HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Օրենքի փոփոխության պարագայում քաղաքացիները փոստային առաքանիների միջոցով կկարողանան Հայաստանում չգրանցված դեղորայք ներկրել

Առաջարկվում է` ֆիզիկական անձինք ևս կարողանան փոստային ծառայության միջոցով դեղորայք ստանան արտերկրից:

«Դեղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը հեղինակել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, նախագիծն առաջին ընթերցմամբ այսօր խորհրդարանում քննարկվեց:

«Բոլորս էլ սոցիալական ցանցերում հանդիպում ենք գրառումներ` ով կա Մոսկվայից, Եվրոպայից, մի տուփ այսինչ դեղն է անհրաժեշտ, Հայաստանում այն չի վաճառվում, և շատ քաղաքացիներ ցանկանում են արտերկրից ստանալ: Գործող օրենքով, անձը ֆիզիկապես սահմանը հատելուց կարող է իր հետ դեղ տեղափոխել, բայց եթե պատվիրում է, օրինակ, փոստային ծառայության միջոցով, արգելվում է ստանալ այդ դեղը: Անգամ եթե արտերկրից բարեկամները պասիլկա են ուղարկում, եթե այնտեղ մի տուփ դեղ կա, ամբողջ բեռը չի տրամադրվում, մինչև տվյալ անձը չի գնում մաքսային ծառայություն ու չի գրում ոչնչացման մասին հայտարարագիր, հետո ամբողջ բեռը բացվում է, դեղը ոչնչացվում, նոր մյուս ապրանքները տալիս են»,- ասաց նա:

Պատգամավորի խոսքով` նախագծով առաջարկվում է թույլատել նաև փոստային ծառայության միջոցով ստանալ դեղորայք` յուրաքանչյուր ֆիզիկական անձի համար ամիսը ոչ ավելի քան մեկ անգամ: Դեղորայքի քանակը սահմանելու է Կառավարությունը:

«Այս փոփոխություններով քաղաքացիների հոգսը կթեթևանա, նաև հնարավոր ռիսկերից խուսափելու համար միջոց է»,- ասաց Գաբրիելյանը:

Նախագծի հեղինակի խոսքով` մաքսային ծառայությունում վիճակագրություն է լինելու, անձանց տվյալները կլինեն, օրինակ, որևէ անձ ներկրել է այսինչ դեղը, և ըստ դրա կվարվի վիճակագրություն:

«Եթե լինի ազդանշան, որ ինչ-որ անձ իր անունով պարբերաբար թանկարժեք որոշակի դեղ է ստանում, տեսչական մարմինը կարող է զբաղվել դրանով` հասկանալու ստացողի ընտանիքում կա որևէ խնդիր, որովհետև օրենքն ասում է` իր բուժման կուրսի կամ անձնական օգտագործման դեղերի համար»,- նշեց Սիսակ Գաբրիելյանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը հետաքրքրվեց, թե արդյոք չկա ռիսկ, որ դեղորայք ներկրողները տարբեր անձանց անուններով գրանցվեն, ներկրեն ու վաճառեն:

«Եվ արդյոք բոլոր մարդիկ են ի վիճակի դեղորայք պատվիրելու և իրենց խնդիրը լուծելու, միգուցե պետական պատվերներով գա, որ մարդկանց նորից չդրդենք այլ քայլերի»,- ասաց նա:

Սիսակ Գաբրիելյանն արձագանքեց` գործընկերոջ մատնանշած դեղորայքը թանկարժեք է, գերազանցելու է սահմանաչափը և հարկվելու է:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց` Հայաստանում կա արդյոք դեղերի դեֆիցիտ:

«Հայկական մենթալիտետ է, եթե արտերկրում բարեկամ ունես, ուղեբեռ ուղարկելիս գլխացավի դեղ է դնում, ասում է՝ եվրոպական է, լավն է, մեր մեջ մի քիչ մտած է, հիմնական խնդիրը սրա մեջ է: Եղել է, որ հագուստի հետ դեղ է եղել, ամբողջ փոփոխությունը նաև սրան կօգնի»,- ասաց Գաբրիելյանը:

Միքայել Մելքումյանն արձագանքեց`պետք է գնահատական լինի Հայաստանում ձեռք բերված դեղը այն է, ինչ պետք է լինի, թե տարբերվում է արտերկրի նույն դեղից:

ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը մանրամասնեց, որ փոփոխությունը հնարավորություն է ընձեռելու քաղաքացիներին ներկրել նաև այնպիսի դեղեր, որոնք Հայաստանում գրանցված չեն: Ըստ Զեյնալյանի՝ փոստային առաքանիների միջոցով ներկրումը վերահսկելի կդարձնի դեղերի ներհոսքը: Վերջինիս խոսքով` մաքսային մարմինները 186 միլիոն դոլարի ներկրում են արձանագրել, իսկ նախարարությունը՝ 96 միլիոն դոլարի դեղորայքի ներկրում, ու տարբերությունը անհասկանալի է:

Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ նախագծի սկզբնական փուլում մի շարք նկատառումներ են ունեցել, սակայն քննարկումների ընթացքում համաձայնության են եկել, և նախարարությունը դրական եզրակացություն է տվել:

Ինչ վերաբերում է դեղորայքի շուկային՝ փոխնախարարն ասաց, որ Հայաստանի շուկան բավական փոքր շուկա է, և  որոշ պահանջարկ ունեցող դեղորայք ուղղակի չի ներմուծվում, քանի որ շահառուների շրջանակը փոքր է, արտադրող ընկերությունների մոտ շահագրգռվածություն չկա լինել Հայաստանի շուկայում:

Փոխնախարարի խոսքով` Հայաստանում 5000-6000 անուն գրանցված դեղ կա, դեղերի դեֆիցիտ չկա, սակայն կարճաժամկետ որոշակի դեղերի բացակայություն լինում է:

ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ ասաց, որ նախագիծը կարևոր է, սակայն ռիսկերը հաշվարկված չեն:

«Եթե ցամաքային ճանապահով դեղ գա, Վրաստանի սահմանում մեր քաղաքացիները 5000 լարի կտուգանվեն, չորս-հինգ տարի էլ կնստեն: Սա ավելի շատ գլխացավանք է դառնալու, իմ կարծիքով ճիշտը եղածը կարգավորելն է: Պետք է նշվի, որ միայն օդային ճանապարհով է թույլատրվում, որպեսզի քաղաքացիներին փորձանքի չբերեք»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter