ ստուգումն ընկած ժամանակահատվածն իրականացված գործունեության նկատմամբ։ Իսկ «Լիդիանի» նախորդ ստուգումը եղել էր 2018թ․-ին, դրանից հետո «Լիդիանը» չի աշխատել: Հետևապես, եթե գործունեություն չի ծավալել, այդ ժամանակահատվածի համար չես կարող մտնել ստուգում իրականացնել։ Պետք է իրականացվեր վերստուգում։ Վերստուգումն էլ նախորդ ստուգման արժանահավատության հետ կապված խնդիրը պետք է ստուգեր, փարատեր։ Բավականին լավ էր կատարվել Արթուր Գրիգորյանի ժամանակվա ստուգումը, և այնտեղ քրեական գործ է հարուցվել, ուղարկվել է քննչական մարմիններին, դատարան մտած երկու գործեր կային։ Այսինքն՝ պրոցես էր գնում։ Եթե վերստուգում պետք է արվեր, վարչապետը պետք է ոչ թե ստուգման, այլ վերստուգման հանձնարարական տար։ Այսինքն՝ կառավարությունն էլ թյուրիմացության մեջ էր ընկել, և ուղարկել էին ստուգում անելու։

Այսինքն՝ պետք է ստուգեիք արդեն իսկ ստուգված վարչական ակտի ճշմարտացիությունը՝ առանց ստուգում կատարելո՞ւ։

Քանի որ գործունեություն չէր իրականացվում, անիմաստ էր այնտեղ ստուգում անելը։ Եթե ասում են՝ վերստուգում իրականացնել, այսինքն՝ արժանահավատ չէ նախորդ ստուգումը, նորից ենք ստուգում իրականացնում, կամ ինչ-որ բան է բաց թողնվել, կամ՝ ԷԼԱՐԴ-ը գրել է, որ ինչ-որ բան թերի է, ուրեմն Տեսչություն, դու էլ մտի, տես էդ բաները ճի՞շտ են, թե՞ սխալ, այսինքն՝ նորից նախկին ժամանակահատվածի կրկնակի ստուգում պետք է անեինք, որը վերստուգումն է։ Բայց մեզ հանձնարարված էր ստուգում իրականացնել։ Եվ Տեսչական մարմնի ղեկավարն ինձ է հանձնարարում ստուգում անել։ Բայց ստուգում անելու իրավունքը, հանձնարարագիր բացելու և հրաման տալու՝ տեսչական մարմնի ղեկավարինն է, ոչ թե իմը։

Երբ ես առաջին զեկուցագիրը գրեցի, ինքը վերցրեց, ինձ դրեց ստուգման խմբի ղեկավար, 5 օր էլ ժամանակ տվեց՝ ստուգման գործընթացի արդյունքների մասին զեկուցել իրեն։ Երբ ես գրեցի, որ ուսումնասիրել եմ, նմանատիպ խնդիրներ կան, որովհետև պետք է լուրջ իրավաբանական թիմ աշխատի, քանի որ «Լիդիանում» բարձրակարգ իրավաբաններ են աշխատում և բարձր աշխատավարձ են ստանում, մեր իրավաբանական վարչությունում այդ ընթացքում 3-4 բաժնի պետ փոխվեց, և այդ բաժնում լուրջ իրավաբաններ չկան, մինչդեռ 2,5 մլրդ դոլարի մասին է խոսվում, եթե գործը մտնի Արբիտրաժային դատարան, մեր պետությունը կարող է պարտվել, դրա համար իմ ստուգումը պետք է իրավական տեսակետից անխոցելի լիներ, որ պետությունս չմտներ այդ վնասի տակ։ «Լիդիանը» հաշվետվություն է ներկայացրել, որ 400 մլն դոլար արդեն ծախսել են գործընթացի վրա, իսկ դա քիչ գումար չէ, և որպեսզի իմ ձեռքով իմ պետությանը կրակի մեջ չգցեմ, դրա համար իրավաբանական և մասնագիտական լուրջ թիմ էի ուզում լիներ։ Այդ մասնագետներին էլ պրպտել և ընտրել էի, բայց նրանց հետ չէի խոսել, որովհետև դեռ պետք է քննարկեի իմ ղեկավարի հետ, հետո նոր նրանց հետ զրուցեի։ Տեսչական մարմնի ղեկավարն այդպես էլ այդ քննարկումները չարեց, և արդյունքում, երբ ես երկրորդ զեկուցագիրը գրեցի, ինքն անմիջապես գրում է, որ ամբողջովին և բոլոր իրավասությունները դրվել են իմ վրա։ Իմ իրավասությունները ֆիքսված են «Տեսչական մարմինների մասին» օրենքով և մեր կանոնադրությամբ, որտեղ ասվում է, որ բնագավառների համակարգումն իրականացվում է տեղակալների միջոցով։ Նաև՝ Տեսչական մարմնի ղեկավարն իրավունք ունի հանձնարարականներ տալ, բայց այդ հանձնարարականները որևէ իրավասություն ինձ չեն տալիս իրավաբաններ հավաքագրել կամ մասնագետներ։ Ինքը պետք է իր հանձնարարականում նշեր, օրինակ, իրավաբանական բաժնի պետին՝ Սարգսյանին աջակցել էս գործում, մյուս վարչության պետին՝ աջակցել Սարգսյանին էսինչ հարցերում, ոչ թե օդի մեջ ինձ բոլոր իրավասությունները տրվեին։

Նաև հանձնարարել է գործընթացը 1-2 օրում իրականացնել և զեկուցել իրեն։ Ես ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ նկատի ուներ՝ ստուգումը 2 օրում ներկայացնեմ ու հանձնե՞մ, թե ինչ։ Ես արդեն գրել եմ իրեն, որ ստուգումների համար քննարկումներ է պետք կազմակերպել, իսկ ինքը,  թյուրիմացությունների մեջ գցելով վարչապետի աշխատակազմին, մի գրություն է ուղարկում, իմ զեկուցագրերի մեջ նշված հանգամանքներն իր ձևով ներկայացնելով, կեղծելով, կիսատ շարադրելով՝ խաբում է՝ իբր ինձ ասել է մի բան անել, իսկ ես խորհրդակցություն հրավիրելու առաջարկ եմ անում։ «Սարգսյանը, որպես ստուգող խմբի ղեկավար, չի կատարել իր վրա դրած պարտականությունները»,-գրել է գրությունում։ Իսկ ես ստուգող խմբի ղեկավար կարող էի լինել միայն հանձնարարականի պարագայում, նաև ի՞նչ պարտականությունների մասին է խոսքը, եթե խումբ չկա։

Գրել է, որ չեմ ներկայացրել ստուգման նախապատրաստության որևէ աշխատանքային ծրագիր։ «Ստուգումների մասին» և «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքներով որևէ հասկացություն չկա ստուգման նախապատրաստության աշխատանքային ծրագրի մասին։ Կա հստակ, կառավարության որոշմամբ սահմանված ստուգաթերթ, որի հարցերի շրջանակներում մենք իրականացնում ենք այդ ստուգումը։ Ասում է՝ առանց հիմնավոր պատճառների ներկայացրել է առաջարկություն ստուգմանը իրավաբանների, մասնագետների, փորձագետների ներգրավելու վերաբերյալ այն դեպքում, երբ ստուգումները չեն սկսվել։ Այսինքն՝ ի՞նչ հիմնավոր պատճառ պիտի լինի, երբ նեղ մասնագետի կարիք կա, որը տեսչությունը չունի։

Ամբողջը մասնագիտական խնդիր է, բա ԷԼԱՐԴ-ին ինչի՞ համար էին կանչել։ Չէ՞ որ մասնագիտական ու հիմնավոր պատճառ էր դա, բա ես առանց մասնագետի ո՞նց ստուգեմ։

Ինքը ստուգող չի եղել, չգիտի՝ ինչ ձևով են ստուգում իրականացնում, ինքը տեսչական գործ չի արել։ Հետևապես, էնպիսի բաներ է գրել, որ ինքնըստինքյան հարցը փակուղի է մտցնում։ Վերջում էլ միջնորդել է իմ հետագա պաշտոնավարման հարցը քննարկել։

Վարչապետի գրասենյակից պարզաբանումներ չե՞ն պահանջել Ձեզնից։

Նախ՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարը պետք է մեկ անգամ գոնե հրավիրեր, հարցներ, թե ինչու չեմ անում։ Աղաջանյանին չի գրել իմ առաջրակների մասին, նա էլ մտածել է՝ էս մի ամիս է, ոչ մի բան չի արել, դնենք հեռացնենք։ Բայց փաստացի Ավետիսյանն իմ զեկուցագրի մասին ոչ մի բան չի գրել, երկրորդ զեկուցագրում էլ գրածներս խեղաթյուրել է, կիսատ է հայտնել, սուտ տեղեկություններ է հրամցրել, նրանք էլ ինձ հեռացնելու որոշում են կայացրել։

Ես չեմ ուզում իմ հեռացման քաղաքական կողմի մասին մտածել, այլ ուզում եմ մտածել, որ վարչապետին թյուրիմացության մեջ են գցել։

Տեսչական մարմնի մյուս տեղակալի հեռացումն ինչո՞վ էր պատճառաբանված։

Նմանատիպ բանով։ Կարծես՝ հանձնարարական էր տրված եղել, չէր կատարել կամ թերի էր կատարել։ Ինքը գնաց, նոր աշխատանք գտավ։ Հիմա էլ երրորդ տեղակալին է բզբզում, ասում է՝ դիմում գրի գնա։ Նա էլ չի գրում, սպասում է, թե իր մասին ինչ պետք է վարչապետին ուղղված զեկուցագրում գրի։ Այսինքն՝ ամբողջ Տեսչական մարմնի աշխատանքը պարալիզացրել է, ամբողջ օրը նստել են էսպիսի գրությունների վրա, աշխատողների վրա դուռ է փակում, ճղճիմ բաներով են զբաղվում։ Պետությունը 195 հոգու աշխատավարձ է տալիս, իսկ 195 հոգուց յուրաքանչյուրը կես ստուգում չի անում։

Եթե չէր ուզում Դուք շարունակեիք պաշտոնավարել, ինչո՞ւ մեկամսյա ժամկետում հայեցողական որոշմամբ Ձեզ չհեռացրին։

Ես իրեն շուտվանից ճանաչել եմ, վատ կարծիքի չեմ եղել։ Միջանցքներում հանդիպել ենք, բարևել ենք։ Պատկառանքով է խոսել իմ հետ։ Ես 3 ամիս ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն էի։ Ես զգացել էի, որ Շրջակա միջավայրի նախարարը չի ուզում, որ ես ղեկավարեմ տեսչական մարմինը։ Երբ իր թեկնածությունն եղավ, ես մտածեցի, որ ավելի լավ, բնապահպանական ոլորտի մարդ է։ Իրա գալուն ես էլ եմ նպաստել։ Երբ ստուգման հանձնարարականն եկել էր, ես ասի՝ խնդիր չկա, ստուգում է, կստուգենք։ Բայց ասացի, որ իրավական ու մասնագիտական խնդիրներից դուրս նաև ճշտենք, թե նախկինում ինչ համաձայնություններ են տվել՝ ՇՄԱԳ-ի ժամանակ, որ հասկանանք՝ որտեղ է խնդիրը, դա լուծենք։ Ես ի՞նչ իմանայի, որ ինքը մտածում է, որ ինքն է այդ համաձայնությունները տվողը, և ես մտնում եմ, ուզում եմ իրեն ստուգել։ Սա էր պատճառը, երևի, որ ինքն արդեն նկարագրածս գործողություններն արեց։ Այդ բոլոր հանձնարարականները դատական գործընթացի ընթացքում կհրապարակենք։

Մեկնաբանություններ (2)

Անդրանիկ Վարդանյան
Իգոր ջան, բոլորն էլ գիտեն, որ հին ոճով աշխատող նախարար է էրիկը, դրա համար էլ հին կոռուպցիոնիստների է առաջարկել այդ դեղի վրա։ Նիկոլ Դուխով եդ ոլորտը քանդվում է։
Հովհաննես Հովհաննիսյան
Իգոր Սարգսյանը բարձրակարգ մասնագետ է, արցախյան ազատամարտի ակունքներում կանգնած հայրենանվեր ու արդարամիտ անհատականություն: Այդպիսի պաշտոնյաներն օդ ու ջրի պես պետք են կառավարման համակարգի բոլոր օղակներում: Կառավարության ղեկավարը պետք է շտկի բյուրոկրատական խարդավանքներ արդյունքում կատարված սխալը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter