HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Սամվել Մայրապետյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Հատուկ քննչական ծառայությունը վերացրել է բուժման նպատակով մեկ տարի առաջ Գերմանիա մեկնած «Հ2» հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց անձնական երաշխավորությունը։ Մայրապետյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել եւ միջնորդություն ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը դեռեւս չի քննվել։

Տեղեկությունը «Հետք»-ի հետ զրույցում հաստատեցին Հատուկ քննչական ծառայությունից՝ պարզաբանելով, որ Մայրապետյանը խուսափել է վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալ։

Իրավապահ համակարգում «Հետք»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՔԾ քննիչը որոշում է կայացրել Մայրապետյանի համար վճարված երաշխավորության գումարը՝ 30 մլն դրամը, պետականացնելու վերաբերյալ։

Նշենք, որ կաշառքի օժանդակություն կատարելու մեջ մեղադրվող Մայրապետյանին բուժման նպատակով երկրից թույլատրվել էր դուրս գալ 2019-ի հունվարի 25-ին։ Նրա համար անձնական երաշխավորություն էին տվել Առողջապահության նախարարության գլխավոր նյարդավիրաբույժ Ռուբեն Ֆանարջյանը և Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը՝ յուրաքանչյուրը վճարելով 15-ական մլն դրամ։

Վերջիններս ՀՔԾ-ում հարցաքննվել են ու հայտնել, որ չեն կարող ապահովել Մայրապետյանի ներկայանալը վարույթն իրականացնող մարմին։

Նշենք, որ Մայրապետյանին թույլատրվել էր երկրից դուրս գալ այն բանից հետո, երբ Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ բժիշկների կոնսիլիում էր անցկացվել և փաստվել, որ նրա բուժումը հնարավոր չէ կազմակերպել Հայաստանում։

Մինչ այդ  Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր որոշմամբ բավարարել էր Սամվել Մայրապետյանի միջնորդությունն, ով խնդրել էր Հայաստանի իշխանություններին պարտավորեցնել վերադարձնել իր անձնագիրը և թույլատրել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող, իր մատնանշած բուժհաստատությունում բուժման նպատակով անհապաղ մեկնել երկրից: Եվրոպական դատարանը որոշմամբ պահանջել էր անհապաղ երաշխավորել, որ դիմումատուն ստանում է իր առողջական վիճակին և բժիշկ-մասնագետների ցուցումներին համապատասխան պատշաճ բժշկական օգնություն։

Հիշեցնենք, որ Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործի շրջանակներում՝ Քրեական օրենսգրքի 38-311–րդ հոդվածի հատկանիշներով՝ կաշառք ստանալուն օժանդակելը:

Մեզ հետ զրույցում Սամվել Մայրապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանը հայտնեց, որ ինքը մոտ մեկ ամիս առաջ է կապ հաստատել Մայրապետյանի հետ, որը հայտնել է, որ ևս մեկ վիրահատության պետք է ենթարկվի, բայց ինքն էլ չգիտի, թե կոնկրետ՝ երբ։ Ըստ Կարեն Բատիկյանի՝ Մայրապետյանը հայտնել է, որ վիրահատությունից հետո վերադառնալու է։

Մայրապետյանի համար երաշխավորություն տված Ռուբեն Ֆանարջյանն ու Տեր Վահրամ քահանա Մելիքյանը չցանկացան խոսել այս թեմայով։ Տեր Վահրամ քահանա Մելիքյանը միայն հաստատեց, որ այս թեմայով զրույց է ունեցել ՀՔԾ քննիչի հետ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter