HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Արամ Վարդանյանին ու հարազատներին պատկանող տներում ոստիկանական գործողություններից հետո այնտեղ գտնվող հնգամյա երեխան չի խոսում

«Արամ Վարդանյանի հինգ տարեկան թոռը մոր գրկին դողում էր, իսկ ոստիկաններն՝ ատրճանակներով ու դիմակավորված, վազվզում ու գոռգոռում էին տան մեջ»։ «Վստրեչի Ապեր» անունով հայտնի Արամ Վարդանյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը պատմում է, որ ականատես է եղել այս տեսարանին, երբ գնացել է Արամ Վարդանյանին և նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցում գտնվող տուն։

Վարդանյանի մյուս փաստաբան Լուսինե Սահակյանը հայտնում է, որ մոր գրկին դողացող երեխան այժմ վախից չի խոսում։

Փաստաբաններն այսօր մամուլի ասուլիս էին հրավիրել Արցախի փողոցի այն տարածքում, որտեղ գտնվող տներն այս գիշեր ոստիկանները տակնուվրա են արել։ Պաշտպան Երվանդ Վարոսյանը ոստիկանական գործողությունները ոչ թե պարզապես ապօրինություն, այլ վայրագություն է որակում։

Պաշտպանները դեպքի վայր են հասել ոստիկանության գործողությունները սկսելուց մոտ 15 րոպե անց։ Լուսինե Սահակյանը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ հարյուրավոր ոստիկաններ էին շրջապատել տների տարածքները, բազմաթիվ ոստիկաններ պատերի վրայով ներխուժել են տարբեր տներ, որևէ մեկը չի հայտնել, թե ինչու։

Լուսինե Սահակյանի խոսքով՝ իրենք՝ պաշտպանները, գրեթե մինչև առավոտ գտնվել են ոստիկանությունում ու փորձել են պարզաբանում ստանալ կատարվածի վերաբերյալ, սակայն իրենց պարզաբանումներ չեն տրվել, միայն այն բանից հետո, երբ հայտարարել են տեղի ունեցած դեպքերի մասին, ոստիկանությունը լրատվամիջոցների հարցերին ի պատասխան հայտնել է, որ Արամ Վարդանյանին ձերբակալելու որոշում են ունեցել։

Սահակյանը հայտնեց, որ ոստիկանները կոտրել են հնարավոր ամեն ինչ, նրանց մի մասը դիմակավորված են եղել, տարածքում է եղել նաև էրեբունու ոստիկանապետը։ Փաստաբանի խոսքով՝ վերը նշված գործողությունները տեսանկարահանվել են, հետագայում կադրերը կտարածեն։

Պաշտպան Երվանդ Վարոսյանն ընդգծեց, որ եթե անգամ ոստիկանները որևէ անձի էին փնտրում, նրան կարող էին հրավիրել բաժին։ Վարոսյանը նշեց, որ Արամ Վարդանյանը մեկ անգամ չէ, որ տարբեր պատրվակներով հրավիրվել է ոստիկանություն, ու բոլոր դեպքերում ներկայացել է, անգամ արտերկրից է վերադարձել, որպեսզի ներկայանա։

Պաշտպանը նշեց, որ եթե Լուսինե Սահակյանին առհասարակ որևէ կերպ մեկնաբանություն չեն տվել, թե ինչ գործողություններ և ինչու են անում, իրեն «պարզաբանել են» ու ասել՝ «ինչ անում ենք, լավ ենք անում»։

Ոստիկանները Վարդանյանի տնից նրան բերման չեն ենթարկել, նա, կարծես թե այդ տարածքում չի եղել։ Պաշտպանները կարծում են, որ եթե ձերբակալված լիներ, իրենք այդ մասին կիմանային։ Գիշերը, սակայն Վարդանյանին և նրա հարազատներին պատկանող տներից մի շարք այլ անձինք են բերման ենթարկվել, որոնց մի մասը հետո ազատ է արձակվել։ Երկու անձ, որոնց թվում՝ Արամ Վարդանյանի եղբորորդին, այս պահին ձերբակալված է։ Լուսինե Սահակյանի խոսքով՝ գործը վերաբերում է 2016 թվականին տեղի ունեցած կողոպուտին և առևանգմանը։

«Ոստիկանության բաժնում մեզ տրամադրել են քննչական խմբի որոշում․ խոսքը 2016 թվականին ինչ-որ մեկի «BMW» մակնիշի մեքենայից կատարված կողոպուտի մասին է, բայց այդ որոշման բովանդակության մեջ մենք առևանգում չտեսանք, և նրանք ոչ էլ մեզ պարզաբանեցին, թե ինչի՞ մասին է խոսքը, թե ում են կողոպտել, առևանգել»,- ասաց Լուսինե Սահակյանը։

Պաշտպանը նաև նշեց, որ վերջին շրջանում 50-ից ավելի անձանց են բերման ենթարկել, որոնք որևէ կերպ առնչություն ունեն Արամ Վարդանյանի հետ․ խոսքը Վարդանյանի հարազատների, բարեկամների, ընկերների մասին է։ Ըստ պաշտպանի՝ բոլորն ապօրինի են բերման ենթարկվել՝ մտացածին պատճառներով։

Սահակյանը հիշեցրեց, որ անձանց «ասֆալտին են սկսել փռել» վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ քրեական ենթամշակույթի դեմ պայքարելու ելույթից հետո։ Երվանդ Վարոսյանը նշեց, որ Երևանում պարբերաբար կրակոցներ են հնչում՝ ընդհուպ մահվան ելքով ու առաջարկեց պարզել՝ այդ անձինք հայտնաբերվել ու ասֆալտին փռվե՞լ են, թե՞ ոչ»։

Հավելենք, որ պաշտպաններն ահազանգեցին նաև այն մասին, որ Արամ Վարդանյանի տնից իրեր են անհետացել՝ ոսկյա շղթա՝ խաչով, օգտագործած օծանելիք, տնից բացակայում են նաև տեսախցիկները, որոնցով տարածքը տեսանկարահանվել է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter