HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Կառավարության նիստը կրկին մեկնարկեց կորոնավիրուսի կանխարգելման մասին քննարկմամբ

Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին վարչապետ Փաշինյանը կրկին հետաքրքրվեց կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված աշխատանքներով:

Առողջապահության նախարարը հայտնեց, որ բոլոր միջոցառումները շարունակում են իրականացնել՝ սկսած սահմանային հսկողությունից մինչև այն պացիենտների հսկողություն, որոնք հնարավոր է, որ ունենան ախտանիշներ:

«Ունենք մեկ հաստատված դեպք, որ գտնվում է ինֆեկցիոն հիվանդանոցում և 31 քաղաքացիներ, որոնք մեկուսացված են և հիմա ապրում են Ծաղկաձորում: Բոլորի ինքնազգացողությունը լավ է, որևէ գանգատ չունեն»,- նշեց Ա. Թորոսյանը:

Նախարարի խոսքով՝ երեկ հետազոտել են նաև կորոնավիրուսով հիվանդ քաղաքացու կնոջը, որի մոտ կրկին հերքվել է հիվանդության առկայությունը:

Հունվարի վերջից մինչ օրս կատարվել է 162 նմուշ, որոնցից միայն մեկն է դրական եղել:

«Գոլդեն Փելես»-ում գտնվող քաղաքացիները, նախարարի խոսքով, ապահովված են ամեն ինչով, ունեն գրքեր, ինտերնետ, հեռուստատեսություն: Քաղաքացիներն այնտեղ կմնան մինչև մարտի 14-ը:

Վարչապետը հետաքրքրվեց նաև աշխարհում տիրող իրավիճակի մասին:

Արսեն Թորոսյանը նշեց, որ Չինաստանը, լինելով հիվանդության աղբյուրը, ամենաառաջինն էր սկսել միջոցառումները, նոր դեպքերի և նոր մահերի գրանցման կտրուկ անկում է ապրել, և այն նահանգը, որտեղ սահմանափակման միջոցառումներ են իրականացվել, աստիճանաբար վերադառնում է իր բնականոն կյանքին: Իրավիճակը մի քիչ բարդանում է Հարավային Կորեայում, Իրանում, ինչպես նաև՝ Իտալիայում, և արդեն մի քանի հարյուր դեպք է արձանագրվել Գերմանիայում, Ֆրանսիայում և Իսպանիայում:

«Հայաստանում նոր դեպքերի դեպքում, իհարկե, կհայտնենք դրա մասին: Ամեն ինչ վերահսկելի է, և հանրապետությունը կարող է իր բնականոն կյանքով ապրել»,- նշեց առղջապահության նախարարը:

Հիվանդության կանխարգելմանն ուղղված քայլերն իրականացվում են նաև Կառավարությունում:

Այստեղ մտնելիս նախևառաջ չափում են լրագրողների ջերմությունը, խնդրում ձեռքերն ախտահանել, և միայն դրանից հետո թողնում ներս:

Լուսանկարում՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Կառավարության փետրվարի 27-ի նիստին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter