HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Խորհրդարանում քննարկվեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի նախագիծը

Պետությունը սկսում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթաց: Խորհրդարանում առաջին ընթերցմամբ քննարկվեց Կառավարության ներկայացրած «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» և հարակից ներկայացված նախագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով` առաջարկվող նախագիծը քրեաիրավական միջոց չէ, այլ քաղաքացիական հայց ներկայացնելու ինստիտուտ է:

«Այն թույլ է տալիս բռնագանձել գույքը, որի ձեռքբերումը օրինական եկամտի աղբյուրներով չի հիմնավորվում: Նման գույքի առնչությամբ գործում է ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը, որը կարող է պատասխանող կողմից հերքվել` գույքի ձեռքբերումը հիմնավորող ապացույցների ներկայացմամբ»,- մանրամասնեց նախարարը:

Բադասյանի խոսքով` ընդդիմախոսները փորձում են այս նախագիծը ներկայացնել որպես կուլակաթափության ինստիտուտ և այդ կերպ շահարկել նախագիծը: Նախարարի վստահեցմամբ, սակայն, այն կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում է, հանրության բարիքները գողացած անձանց գույքի դեմ հայց ներկայացնելու և հօգուտ բյուջեի բռնգանձման ինստիտուտ է:

Բադասյանը մանրամանեց` արտագնա աշխատանքի մեկնած անձը, որն այդ կերպ է ընտանիքի եկամուտը վաստակել և չունի իր եկամուտները ներկայացող փաստաթուղթ, այս օրենքի գործողության հետ կապ չունի:

«Օրենքում ամրագրված է նաև բարեխիղճ ձեռքբերողի ինստիտուտը, եթե օրինակ գործարարը ձեռք է բերել գույք, որն ի սկզբանե` մինչև իր ձեռք բերելը ապօրինի ճանապարհով է ձեռք բերվել, այդ դեպքում գույքը ենթակա չէ բռնագանձման: Դրա փոխարեն գույքի արժեքը կբռնագանձվի այն անձից, ով ապօրինի ճանապարհով է սկզբնական շրջանում գույքը ձեռք բերել»,- ասաց Ռուստամ Բադասյանը:

Իրավասու մարմինը` դատախազությունը, կարող է սկսել ուսումնասիրություն հետևյալ հիմքերի առկայության դեպքում.

1) առկա է օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատական ակտ, որով հաստատվում է օրենքով նախատեսված հանցագործություններից որևէ մեկի կատարումը, և տվյալ քրեական գործի նյութերով առկա են բավարար հիմքեր կասկածելու, որ դատապարտված անձին կամ իր հետ փոխկապակցված անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք, որը չի բռնագանձվել դատավճռով,

2) հարուցված քրեական գործով անձը որպես մեղադրյալ է ներգրավվել այս օրենքով նախատեսված հանցագործություններից որեւէ մեկի կատարման համար, և առկա են բավարար հիմքեր կասկածելու, որ առկա է ապօրինի ծագում ունեցող գույք,

3) առկա են բավարար հիմքեր կասկածելու, որ առկա է ապօրինի ծագում ունեցող գույք, սակայն այս օրենքով նախատեսված հանցագործություններից որևէ մեկի կատարման առնչությամբ քրեական հետապնդումը կամ քրեական գործի հարուցումն անհնար է հետևյալ հիմքերից մեկով.

ա) ընդունվել է համաներման մասին օրենք

բ) անցել են վաղեմության ժամկետները

գ) անձը մահացել է

դ) անձն արարքը կատարելու պահին չի հասել քրեական պատասխանատվության ենթարկելու` օրենքով նախատեսված տարիքին

4) առկա են բավարար հիմքեր կասկածելու, որ առկա է ապօրինի ծագում ունեցող գույք, սակայն այս օրենքով նախատեսված հանցագործություններից որևէ մեկի կատարման առնչությամբ հարուցված քրեական գործը կասեցվել է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից որևէ մեկով

5) «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերված տվյալներով առկա են բավարար հիմքեր կասկածելու, որ պաշտոնատար անձին կամ իր հետ փոխկապակցված անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք:

Լուսանկարը` Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter