HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Միկրոձեռնարկատիրության դաշտում գործելու համար 32 հազար տնտեսվարող է հայտ ներկայացրել. մի մասը ռիսկային են

2020 թվականի ընթացքում միկրոձեռնարկատիրության համակարգում գործելու համար Պետական եկամուտների կոմիտե հայտ է ներկայացրել շուրջ 32 հազար տնտեսվարող սուբյեկտ։ Վերլուծությունների արդյունքում նրանցից արդեն իսկ 1150-ը դիտարկվել են որպես ռիսկային։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետ Կարեն Թամազյանը։

2019 թվականին ընդունված Հարկային օրենսգրքի փոփոխություններից հետո այսօր Հայաստանում գործում են հարկման ընդհանուր և հատուկ համակարգեր։ Հատուկ համակարգերից մեկը միկրոձեռնարկատիրության համակարգն է, որի շրջանակներում կազմակերպությունները և ֆիզիկական անձինք ազատվում են ինչպես ԱԱՀ-ից, շահութահարկից, այնպես էլ՝ շրջանառության հարկից։ Միկրոձեռնարկատիրության սուբյեկտների իրացման տարեկան շրջանառությունը չպետք է գերազանցի 24 մլն դրամը։

Ըստ Կարեն Թամազյանի՝ հենց շրջանառության շեմից բխող ռիսկեր են ի հայտ եկել տնտեսվարողների մոտ։ Այսինքն՝ տնտեսվարողները փորձել են կեղծ տեղեկատվություն ներկայացնելու միջոցով ներառվել միկրոձեռնարկատիրության համակարգում։

«Ռիսկերից մեկն այն է, որ գերազանցելով 24 մլն դրամի շեմը՝ սուբյեկտները գործողությունից հանել են ՀԴՄ-ն և նույն ՀԴՄ-ն նույն հասցեում գրանցել մեկ այլ սուբյեկտի անունով։ Խոսքը 460 տնտեսվարողների մասին է։ Եվս 274 տնտեսվարող էլ՝ ֆիզիկական անձինք, միկրոձեռնարկատիրության համակարգում գործելու համար, հանդիսանալով վարձու աշխատող այլ տնտեսվարող սուբյեկտի մոտ, հաշվառվել են որպես ԱՁ»,- ասաց Կարեն Թամազյանը։

Նրա խոսքով՝ ամենատարածված խախտումներից է նաև այն, որ առևտրի իրականացման վայրում, առևտրի կենտրոններում և տոնավաճառներում, օրինակ՝ ոսկու շուկաներում գործունեություն իրականացնող առանձին տնտեսվարողներ իբրև իրացնում են «սեփական արտադրանք»՝ գործելով միկրոձեռնարկատիրության համակարգում։ Սակայն առկա են ռիսկեր, որ իրականում վերջիններս իրականացնում են առք ու վաճառք, որի դեպքում չեն կարող լինել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։ Այստեղ էլ խոսքը 245 տնտեսվարողի մասին է։

Միկրոձեռնարկատիրության վերաբերյալ տնտեսվարողներն ու հաշվապահներն էլ իրենց հերթին են խնդիրներ տեսնում։ Ինչպես ավելի վաղ գրել ենք, կա մի քանի ոլորտ, որոնց մասով հստակեցված չէ՝ կարո՞ղ են գործել այս դաշտում, թե չէ։

«Հետք»-ի հարցին ի պատասխան, թե՞ ինչ քայլեր են արվում ոլորտների հստակեցման համար, Կարեն Թամազյանը նշեց, որ ներկայում քննարկվում է այդ հարցը մի քանի գերատեսչությունում, սակայն չնշեց, թե երբ կհստակեցվեն։

«Տարընթերցումները վերաբերում են հիմնականում խորհրդատվական, հաշվապահական և համանման ծառայություններ մատուցողներին և հենց «համանման» տերմինին։ Տեղյակ ենք, որ կան խնդիրներ։ Գործունեության տեսակները սահմանված են էկոնոմիկայի նախարարի հրամանով։ Այս պահին աշխատանքներ են տարվում, որպեսզի հստակեցվեն, թե որոնք են դասվում նշված «համանման» ծառայությունների շարքին։ Մնացած ոլորտների մասով հստակ նշված է, թե ովքեր կարող են գործել միկրոձեռնարկատիրության դաշտում»,- նշեց ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետը։

Ըստ նրա՝ մինչև փետրվարի 20-ն արդեն բացահայտվել է շուրջ 200 դեպք, երբ տնտեսվարող սուբյեկտները չեն համապատասխանել միկրոձեռնարկատիրության համակարգին և նրանց այդ մասին ծանուցվել է. «Նրանք արդեն ներկայացրել են հայտ՝ ավելացված արժեքի հարկի կամ շրջանառության հարկի դաշտում գործելու»։

Կարեն Թամազյանը հայտարարեց, որ եթե որևէ տնտեսվարող սուբյեկտ այս պահին չի կողմնորոշվում՝ ինքը կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, թե՞ ոչ, ապա կարող է դիմել համապատասխան մարմիններին, այդ թվում ՊԵԿ-ին, և ստանալ պարզաբանումներ։

Ավելի վաղ միկրոձեռնարկատիրության ոլորտների տարընթերցումների հարցով «Հետքը» դիմել է նաև վարչապետի աշխատակազմ, որտեղից մեզ պատասխանել են, թե վարչապետի աշխատակազմը Էկոնոմիկայի նախարարությունից գրություն է ստացել այս խնդրի վերաբերյալ։

«Այն ուղարկվել է Ֆինանսների նախարարություն և Պետական եկամուտների կոմիտե՝ ներկայացված խնդիրները քննարկելու և դրանց լուծման առաջարկություններ ներկայացնելու համար»,- նշել էին վարչապետի աշխատակազմից։

Մեկնաբանություններ (1)

Anaahit
Բազմաթիվ անգամ դիմել ենք պարզաբանելու համար կարող ենք համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ թե ոչ, բայց ոչ մի անգամ պատասխան չի տրվել։ Ասում են գնացեք կարդացեք օրենքի այսինչ հոդվածը։ Դիմել ենք և գրավոր և բանավո։ Ունեմ գրավոր պատասխանը ՊԵԿ ից որտեղ ասում է կարդա օրենքը ։ Կարեն Թամրազյանը ՍՏՈՒմ է, երբ ասում է, որ կարելի է պատասխան ստանալ ՊԵկից։ Թող ինքը փորձի վերցնել հեռախոսը և հարցնել թեժ գծից։ Կարծում եմ նունիսկ իրենք ներքին հրաման ունեն, չպատասխանել այդ հարցերին։ Գիտեմ բազմաթիվ հաշվապահներ որոնք նույնպես այդպես էլ չկարողացան պատասխան ստանալ ՊԵԿից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter