HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

2019-ին վթարների հետևանքով 341 մարդ է զոհվել

Փետրվարի 24-ին սկսվեց 2019-ի հուլիսին «Զոդի» կամրջի վրա տեղի ունեցած վթարի դատական գործի քննությունը։ «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Սողոմոն Հակոբյանը, ըստ մեղադրանքի, խախտել է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման պահանջներն ու կանոնները եւ անուշադրությամբ առաջացրել յոթ մարդու մահ, չորս մարդու էլ՝ պատճառել միջին ծանրության և ծանր մարմնական վնասվածքներ։ Զոհվել է մեկ անչափահաս երեխա, երեք երիտասարդ։ Նախորդ տարում սա բազում կյանքեր խլած պատահարներից ընդամենը մեկն է:

2019 թվականի ընթացքում Հայաստանում գրանցվել է 4799 ճանապարհատրանսպորտային պատահար։ 2006 թվականից ի վեր սա վթարների ամենաբարձր ցուցանիշն է։

Ոստիկանությունը «Հետքին» չի տրամադրել 2019 թվականի ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) վիճակագրության մանրամասները, քանի որ խափանվել է ՃՏՊ-ների հաշվառման էլեկտրոնային ռեգիստրը եւ հայտնի չէ, թե երբ այն կվերականգնվի:

Վթարների՝ 2019 թվականի վիճակագրական պատկերը

2019 թվականին 4799 վթարի հետևանքով զոհվել  է 341 մարդ, մարմնական վնասվածքներ ստացել՝ 6801-ը։

2018 թվականի համեմատ 2019-ին աճել է թե՛ վթարների և թե՛ վիրավորների թիվը։ Միայն զոհերի թիվն է 2-ով նվազել։

2018թ.-ին գրանցվել էր 4111 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել էր 343 անձ, վիրավորվել՝ 5950-ը։ 

Վերջին երկու տարիներին վթարների թվի կայուն աճի միտում է նկատվում՝ 16-17 %-ով։

Ճանապարհատրանսպորտային պատահաների դեպքերով զոհվել է 264 տղամարդ, 74 կին։ Կանայք հիմնականում մահացել են հետիոտնի կարգավիճակում կամ եղել են ուղևոր։

Ճանապարհային ոստիկանությունը վթարների վերաբերյալ վիճակագրությունը վարում է ըստ դրա տեսակների. այսինքն՝ բախում է, շրջում, խոչընդոտի պատճառով, հետիոտնի, թե հեծանվորդի վրաերթ, ուղևորի վայր ընկնել, թե այլ պատահար:

Մինչ առանձնացված անդրադառնանք յուրաքանչյուր վթարի տեսակին՝ վիրավորների և զոհերի թվով, նախ ներկայացնենք այս վթարների թվային տվյալները՝ առանձնացված գրաֆիկով։

Ինչպես երեւում է գծապատկերից՝ ճանապարհատրանսպորտային պատահարների գրեթե կեսը եղել է բախման հետեւանքով։ Այս պատահարներից են ամենից շատ վիրավորներ եղել։ Արձանագրված 2120 բախումներից 3577 մարդ մարմնական վնասվածք է ստացել, 100 մարդ զոհվել է։ 

ՃՏՊ-ների տեսակների ցուցակում երկրորդ տեղում  հետիոտնի վրաերթն է ։ Այս պատահարների արդյունքում ամենաշատ՝ 117 զոհն է գրանցվել։ Նախորդ տարի հետիոտնի վրաերթի 1235 դեպք է հաշվառվել, որի հետևանքով 1222 մարդ մարմնական վնասվածք է ստացել։

ՃՏՊ-ների մեջ մեծ թիվ են կազմում նաև խոչընդոտի վրաերթն ու շրջումը։ Շրջման դեպքում մահացությունների դեպքերն առավել ռիսկային են։ Օրինակ՝ շրջման 510 դեպքից 77 մարդ է մահացել։ Այսինքն՝ յուրաքանչյուր 7 շրջումից մեկ մարդ զոհվել է։

«Վարորդի ընկեր» ՀԿ-ի նախագահ Տիգրան Քեյանն ասում է՝ մինչ օրս վթարների վերաբերյալ հստակ ուսումնասիրություն չի իրականացվել, այդ իսկ պատճառով դժվար է խոսել վթարների հիմնական պատճառների մասին։ Նրա դիտարկմամբ, հստակ չէ՝ վթարները եղել են մեքենաների տեխնիկակա՞ն վիճակի, ճանապարհի՞ վիճակի, թե՞ եղանակային պայմանների պատճառով։

«Քանի որ այդ վերլուծությունը չկա, չենք կարող ասել, թե վթարի իրական մեղավորն ով է»,-ասում է նա։

Անդրադառնալով մեքենաների ներկրմամբ պայմանավորված վթարների աճին՝ Քեյանը նկատում է՝ եթե մեքենաների աճ կա, բնականաբար, վթարների աճ պետք է լինի, առավել ևս, երբ ներկրված մեքենաների կեսը շահագործման ենթակա չէ։

Երթևեկության մասնակիցները վարորդներն են, հետիոտներն ու ուղևորները։

Վթարների մասնակիցները մեծամասամբ տղամարդիկ են եղել։ Ոստիկանության վիճակագրությամբ՝ վթարների հետևանքով ևս հիմնականում զոհվել են վարորդները։

Մեծ է նաև հետիոտների մահացության թիվը։ Պատահարների հետևանքով նախորդ տարի 116 հետիոտն է մահացել։

Տիգրան Քեյանը հետիոտնային վթարների պատճառ է համարում  երթևեկության կանոններին չտիրապետելը։ Ասում է՝ հետիոտներն անցնում են չնախատեսված վայրերով կամ այն ժամանակահատվածում, երբ տեսանելիությունը վարորդի համար խիստ ցածր է ։ «Անվտանգ երթեւեկություն ունենալը միայն օրենքների խստացմամբ չպետք է լինի։ Մարդկանց փոքր տարիքից պետք է կրթել, սովորեցնել օրենք հարգել և պահպանել»,-նշում է նա։

Վթարներն՝ ըստ մարզերի և Երևանի

Ճանապարհատրանսպորտային ամենաշատ պատահարները գրանցվել են Երևանում, Կոտայքի և Արարատի մարզերում: 2018-ին այս պատկերը նույնն էր։

Վթարների գրեթե կեսը բաժին է ընկնում Երևանին։ 2018թ.-ի համեմատ՝ նախորդ տարի Երևանում տեղի ունեցած վթարների թիվն աճել է 340 դեպքով կամ 19 տոկոսով:

2019-ին Երևանում գրանցվել է 2172 տրանսպորտային պատահար։ Դրա հետևանքով զոհվել է 86 անձ, վիրավորվել՝ 2801-ը: 2018 թվականի համեմատ Երևանում աճել է թե՛ վթարների, թ՛ե զոհերի և թե՛ վիրավորների թիվը։

Տիգրան Քեյանի խոսքով՝ Երևանում գրանցված վթարների հիմնական մասը փոքր գույքային վթարներ են։

«Երևանի խաչմերուկներում երթևեկությունն առավել ծանրաբեռնված է, քան այլ հատվածներում։ Բնականաբար, այդ հատվածներում իրար չզիջելու, ինչ-որ մասով անցնելու միտումի հետևանքով վթարներ են առաջանում»,-ասում է «Վարորդի ընկեր» ՀԿ-ի նախագահ Տիգրան Քեյանը։

Սակայն, իր կարծիքով, մարզերում ավելի անկարգ են վարում, քանի որ խիստ հսկողություն չկա, ճանապարհատրանսպորտային կանոններին շատերը չեն տիրապետում։

ՃՏՊ-ների թվով երկրորդ մարզը Կոտայքն է։ Այստեղ 2019-ին եղել է 438 պատահար՝ 35 զոհով, 668 վիրավորով։

Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանը դեռևս նախորդ տարի Կոտայքի մարզում գրանցված պատահարների զգալի թիվը պայմանավորել էր դեպի Սևան, Ծաղկաձոր, Աղվերան և այլ հանգստյան գոտիներ տանող ավտոճանապարհի երթևեկության ակտիվությամբ։

Տիգրան Քեյանը կարծում է, որ վթարների թիվը նվազեցնելու համար ոստիկանությունը պետք է խոստացնի և փոփոխի վարորդական իրավունքի վկայական տրամադրելու կարգը. «Մի համակարգ է ներդրված, որն ավտոմատ վկայական է բաժանում։ Շատ աբսուրդ իրավիճակում է գործնական քննություն անցկացվում՝փակ տարածքում, որտեղ իրականում երթևեկության մասնակցի չես հանդիպում, իրենք չեն տեսնում՝ երթեւեկության մեջ քեզ ինչպես ես տիրապետում»,- ասում է Տիգրան Քեյանը։

Գլխավոր լուսանկարը՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանություններ (1)

any
No technical car controls (about security and polution) No trafic education ! No serious driving schools ! Everyone begins to drive by himself , even at the age of 8 or 9.. No knowledge of rules+ laws ! No exam to get a driving license( you even can BUY it, like in the corrupt moslem- and other atheist countries ) No investigations about reasons of accidents : Armenia is still on the level of Middle Age ; of course, because a human life seems to have not much value..: Mister trafic-minister , go to West.-Europe to perform yourself ,so that you may do serious work in Armenia, and so , streets may be secure. Merci !

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter