HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Առաջարկում են փոխհատուցում նաև հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով հասցված վնասի դեպքում

Պաշտպանության նախարարությունն առաջարկում է փոխհատուցում տրամադրել նաև այն զինծառայողներին, որոնց կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվել հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով:

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու առաջարկը խորհրդարանին ներկայացրեց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

«Խորհրդարանին առաջարկվում է, որ «1000 դրամների» հիմնադրամի շահառու հանդիսանան ոչ միայն ուղղակիորեն մարտական հերթապահության կամ մարտական առաջադրանք կատարելու ժամանակ վնասվածք ստացած այն զինաառողները, որոնք վնասվածք են ստացել անմիջապես շփման գծում, այլ ցանկանում ենք ներառել նաև հակառակորդի նախահաձակ գործողությունների արդյունքում կյանքին կամ առողջությանը վնաս հասցված այն դեպքերը, երբ կա առաջին կամ երկրորդ աստիճանի հաշմանդամության կարգ»,- ասաց փոխնախարարը:

Գաբրիել Բալայանը հիշեցրեց, որ նախորդ նստաշրջանում մերժել են «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական առաջարկը, որով նախագծի հեղինակն առաջարկում էր օրենքի շահառու դարձնել նաև երրորդ աստիճանի հաշմանդության կարգ ունեցող զինծառայողներին, սակայն պայմանով, որ շահառուների շրջանակը ընդլայնելու են:

ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց, թե ինչ նկատի ունեն՝ ասելով նախահարձակ գործողություն: Փոխնախարարը մանրամասնեց` դեպքը կարող է լինել նաև թիկունքում, զորամասում, երբ հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ կատարի կամ հրթիռակոծի, ինչի հետևանքով զինծառայողը ստանա առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն:

Բալայանի խոսքով` 2008-ից մինչ այժմ նման խմբի 9 շահառու կա:

ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանն էլ հետաքրքրվեց, թե ինչ է լինելու այն դեպքերի հետ, երբ զորամասում է միջադեպ եղել` առանց հակառակորդի գործողության: Գաբրիել Բալայանն արձագանքեց` այս փոփոխությունը վերաբերում է միայն հակառակորդի գործողության հետևանքով արձանագրված դեպքերին, սակայն պատգամավորի մատնանշածի մասին նախարարությունն արդեն վարչապետից հանձնարարական է ստացել:

«Զինծառայողների կյանքին կամ առողջությանը հասցված վնասի փոխհատուցման՝ մնացած դեպքերով պետական բյուջեից վճարվող գումարը բարձրացնելու նախաձեռնությունն այժմ քննարկվում է»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հիմնադրամի շահառուների ցանկն ընդլայնելուն, ապա փոխնախարարն ասաց, որ, ամենայն հավանականությամբ, այս տարվա ընթացքում հիմնադրամի շահառուների շեմը կիջեցվի մինչև 1998 թվականի դեպքերը:

Հիշեցնենք, որ այժմ շեմը մինչև 2008 թվականն է:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական տեսակետը ներկայացրեց Տիգրան Կարապետյանը` ընդգծելով, որ ինչպես և Կառավարությունը խոստացել էր, հիմնադրամի հնարավորությունների ավելացմանը զուգահեռ կավելանա նաև շահառուների շրջանակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter