HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեռ Կամսարի անտիպներից

Լեռ Կամսար

Սահմանադրությամբ կինը հավասար է հայտարարված տղամարդուն։ Ըստ հավասարության այդ օրենքի, ընտրություններին կինն էլ տղամարդու նման ձայն տալու իրավունք ունի։ Առայժմս, ճիշտ է, այդ ձայնը տղամարդու ձայնի համեմատությամբ մի փոքր բարակ է, բայց ոչինչ, ապագային կհաստանա։ Խնդիրն այդ չէ, այլ այն, թե կնոջը շնորհված այդ ընտրական իրավունքը, պետական մարմիններն ընտրելուց զատ, վերաբերո՞ւմ է նաև ամուսնական ընտրություններին։ Ուրիշ խոսքով, կինն իրավասո՞ւ է ընտրելու իր ցանկացած ամուսինն ուղղակի, հավասար, ընդհանուր ու գաղտնի քվեարկությամբ։

Ես այդ չգիտեմ, դրա համար էլ հարցնում եմ։

Ցանկալի էր, իհարկե, որ կանայք այդ իրավունքը վայելեին մեր օրենքի առջև․ կանայք ավելի զիջող, ավելի անձնվեր արարածներ են, և ես հավատացած եմ, որ տղամարդկանց նեղություն չտալու համար, վեհանձնաբար կարգելեն նրանց այդ խնդրում ձայն ունենալուց․․․

Օրենքով սահմանված երկրորդ իրավունքը, որ տրված է իգական սեռին, դա դաշտային բոլոր տեսակի աշխատանքներին տղամարդկանց հավասար մասնակցելու իրավունք է։ Եվ դա մեծ իրավունք է։ Առաջվա նեխած կարգերում կինը միայն հովհար կամ ռեդիկյուլ կրելու իրավունք ուներ․ հիմա հինգ թփանոց մեշոկ է շալակում, և ավելի մեծ ծանրություններ վերցնելու ոչ մի արգելք գոյություն չունի։

Այս երկու ազատություններից հետո, հարց է ծագում մի երրորդ իրավունքի մասին, որ անհրաժեշտաբար պիտի վայելի կինը, և որը հանդիսանում է առաջին վայելած երկու իրավունքներին օրգանապես կապված, անքակտելի մեկ մասը։

Դա՝ տղամարդկանց նման հայհոյելու իրավունքն է։

Ճիշտ է, բնությունը զլացել է տալ կնոջը տղամարդու այն գործարանը, որով նրանք հայհոյում են, բայց բնության կարգադրությունները բնավ վերջնական չեն և բեկանելի Դարվինի և Միչուրինի կողմից։

Առաջներ, օրինակ, խստիվ արգելված էր կանանց տղամարդու առնանդամով աշխարհ գալ։ Բայց հետո, բնությունը տեսնելով, որ ամեն բանի մեջ ծայրահեղությունը լավ արդյունքի չի տանում, արդեն հետագային թույլ տվավ հերմաֆրոդիտներ ծնվել։ Արարածներ, որոնք միաժամանակ թե՛ կին, և թե՛ մարդ էին, և սեռերի մեջ նախընտրություն կատարելը թողնված էր այդ արարածների բացարձակ իրավասությանը։

Սա էվոլյուցիոն սիստեմի հաղթանակն էր ընդդեմ ռեակցիոն բանախոսության, և մենք հավատացած ենք, որ սկսած էվոլյուցիան մեզ կհասցնի կնոջ բացարձակ տղամարդկայնացման։

Միայն, մինչ այդ, կանայք իրենց առօրյա հայհոյանքներում ստիպված են ժամանակավորապես օգտվելու իրենց ամուսինների կամ այլ մերձավոր տղամարդկանց անդամներից։ Օրինակ, հիմա երբ մի գեղջկուհի հայհոյում է իր ընկերուհուն, զորությամբ հասկացվում է, որ իր մերձավորի օգնությամբ է գլուխ բերում հայհոյանքը։

Այս բոլորը շա՜տ լավ է, շատ էլ հարմար։ Եթե կա միակ անհարմարությունը, այդ այն է, որ բոլորովին ամուսնու երես չտեսած կանայք, նկատի չառնելով իրենց կարոտ վիճակը, իրենց չունեցած ու երազած անդամով հյուրասիրում են իրենց ընկերուհիներին․․․

1949թ․, Տորֆի աքսորավայր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter