HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

«Հետքն» ընդդեմ Ֆիզիկայի ինստիտուտի գործով կողմերի միջև հաշտություն չկնքվեց

«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն ընդդեմ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամի դատական գործով արձանագրվեց, որ կողմերը հաշտություն չեն կնքում։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում դատավոր Աննա Փիլոսյանի նախագահությամբ այսօր կայացած դատական նիստի ժամանակ Ֆիզիկայի ինստիտուտի ներկայացուցիչ, փաստաբան Էմմա Հակոբյանը հայտարարեց, որ ինստիտուտը քայլեր է ձեռնարկել հաշտության համար, սակայն դրանք արդյունք չեն ունեցել։ Նախ, առաջարկել են բանակցություններ սկսել ինստիտուտի և ՀԿ-ի ղեկավարների միջև, սակայն հանդիպում չի ստացվել։ Դրանից հետո Ֆիզիկայի ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նիստերի օրակարգերն են տրամադրվել հայցվորի ներկայացուցչին, որպեսզի հստակեցվի հայցվող տեղեկության ծավալը, բայց դա էլ արդյունք չի տվել։

«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի ներկայացուցիչ, փաստաբան Գրիշա Բալասանյանն ուղղեց պատասխանողի ներկայացուցչին՝ նշելով, որ հայցվոր կողմն է խնդրել նիստերի օրակարգերի մասին տեղեկատվություն տրամադրել։ «Տրամադրվել է, բայց տեղեկատվությունն արժանահավատ չէ։ Մեկ տարվա ընթացքում 1 նիստ է գումարվել։ Քանի որ արժանահավատ չէ, ուստի բովանդակային առումով քննարկում չի եղել»,- ասաց Գրիշա Բալասանյանը։

Դատավոր Աննա Փիլոսյանը փորձեց վերաճշտել կողմերի դիրքորոշումը և հարցրեց հայցվորի ներկայացուցչին, թե ինչո՞ւ է համարում, որ Ֆիզիկայի ինստիտուտն անհիմն է տեղեկատվության համար գումարային պահանջ ներկայացնում։ Գրիշա Բալասանյանն ասաց, որ պատասխանողը տեղեկատվության համար գումար է պահանջել, բայց կարող է այդպիսի պահանջ ներկայացնել զուտ կատարած ծախսերի համար (կրիչներ, թուղթ և այլն)։

«Տեղեկություն տրամադրելու նպատակով աշխատողներ ներգրավելու և իրենց վճարելու հանգամանքը հակասում է Սահմանադրությանը։ Եթե յուրաքանչյուր մարմին տեղեկություն պահանջողին նման պահանջ ներկայացնի, ապա կխախտվի տեղեկատվություն ստացողի իրավունքը։ Ֆինանսների նման ծավալով պահանջը արգելակ է հանդիսանում, որ անձը չդիմի տեղեկատվություն ստանալու համար»,- ասաց «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի ներկայացուցիչը՝ արձանագրելով, որ Ֆիզիկայի ինստիտուտը տեղեկություն տրամադրող աշխատակցի աշխատավարձը պահանջելուց զատ, նաև աշխատանքը վերահսկողի աշխատավարձն է գումարում դրան։

Ֆիզիկայի ինստիտուտի ներկայացուցիչ, փաստաբան Էմմա Հակոբյանը հակադարձեց․ «Պատասխանողը լծակ չունի իր աշխատողներին անվճար աշխատեցնել նման ծավալի տեղեկատվություն համար, այդ ծավալի աշխատանք կատարելու համար։ Մյուս կողմից գիտական կազմակերպություններն ունեն կանոնադրական նպատակներ։ Ինչի՞ է հայցվորին թվում, որ գիտական կազմակերպության կանոնադրական նպատակները կարող են վտանգվել, քանի որ լրատվամիջոցն ունի կանոնադրական նպատակներ»։

Դատարանն արձանագրեց, որ կողմերը հաշտության եզրեր չեն գտել, և ապացույցները բաշխելու նպատակով նիստը հետաձգեց մինչև մարտի 6-ը։ 

«Հետքը» նախորդ տարի դիմել էր Ֆիզիկայի ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ներսես Երիցյանին և խնդրել տրամադրել հոգաբարձուների խորհրդի վերջին 9 տարիների որոշումները։ Երիցյանը մերժել էր տեղեկություն տրամադրելու մեր դիմումը՝ պայմանով, որ այդ տեղեկությունները կտան, եթե դրանք հավաքելու աշխատանքի համար վճարենք 550 հազար դրամ։ «Հետք»-ն էլ դիմել է դատարան և պահանջում է պարտավորեցնել ինստիտուտին այդ տեղեկություններն անվճար տրամադրել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter