
Մեկ տարում գրանցված աշխատողների քանակը 7 %-ով աճել է
2019 թվականին Հայաստանում գրանցված աշխատողների թվաքանակն աճել է։ Ըստ ՊԵԿ-ի՝ այն պայմանավորված է ինչպես նոր աշխատատեղերի ստեղծմամբ, այնպես էլ՝ հարկային վարչարարությամբ։
2019 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանում գրանցված աշխատողների քանակը 629 հազար է, որը 2018 թվականի դեկտեմբերի համեմատ աճել է 41 հազարով կամ 7 %-ով, իսկ 2018 թվականի ապրիլի համեմատ՝ 88 հազարով կամ 16 %-ով։ Տվյալներն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետ Կարեն Թամազյանը։
Նրա խոսքով՝ աճը գրանցվել է հիմնականում մանրածախ առևտրի, հանրային սննդի կազմակերպման, սննդամթերքի արտադրության, ինչպես նաև ծառայությունների ոլորտներում։ Աշխատողների թվաքանակի աճը, ՊԵԿ պաշտոնյայի մեկնաբանմամբ, պայմանավորված է նոր աշխատատեղերի ստեղծմամբ, հարկային վարչարարությամբ, հարկատուների ինքնահայտարարագրմամբ և այլն։
ՊԵԿ-ը նախորդ տարի նաև հաշվարկային փաստաթղթերի և տնտեսվարողների գրանցած շրջանառության ծավալների աճ է արձանագրել։ «Մասնավորապես, 2019 թվականին դուրս է գրվել շուրջ 482 մլն հատ հաշվարկային փաստաթուղթ՝ ՀԴՄ կտրոն, հարկային հաշիվ և հաշիվ վավերագիր, և դրանցով արտացոլված շրջանառությունը կազմել է շուրջ 6.1 տրլն դրամ։ 2018 թվականի համեմատ հաշվարկային փաստաթղթերի քանակն աճել է 39 %-ով, իսկ շրջանառությունը՝ 14 %-ով»,- նշեց Կարեն Թամազյանը։
Ըստ նրա՝ 2019 թվականին ավելացել են նաև հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման ու չգրանցված աշխատողների հայտնաբերման դեպքերը. «Մասնավորապես, ՀԴՄ խախտումների բացահայտված դեպքերն աճել են շուրջ 14 %-ով, իսկ չգրանցված աշխատողների բացահայտված դեպքերը՝ շուրջ 55 %-ով։ Բացահայտվել է մոտ 1500 չգրանցված աշխատող»։
Տես նաև՝
Մեկնաբանել