
Հայաստանի ընտրանու վիճակագրությունն Ազգերի լիգայում առաջիկա մրցակիցների հետ
Ինչպես արդեն գրել ենք, այսօր կայացած Ազգերի լիգայի 2020-2021 թթ. խաղարկության վիճակահանության ժամանակ Հայաստանի հավաքականն իմացավ իր առաջիկա մրցակիցներին:
4 դիվիզիոններից (A, B, C, D) 3-րդում ընդգրկված մեր ընտրանին աշնանը մրցելու է Վրաստանի, Հյուսիսային Մակեդոնիայի եւ Էստոնիայի հետ, որոնցից լավագույնը Ազգերի լիգայի հաջորդ խաղարկությանն արդեն 2-րդ դիվիզիոն կտեղափոխվի: Ազգերի լիգան լինելու է նաեւ աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլ, սակայն միանգամից պիտի ասել, որ կոնկրետ Հայաստանի համար այս խաղարկության միջոցով աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի կամ թեկուզ փլեյ-օֆի ուղեգիր նվաճելը շատ եւ շատ բարդ է լինելու, ու այն միայն մեր թիմից կախված չի լինելու:
Ժամանակից առաջ չընկնելով՝ ավելի լավ է անդրադառնանք մեր առաջիկա մրցակիցներին, որոնց բոլորին էլ նախկինում հանդիպել ենք:
Հարեւան վրացիների հետ մեր ֆուտբոլիստները հանդիպել են 5 անգամ, տարել են 1 հաղթանակ, նույնքան ոչ-ոքի են խաղացել եւ 3 պարտություն կրել, խփած եւ բաց թողած գոլերի տարբերությունը նույնպես հոգուտ վրացիների է՝ 4-11:
Առաջին հանդիպումը, որն ընկերական էր, կայացել է հեռավոր 1997-ի մարտի 30-ին Թբիլիսիում, որում մեր թիմը իր պատմության ամենախոշոր հաշվով պարտություններից մեկը կրեց՝ 0-7: Երկրորդ հանդիպումը Կիպրոսի մրցաշարի շրջանակներում էր՝ 2000-ի փետրվարի 6-ին Լիմասոլում: Վրացիները հաղթեցին 2-1: Մերոնցից աչքի ընկավ պաշտպան Վարդան Խաչատրյանը: Նույն տարվա ապրիլի 26-ին Երեւանում կայացած ընկերական խաղում գրանցվեց 0-0: 2004-ի փետրվարի 21-ին կրկին Կիպրոսի մրցաշարում, այս անգամ Նիկոսիայում, թիմերի ճանապարհները խաչվեցին, եւ Արման ու Արտավազդ Քարամյանների գոլերի շնորհիվ մերոնք հաղթեցին 2-0: Այս հաղթանակը մեզ համար մինչ օրս միակն է ազգային հավաքականների մակարդակով հայ-վրացական ֆուտբոլային դիմակայությունում: Հինգերորդ եւ առայժմ վերջին խաղը, որը եւս ընկերական էր, կայացել է 2011-ի փետրվարի 9-ին կրկին կիպրական Լիմասոլում: Վրացիները հաղթեցին 2-1, իսկ մերոնցից 11-մետրանոցով աչքի ընկավ Էդգար Մանուչարյանը:
Հյուսիսային Մակեդոնիան մեր հին մրցակիցն է: Հայ-մակեդոնական պայքարում մի փոքր առավելություն ունի մեր ընտրանին. թիմերը միմյանց հանդեպ տարել են 3-ական հաղթանակ ու 2 ոչ-ոքի խաղացել, գոլերը՝ 15-13՝ հօգուտ Հայաստանի:
Առաջին հանդիպումը եղել է «Եվրո-1996»-ի ընտրական փուլում՝ 1995-ի մայիսի 10-ին, Երեւանում, որում գրանցվեց 2-2: Մերոնցից գոլերի հեղինակ դարձան Ռազմիկ Գրիգորյանն ու Արմեն Շահգելդյանը: Սա պատմական հանդիպում էր, քանի որ պաշտոնական խաղերում առաջին անգամ Հայաստանի հավաքականը գոլեր խփեց: Ընդ որում՝ Սամվել Դարբինյանի սաները հաղթում էին 2-0 հաշվով, սակայն ձեռքից բաց թողեցին հաղթանակը, որը կարող էր դառնալ առաջինը պաշտոնական խաղերում: Այդուհանդերձ, այդ հաղթանակը իրականություն դարձավ նույն մակեդոնացիների հետ պատասխան խաղում, որը կայացավ 1995-ի սեպտեմբերի 6-ին Սկոպիեում: Կրկին Գրիգորյանի ու Շահգելդյանի գոլերի շնորհիվ մեր թիմը հաղթեց 2-1 հաշվով: Հետաքրքիր է, որ այս անգամ էլ մերոնք էին պարտվում 0-1, բայց կամային հաղթանակ տարան. այսպես Հայաստանի ընտրանու պատմության մեջ առաջին պաշտոնական հաղթանակը կայացավ արտագնա խաղում:
Աշխարհի 2006 թ. առաջնության ընտրական փուլում հավաքականները նորից երկու հանդիպում անցկացրին: 2004-ի օգոստոսի 8-ին Սկոպիեում Հայաստանը պարտվեց 0-3 հաշվով: 2005-ի հունիսի 4-ին Երեւանում տեղի ունեցած պատասխան հանդիպմանը նորից հաղթեցին բալկանցիները՝ 2-1: Հյուրերի առաջատար Պանդեւի երկու գոլերին մեկ անգամ պատասխանեց մեր թիմի ծագող աստղ Էդգար Մանուչարյանը:
«Եվրո-2012»-ում, որը Հայաստանի հավաքականի պատմության մեջ ամենահաջողվածն էր, թիմերը 2010-ի սեպտեմբերի 7-ին հանդիպեցին Սկոպիեում: Յուրա Մովսիսյանի ու Էդգար Մանուչարյանի գոլերը, ցավոք, չօգնեցին Վարդան Մինասյանի թիմին հաղթանակ տանել: Մինչ օրս ֆուտբոլասերները հիշում են խաղավարտին Արարատ Առաքելյանի ձեռքով խաղը սեփական տուգանայինում, որը հանգեցրեց 11-մ հարվածի, եւ խաղն ավարտվեց 2-2: Այդուհանդերձ, այդ խաղը ցույց տվեց մեր ընտրանու մեծ ներուժը, որը ռեալիզացվեց հետագա մրցելույթներում: Վերելքի վրա գտնվող հայ ֆուտբոլիստները 2011-ի հոկտեմբերի 7-ին Մարկոսի, Հենրիխ Մխիթարյանի, Գեւորգ Ղազարյանի ու Արթուր Սարկիսովի գոլերի շնորհիվ բալկանցիներին հաղթեցին 4-1 հաշվով:
Վերջին երկու հանդիպումներն էլ կայացան Ազգերի լիգայի անդրանիկ խաղարկության ժամանակ: 2018-ի սեպտեմբերի 9-ին Սկոպիեում տանտերերը հաղթեցին 2-0, սակայն նույն տարվա հոկտեմբերի 16-ին հայ ֆուտբոլիստներն արժանի ռեւանշի հասան 4-0 հաշվով: Գոլերը խփեցին Մարկոսը, Յուրա Մովսիսյանը, Գեւորգ Ղազարյանը, Հենրիխ Մխիթարյանը:
Էստոնիայի հետ էլ մեր ընտրանին հանդիպել է 5 անգամ, տարել է 1 հաղթանակ, 2 ոչ-ոքի խաղացել եւ նույնքան պարտություն կրել, գոլերի տարբերությունը՝ 6-4՝ հօգուտ Էստոնիայի:
Առաջին անգամ թիմերը հանդիպել են ընկերական խաղում, որը կայացել է 1998-ի նոյեմբերի 21-ին Աբովյանում: Մեր ընտրանին Կարեն Բարսեղյանի ու Կարեն Սիմոնյանի գոլերի շնորհիվ հաղթել է 2-1: Պատասխան ընկերական խաղը 1999-ի օգոստոսի 18-ին Պյառնուում էր, որում տանտերերը հաղթել են 2-0: Թիմերի ճանապարհները խաչվել են աշխարհի 2010 թ. առաջնության ընտրական փուլում: 2009-ի մարտի 28-ին Երեւանում գրանցվեց 2-2, մերոնցից աչքի ընկան երիտասարդ Մխիթարյանն ու Ղազարյանը, որոնք հավաքականում խփեցին իրենց առաջին գոլերը: Նույն տարվա ապրիլի 1-ին Տալլինում Էստոնիան հաղթեց 1-0 հաշվով: Մեկ ընկերական հանդիպում էլ կայացավ 2018-ի մարտի 24-ին Երեւանում, որն ավարտվեց 0-0:
Այս պահին ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման աղյուսակում Հս. Մակեդոնիան 63-րդն է, Վրաստանը՝ 91-րդը, Հայաստանը՝ 102-րդը, իսկ Էստոնիան՝ 104-րդը:
Նկատենք, որ Ազգերի լիգայի անդրանիկ խաղարկության արդյունքներով 4-րդ դիվիզիոնում ընդգրկված Վրաստանն իր խմբում է առաջին տեղը զբաղեցրել, իսկ Հս. Մակեդոնիան՝ իր: Վերջիններիս հետ նույն խմբում էր նաեւ Հայաստանը, որը ցավալիորեն սայթաքեց Ջիբրալթարի ու Լիխտենշտայնի հետ խաղերում, այլապես կգրավեր առաջին տեղն ու դուրս կգար խմբից: Իսկ խմբից դուրս գալը նշանակում էր հրաշալի հնարավորություն նվաճելու «Եվրո-2020»-ի եզրափակչի ուղեգիր: Մարտի 26-ին 4-րդ դիվիզիոնի 4 խմբերի հաղթողները հանդիպելու են իրար. Վրաստանն ընդունելու է Բելառուսին, իսկ Հս. Մակեդոնիան՝ Կոսովոյին: Հաղթողները մարտի 31-ին կայանալիք խաղում որոշելու են այն երջանիկին, որը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: Նշված չորսի համար էլ դա կլինի նման առաջին հաջողությունը:
Մեկնաբանել