HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Իրանական մթերքով բեռնված հայկական բեռնատարները չեն կարողանում հատել հայ-վրացական սահմանը

Իրանական ծագման մթերք տեղափոխող մի քանի հայկական բեռնատարներ վերջին չորս-հինգ օրերին չեն կարողանում հատել հայ-վրացական սահմանը, քանի որ վրացական կողմը ժամանակավորապես արգելել է իրանական ծագման մթերքի ներմուծումը՝ պայմանավորված Իրանում կորոնավիրուսի տարածմամբ։  

Հայկական որոշ կազմակերպություններ և անհատներ պարբերաբար իրանական մթերք, հիմնականում՝  միրգ ու բանջարեղեն են արտահանում Ռուսաստան՝ Հայաստանը և Վրաստանը օգտագործելով որպես տարանցիկ երկիր։ Այսինքն՝ ապրանքը Իրանից ներկրում են Հայաստան, այստեղ դրանք տեղափոխում հայկական բեռնատարների մեջ և Վրաստանով արտահանում են Ռուսաստան։ 

Սակայն, նախորդ շաբաթվա վերջից Վրաստանը ժամանակավորապես արգելել է իրանական մթերքի ներմուծումը։ Հայ գործարարները, որոնք զբաղվում են այդ բիզնեսով, փաստի առաջ են կանգնել։ Ապրանքն Իրանից ներկրել են Հայաստան, տեղափոխել իրենց պատկանող կամ վարձակալած բեռնատարների մեջ, սակայն չեն կարողանում հատել Վրաստանի սահմանը՝ նշված արգելքի պատճառով։ 

Գործարար Վահրամ Միրաքյանը այս արգելքի պատճառով տուժողներից մեկն է: Նրա տեղեկություններով՝ այս պահին իրանական ծագման ապրանքով բեռնված մոտ 60 բեռնատար, որոնց ապրանքը նախատեսված է ռուսական շուկայի համար, մնացել է Հայաստանում, չեն կարողանում հատել սահմանը։ «Հետքի» հետ զրույցում նա ասաց, որ այս հարցով դիմել է պատկան մարմիններին, սակայն դեռ լուծում չկա։ «Այս  պահին դեռևս սպասողական վիճակ է, ոչ մի պաշտոնական պատասխան չկա։ Անցյալ շաբաթվա վերջերից՝ հինգշաբթի օրվանից կուտակվել են այդ բեռները։ Դրանից մի քանի օր առաջ որոշ խմբաքանակ հատել է Վրաստանի սահմանը։ Իրանական ապրանքը մենք ներկրում ենք Հայաստան, տեղափոխում ենք հայկական մեքենաներ և Վրաստանով արտահանում ենք Ռուսաստան։ Այդ ապրանքները չեն հասնում Երևան, Արարատի մարզում բեռները տեղափոխվում են հայկական մեքնաներ և նոր Վրաստանով տարանցիկ հասնում են Ռուսաստան։ Սերտիֆիկատով, իհարկե, երևում է, որ դա իրանական ծագման մթերք է։ Մեկ օրվա մեջ որոշում կայացվեց, և այդ մեքնենաները մնացին Հայաստանում։ Մի մասը սահմանին է, մի մասը հետ է եկել։ Այս արգելքն անտրամաբանական է, քանի որ նշված վիրուսը առարկաների մակերեսների վրա 48 ժամից հետո վերանում է։ Մենք փոխում ենք վարորդին ու մեքենան, վտանգ չկա»,- ասաց գործարարը։ 

Նրա խոսքով՝ մինչև նախորդ հինգշաբթի օրը՝ փետրվարի 27-ը, բեռները կարողացել են հատել սահմանը, իսկ հինգաշաբթի օրվանից արգելվել է։

Վահրամ Միրաքյանը մտավախություն ունի, որ եթե ապրանքները մնան հայկական շուկայում, բացի այն, որ վնաս կկրեն արտահանող ընկերությունները, դա նաև ուղիղ հարված կհասցնի տեղի տնտեսվարողներին։ Խոսքը մի քանի տեսակի պտուղ-բանջարեղենի մասին է՝ կիվի, խնձոր, ծաղկակաղամբ և այլն։ Եթե ռուսական շուկայի համար նախատեսված մթերքը մնա Հայաստանում, կարող է նմանատիպ մթերքի ավելցուկ առաջանալ, որը կբերի գների իջեցման, և հայ տնտեսվարողները ստիպված կլինեն իրենց ապրանքը վաճառել ինքնարժեքից էլ ցածր գնով։ «Մենք կորուստ ենք ունենում նաև չվճարված հարկերի տեսքով։ Ռուսաստան գնացող իրանական ապրանքը մաքսազերծվում է Հայաստանում, և հարկերը մնում են այստեղ։ Այս դեպքում այդ հարկերը չեն վճարվում»,- նկատում է Վահրամ Միրաքյանը։

Ըստ նրա՝ այս խնդրի լուծումը կարող է լինել կուտակված բեռնատարներին սահմանը հատելու հնարավորություն տալը, որից հետո գործարարները կդադարեն Իրանից ապրանք բերելը մինչև սահմանված արգելքները հանվեն։

Բեռնափոխադրումներով զբաղվող «Սպայկա» ընկերության կայուն զարգացման գծով տնօրեն Կարեն Բաղդասարյանը ևս «Հետքի» հետ զրույցում հաստատեց, որ վրացական կողմում իրանական ծագման ապրանքների ներմուծման արգելք կա։ «Իրանից շատ ապրանքներ են գալիս Հայաստան, այստեղ մաքսազերծվում են և Վրաստանով արտահանվում են Ռուսաստան։ Վրաստանի իշխանությունները արգելքներ են մտցրել թե՛ իրենց երկիր Իրանի քաղաքացիների մուտքի տեսանկյունից, թե՛ իրանական ծագման ապրանքների»,- ասաց Կարեն Բաղդասարյանը։

Ըստ նրա՝ այս հարցի լուծումն առավելապես վրացական կողմի տիրույթում է։ «Մեր Էկոնոմիկայի նախարարությանը տեղեկացրել ենք, որ նման խնդիր կա։ Թե ինչ կոնսուլտացիաներ են տեղի ունենում պետական մակարդակով, և թե հայկական դիրքորոշումն այստեղ ինչ նշանակություն կարող է ունենալ, չեմ կարող ասել։ Սա զուտ տնտեսական խնդիր է, որն առաջացել է վրացական կողմում անվտանգության միջոցառումներ սկսելու արդյունքում։ Իհարկե, ցանկալի կլիներ, որ Հայաստանը շարունակեր ունենալ տարանցիկ երկրի կարգավիճակ»,- ասաց Կարեն Բաղդասարյանը։

Նրա խոսքով՝ նմանատիպ «անակնկալներից» խուսափելու համար հարկավոր է նախապես տնտեսվարողներին տեղյակ պահել որոշումների մասին։

Հայաստանի գերատեսչությունները տեղյակ են խնդրին. լուծումներ առայժմ չկան

Հայաստանի մաքսային ծառայությունը համարում է, որ այս խնդրի լուծումն իրենց տիրույթում չէ։ «Հետքի» հետ զրույցում Պետական եկամուտների կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանը խորհուրդ տվեց այդ հարցով դիմել Արտաքին գործերի նախարարությանը։

Արտաքին գործերի նախարարությունից էլ պատասխանեցին, որ Վրաստանի, ինչպես նաև՝ Հայաստանի կառավարության համապատասխան որոշումները պայմանավորված են կորոնավիրուսի վարակի կանխարգելման անհրաժեշտությամբ։

Խնդրին տեղյակ են նաև Էկոնոմիկայի նախարարությունում։ «Հետքի» հետ զրույցում էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանն ասաց, որ չեն կարող ավելին ասել։ Նա նշեց, որ ճշտում են իրենց հասած բոլոր տեղեկությունները: Այդ թվում՝ արդյոք Իրանից Հայաստան ներկրված իրանական մթերք վերարտահանելու իրավունք կա՞, թե՞ ոչ։

Այսօր պաշտոնական այցով Վրաստան է ժամանել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Դիմավորման արարողությունից հետո վարչապետ Գիորգի Գախարիայի հետ կքննարկենք հայ-վրացական բարեկամական հարաբերությունների օրակարգային հարցերը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։ Սակայն, դեռևս չի մանրամասնել, թե ինչ օրակարգային հարցերի մասին է խոսքը, և արդյոք սահմանին առաջացած խնդիրները քննարկվելու՞ են։

«Հետքը» դիմել է նաև վարչապետի աշխատակազմին՝ տեղեկանալու, թե արդյոք վրացական կողմի հետ նախատեսվում է հայ-վրացական սահմանին առաջացած այս հարցի քննարկում: Պատասխանը կհրապարակենք ստանալուն պես։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter