HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինքնաբացարկի միջնորդություն՝ դատավոր Աննա Դանիբեկյանին

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործն արդեն շուրջ կես տարի է՝ դատարանում է, սակայն դեռևս չի մտել դատաքննության փուլ: Այսօրվա դատական նիստի ընթացքում Քոչարյանի պաշտպանները կրկին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին դատավոր Աննա Դանիբեկյանին:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը ինքնաբացարկի միջնորդությունը ներկայացնելիս ասաց, որ իշխանությունը ցանկանում է Քոչարյանին տեսնել կալանքի տակ: Որպես իր խոսքերի հիմնավորում՝ Ալումյանը մեջբերեց այդ թեմայով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իշխանության վերնախավի այլ ներկայացուցիչների հրապարակային ելույթները, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի, Վանեցյանի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսային գաղտնալսված խոսակցությունների հրապարակումները, որոնք վերաբերում են Քոչարյանի կալանքին:

Պաշտպանն այնուհետև նշեց, որ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել է՝ իշխանությունները ցանկանում են, որ բոլոր դատավորները լինեն Աննա Դանիբեկյանի և Արմեն Դանիելյանի նման: Վերջինս, հիշեցնենք, ամիսներ առաջ բեկանել է Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու որոշումը:

Այսպիսով՝ Հայկ Ալումյանը, ամփոփելով խոսքը, նշեց, որ Աննա Դանիբեկյանն այն դատավորն է, ով ի կատար է ածում իշխանությունների իղձերն, ու ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նրան:

Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանը ևս հանդես եկավ ինքնաբացարկի միջնորդությամբ։ Ըստ նրա ներկայացրած ինքնաբացարկի՝ միջնորդությունը բաժանվում է 3 խումբ հարցերի՝ առաջին խմբին են դասվում հանգամանքներ, որոնք վերաբերում են դատավոր Աննա Դանիբեկյանի անաչառությանը։ Ըստ փաստաբանի՝ առկա են այնպիսի արտաքին գործոններ, որոնք դատավորի անաչառության վերաբերյալ օրինական և ողջամիտ կասկածների չեզոքացման համար բավարար չեն։

Արամ Վարդևանյանն անդրադարձավ դատավոր Աննա Դանիբեկյանի հաղորդման հիման վրա Սարգիս Օհանջանյանի և Նարեկ Մութաֆյանի նկատմամբ հարուցված քրեական գործին: Նշեց, որ առաջին դատական նիստին տուժող Դանիբեկյանը չէր ներկայացել, այնուհետև հաջորդ նիստին դատավոր Դանիբեկյանը հարցեր է տվել սույն գործից, ինչպես նաև ցուցմունք է տվել այն մասին, որ հրապարակված տեսանյութերի մեջ բացակայել են Քոչարյանին վերաբերող հատվածները, իսկ դատավորը պնդել է, որ դրանք խմբագրված են։ Նշեց, որ Դանիբեկյանի հետ տեղի ունեցած միջադեպը որևէ կապ չունի սույն քրեական գործի հետ, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որևէ արտահայտություն չեն արել Մութաֆյանը և Օհանջանյանը, և արարքը Աննա Դանիբեկյանի ցուցմունքի արդյունքում վերաորակվել է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, և ոչ թե անհարգալից վերաբերմունքի համար։ Ըստ պաշտպանի՝ այս հանգամանքն առանցքային է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար։ «Օբյեկտիվ դիտորդը կասկածի տակ է դնելու դատավորի կայացրած դատական ակտը։ Դատավոր Աննա Դանիբեկյանը դեպքի տեղի ունենալու ժամանակահատվածում ունեցել է ձևավորված համոզմունք, սույն քրեական գործով առնչություն չունեցող անձանց գործողությունները սեփական դատողությունների արդյունքում կապել է Քոչարյանի և մյուսների գործին՝ առանց հիմքի և պատճառաբանության»,- հավելեց փաստաբան Արամ Վարդևանյանը։

Դատախազ Գևորգ Բաղդասարյանն առարկեց ներկայացված միջնորդությունների դեմ, հավելեց, որ կողմերի հավասարությունը ապահովված է․ «Ես եթե նկատեմ, որ մեղադրանքի կողմին առավելություն է տրվում, ինքս դրանց մասին կարձագանքեմ, չկա որևէ հարց, որ ես նկատեմ, որ պաշտպանական կողմի որևէ իրավունք սահմանափակվում է»:

Որոշումը կհրապարակվի մարտի 6-ին։

Լուսանկարները՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter