HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Ryanair»-ը ժամանակավոր կրճատում է կարճ տարածության թռիչքները

Իռլանդական «Ryanair» բյուջետային ավիաընկերությունն այսօր հայտարարել է, որ կորոնավիրուսի պատճառով մարտի 17-ից մինչեւ ապրիլի 8-ը կրճատում է (մինչեւ 25 տոկոսով) կարճ թռիչքների գրաֆիկը: Ավիաընկերությունը նշում է, որ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակի պատճառով անցած շաբաթ նկատվել է մարտի վերջից ապրիլի սկիզբ ընկած ժամանակահատվածի թռիչքների տոմսերի ամրագրումների շոշափելի անկում: Բացի դրանից՝ պարզ է դարձել, որ տոմս գնած ուղեւորների մի ստվար հատված չի ներկայանում չվերթին: Այս իրավիճակը նկատելի է, մասնավորապես, ներիտալական եւ Իտալիայից մեկնարկող թռիչքների պարագայում:  

Այդուհանդերձ, ավիաընկերությունը նշում է, թե չվերթների չեղարկումները, որոնց մասին արդեն տեղեկացրել է ուղեւորներին, զգալի ազդեցություն չեն ունենա ընթացիկ ֆինանսական տարվա (ավարտվում է մարտի վերջին) կանխատեսումների վրա, սակայն միեւնույն ժամանակ շատ շուտ է կանխատեսել, թե ինչպիսի ազդեցություն կունենա կորոնավիրուսը ընկերության շահույթի վրա գալիք ֆինանսական տարում:

«Ryanair»-ը հայտարարում է, որ կշարունակի ուսումնասիրել ամրագրումների սեգմենտը եւ ըստ այդմ կարգավորել չվերթների գրաֆիկը: Ըստ ավիաընկերության՝ ինքը համագործակցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ EASA-ի (Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալություն) հետ՝ անձնակազմի եւ ուղեւորների առողջությունն ապահովելու համար:

Նշենք, որ ներկա պահին «Ryanair»-ը դեպի Երեւան թռիչքներ է կատարում Հռոմից եւ Միլանից: Չվերթներն իրականացվում են ամեն երեքշաբթի եւ շաբաթ:

Ինչպես ասվեց, ընկերության գրաֆիկի կրճատումը վերաբերում է կարճ տարածության թռիչքներին: «Eurocontrol»-ը (Օդային նավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերպություն) կարճ չվերթ է համարում մինչեւ 1500 կմ հեռավորության թռիչքները, միջին՝ 1500-4000 կմ, իսկ երկար՝ 4000 կմ-ից ավելի մեծ տարածության փոխադրումները: Երեւանից Հռոմ թռիչքի հեռավորությունը շուրջ 2700 կմ է, իսկ Երեւանից Միլան՝ 2900 կմ: Սա նշանակում է, որ դեպի Երեւան «Ryanair»-ի չվերթները միջին տարածության թռիչքներ են, հետեւաբար դրանք կրճատվածների շարքում չեն կարող լինել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter