HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Թափառումներ Շրի Լանկայում (մաս 1)

Հոկտեմբերի կողմերը Նարեկն ասաց․

- Քել ձմռանը գնանք Շրի Լանկա։ Էն օրը Ամիրյանի վրա Նաստյային տեսա, հարցրի՝ թե բա դու հոսթել ունեիր Շրի Լանկայում, չէ՞, ու ասում էիր, որ ուզենամ գնալ, բանալիները կտաս ու կասես՝ ինչը ոնց։

Ես էլ ասեցի՝ է, քե՛լ։ Սպասեցինք ձմեռը ձմեռ դառնա ու փետրվարի սկզբին, առաջին ձյունը դեռ ցեխ չդարձած՝ «Յու» տաքսին մեզ տանում էր օդանավակայան։

Էմիրաթների Շարժա քաղաքի օդանավակայանի փքաբլիթներն ուտելուց ու բքած ծխարանում ժամանակ սպանելուց հետո, Շրի Լանկա հասնելուն մնացել էր չորս ինքնաթիռային ժամ։

Շրի Լանկայի օդանավակայանում մեզ դիմավորեց տրոպիկական թանձր տոթը ու, տասը րոպե հետո, Աջանի ուղարկած տաքսու վարորդը։

Երբ արթնացանք, արդեն ցերեկ էր, ու որոշեցինք, ինչպես հարիր է իրեն հարգող զբոսաշրջիկին, ուղղակի շրջել Նեգոմբոյում՝ մեր հոսթելի քաղաքում։

Դոկումենտալիստի երևակայական պատասխանատվության զգացմանը հետևելով՝ մտանք մի պատահական բակ։

Սկզբում ուրախանում էինք ամեն անգամ տուկ-տուկ տեսնելիս ու նկարում, իսկ հետո սովորեցինք ու հրաժարվեցինք տուկ-տուկների սակրալիզացիայից։

Զգացինք, որ քաղցած ենք ու ծարավ։ Ինչ-որ բուրգերանման բան կերանք, որովհետև բաց էինք թողել տեղական սթրիթ-ֆուդի ժամերը․ առավոտյան 6-8-ը ու ցերեկը կեսօրից մինչև 2-ը։

Հարգելի՛ ատենակալներ, չմոռանանք, թե ինչու ենք հավաքվել ու քայլենք դեպի ծովափ։

Ծո՜վ։

Գնացինք Աջանի խորհուրդ տված ծովամերձ բարը՝ Ռոդեոն։

Կողքի սեղանի բրիտանացիների հետ մի քանի բառ ֆուտբոլի մասին փոխանակելուց հետո քայլեցինք դեպի հոսթել։

Ինչպես պատահաբար տոնեցինք Շրի Լանկայի անկախության օրը

Հոսթելի հյուրերից մեկից իմացանք, որ հաջորդ օրը Շրի Լանկայի անկախության օրն է։ Դրա առթիվ Կոլոմբոյում՝ երկրի ոչ պաշտոնական մայրաքաղաքում, որը մեզնից մի ժամվա հեռավորության վրա էր, առավոտը իննին ռազմական մեծ շքերթ է լինում։ Զարթուցիչները լարված էին, բայց կարողացանք արթնանալ միայն տասին։ Որոշեցինք ամեն դեպքում գնալ տեսնել՝ ինչ կա-չկա։

Ավտոկայանի կողքը մեծ շուկա կար՝ իսկական ասիական թոհուբոհով։

Տուկ-տուկի վարորդի հետ նստեցինք բանակցությունների սեղան։ Ինչպես և կյանքում՝ կարևոր էր ցույց տալ, որ արդյունքը քեզ այդքան էլ չի հետաքրքրում։ «Կամ երկու հարյուր ռուփի, կամ մենք հերթական ավտոբուսն ենք նստում»։ Եվ ահա սուրում ենք մեզ ավելի ծանոթ ուրբանիստական լանդշաֆտով դեպի քաղաքի կենտրոնական զբոսայգի՝ Վիհարամահադեվի։

Շքերթից հետո որոշեցինք մի քիչ վերականգնել ուժերը մոտակա ռեստորանում և զբոսնել Կոլոմբոյով։

Վերցրինք իրենց ամենաավանդական ճաշը՝ տարբեր համեմունքներով փլավ, մանրացված կոկոս, ինչ-որ պստիկ չորացրած ձկներ, գուավայի հյութ։ Էն տերևների ուտելիության աստիճանը կասկածի տակ դնելուց հետո թեթև հայհոյեցինք նաև գուավայի հյութը։ Մշակութաքիմքային տարբերություններ։

Կոլոմբոյի փողոցները չափչփելուց հետո որոշեցինք տուկ-տուկ վերցնել ու գնալ լողափ։

Տուկ-տուկի վարորդը առաջարկեց մեզ անվճար տանել լողափ՝ պայմանով, որ կմասնակցենք «դարի աֆյորային»։ Ճանապարհին մտանք մի ոսկերչական խանութ, հինգ րոպե կապույտ սապֆիրների հանդեպ բուռն հետաքրքրություն ձևացրինք, ինչի դիմաց մեր վարորդը ստացավ երկու լիտր վառելիք, իսկ եթե ինչ-որ բան գնեինք, էլ ավելի կերջանկանար, քանի որ կստանար վաճառքի գումարի հիսուն տոկոսը։

Որոշեցինք վերադառնալ Վիհարամահադեվի զբոսայգի, տեսնել՝ ուրիշ ինչ միջոցառում կա քաղաքում։

Ինտենսիվ շինարարություն Կոլոմբոյում։

Վերադարձ Վիհարամահադեվի։

Հաջորդ մասում կգնանք ուրիշ քաղաքներ, կպայքարենք կոկորդիլոսների դեմ, կմասնակցենք բուդդիստական տոնի ու լուսաբացը կդիմավորենք կանգառում։ Գուշակեք՝ որն ենք հորինել։ Ընթերցո՛ղ, հետևիր մեզ։

տեքստը՝ Նարե Նավասարդյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter