HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հադրութի շրջանային հիվանդանոց

Անցյալը

65-ամյա Համո Բաբայանը համաճարակաբան է, հասարակական կարգով զբաղեցնում է Հադրութի հիվանդանոցի փոխտնօրենի պաշտոնը։ 1984-ին, երբ կառուցվել է հիվանդանոցի նոր շենքը, նրան նշանակել են գլխավոր բժիշկ։ Այդ պաշտոնը վարել է մինչեւ 1994 թվականը։ Պատերազմի ընթացքում ղեկավարել է նաեւ զինվորական բժշկական ծառայությունը։

«Բնիկ հադրութցի եմ։ Բժշկական կրթությունս ստացել եմ Երեւանում, Երեւանի բժշկական ինստիտուտն եմ ավարտել, հետո եկել եմ Հադրութ, եւ այդ օրվանից մինչեւ օրս՝ քառասունմեկ տարի, այստեղ եմ». ասում է Համո Բաբայանը։

Խորհրդային տարիներին, երբ Ղարաբաղը որպես ինքնավար մարզ Ադրբեջանի կազմում էր, Երեւանում բարձրագույն կրթություն ստացած մասնագետները լուրջ խնդիրներ էին ունենում։ Ադրբեջանի իշխանությունները հաճույքով չէին ընդունում Հայաստանի մայրաքաղաքում կրթված ու Ղարաբաղ վերադարձած երիտասարդներին։

«Չէին խրախուսում,-հիշում է բժիշկ Բաբայանը,- մեծ, մեծ դժվարությամբ եմ ընդունվել աշխատանքի, փաստաթղթեր հավաքեցի ծնողներիս հիվանդության ու խնամքի կարիք ունենալու մասին։ Մոտ մեկ տարի առանց ձեւակերպման աշխատում էի, մինչեւ որ ստացվեց»։

Համո Բաբայանն ասում է, որ նախկինում հիվանդանոցում հիանալի պայմաններ են եղել։ Առանձին, առանց ընդհատումների ջրամատակարարում, ջրահեռացման առանձին ցանց, կենտրոնական ջեռուցման համակարգ՝ կաթսայատուն, որ մազութով էր աշխատում։ Այս ամենից հիմա միայն ջրամատակարարումն է մնացել։

Պատերազմի ընթացքում Հադրութի հիվանդանոցը հաճախ է ենթարկվել հրետակոծությա ն։ Առողջապահական միակ հաստատության աշխատանքն անվտանգ դարձնելու համար հիվանդանոցը տեղավորել են շրջանային վարչակազմի շենքի նկուղում, որտեղ կարճ ժամանակում հատուկ պայմաններ են ստեղծել վիրահատության, ծնունդ ընդունելու եւ բժշկական այլ գործունեության համար։

«Դա 1992-ի ապրիլին էր,-հիշում է Համո Բաբայանը։- Տեղափոխումից հետո սկսեցինք վիրավորներ ընդունել՝ զինվորականներ ու խաղաղ բնակիչներ։ Այդպես մինչեւ 1993-ի դեկտեմբեր, հետո հոսպիտալն առանձնացավ, բայց երկար ժամանակ դեռ վիրավորներին մեզ մոտ էին բերում»։ Նրա կարծիքով, այս միացումը դրական ազդեցություն է ունեցել առողջապահության որակի վրա։

«Քանի որ ամեն ինչ առաջնահերթ կերպով բանակին էր տրվում, այս դեպքում մեր քաղաքացիական բնակչությունն էլ էր օգտվում դեղորայքից ու նյութերից»։

Ներկան

1983 թվականին կառուցված շենքն անցած քսաներեք տարում հիմնարար նորոգման չի ենթարկվել։ Իր հետքն է թողել նաեւ պատերազմը։ Հրետակոծությունից մի քանի անգամ ավերվել է տանիքը, պատերի վրա հրթիռների ու արկերի պայթյունի հետքերը բազմաթիվ են։

Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արա Երեմյանն ասում է, թե միջազգային բարեգործական կազմակերպությունների օգնությամբ նորոգվել են ծննդատունն ու ամբուլատոր բաժանմունքը։ Վիրաբուժական, թերապեւտիկ, մանկական եւ ինֆեկցիոն բաժանմունքների ճակատագիրն անհայտ է, քանի որ Ղարաբաղի կառավարության հատկացրած միջոցները հազիվ են բավարարում ընթացիկ ծախսերին։

Այս սենյակում, որը դժվար է վիրահատարան անվանե լ, կատարվում են վիրաբուժական աշխատանքներ։ Եթե նկատի ունենանք, որ ոչ վաղ անցյալում, երբ պատերազմ էր եւ դաշտային պայմաններում էին կատարվում վիրահատություններն, այս բնապատկերը կարող է հասկանալի լինել։ Բայց արդեն տասներկու տարի խաղաղության մեջ ապրող մարդկանց համար այստեղ վիրահատվելը սեփական կյանքը վտանգելու պես մի բան է։

Արա Երեմյանն ասում է, թե որակը պահպանում են միայն բժիշկների հմտության ու մասնագիտական բարձր կարողությունների շնորհիվ։ Եւ սա այն դեպքում, երբ Հադրութի հիվանդանոցի անձնակազմը համալրված չէ անհրաժեշտ մասնագետներով։ Քսան մասնագետի փոխարեն այսօր Հադրութում աշխատում է տասնմեկ բժիշկ։ -Առաջին անհրաժեշտության մասնագետներն են,-ասում է Արա Երեմյանը,-վիրաբույժ, թերապեվտ, համաճարակաբան եւ այլն։ Այնպիսի նեղ մասնագետներ, ինչպես օրինակ՝ ակնաբույժ, քիթ-կոկորդ-ականջի բժիշկ եւ այլն, Հադրութում այսօր չկան։

«Ստեփանակերտից պարբերաբար բժիշկների խմբեր են գալիս եւ հանդիպում Հադրութի ու շրջանի գյուղերի բնակիչներին։ Այդպես ենք լուծում խնդիրը, բայց դա ժամանակավոր եւ անհեռանկար լուծում է». ասում է գլխավոր բժիշկը։

Կադրերի պակասն այսօր այդպես չի զգացվում, քանի որ շենքն ու մաշված բուժսարքավորումներն էլ կաբինետներ ստեղծելու հնարավորություն չեն տալիս, բայց հիվանդանոցի վերակառուցումից ու արդիականացումից հետո Հադրութում ստիպված կլինեն մտածել նոր բժիշկներ հրավիրելու մասին։ Մասնագետների հարցով զբաղվում են Հայաստանի եւ Ղարաբաղի առողջապահության նախարարությունները, բայց անհրաժեշտ մասնագետ գտնելուց եւ գործուղելուց առաջ պետք է մտածել նրանց սոցիալական նվազագույն պայմաններն ապահովելու մասին։ Երեք տարի առաջ Շիրակի մարզից Հադրութ եկած վիրաբույժը միայն վերջերս է բնակարան ստացել։ Հիվանդանոցի ղեկավարները կարծում են, որ վերակառուցելիս լավ կլիներ ուշադրություն դարձնել այս խնդրին ու եկվոր բժիշկների համար նախատեսել հարմարավետ ժամանակավոր կացարաններ։

Հադրութի հիվանդանոցն ունի շտապ օգնության մեկ մեքենա, որը սպասարկում է քաղաքին եւ շրջանի 37 գյուղերին։ Որոշ գյուղեր կենտրոնից հեռու են 30-50 կիլոմետր։ Շրջանի ներքին ճանապարհները քանդված են ու անհարթ։ Անձրեւոտ ամիսներին հողածածկ ճանապարհները դառնում են դժվարանցանելի։ Եթե շտապ օգնության մեքենան մեկնում է որեւէ հեռավոր գյուղ եւ միաժամանակ կանչ է լինում այլ բնակավայրից, հիվանդները դիմում են գյուղապետերի կամ մեքենա ունեցող համագյուղացիների օգնությանը։ Երբեմն էլ հիվանդանոցը մեքենա է խնդրում շրջանի վարչակազմից, որպեսզի բժիշկ ուղարկի գյուղ։

Հիմա պատկերացնենք, որ շտապ օգնության մեքենան մեծ դժվարությամբ հասել է հեռավոր գյուղերից մեկն ու հիվանդանոց բերել սուր վարակիչ ախտով տառապող մեկին։ Հիվանդանոց բերված մեծահասակը կամ երեխան պետք է բուժում ստանա այստեղ։ Սա Հադրութի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքն է՝ միակն ամբողջ շրջանում, եւ վարակիչ հիվանդությամբ տառապող այս փոքրիկն այլընտրանք չունի։

Մասնագետները գտնում են, որ շենքը չարժե նորոգել, քանի որ այն սխալ է կառուցված՝ նկուղ չունի, եւ այդ պատճառով ստորգետնյա ջրերը ներծծվում են հիմնապատերի մեջ։ Միակ լուծումը նոր շենք կառուցելն է։

Ապագան

Հադրութի հիվանդանոցի միակ լուսավոր կետը ծննդատունն է։ 1999-ին ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցներով այն նորոգվել է։ Բաժանմունքի վարիչ Սուսաննա Պետրոսովան, ով 1990-ին Բաքվից վերադարձել է հայրենի Հադրութ, հիշում է պատերազմի եւ դրան հաջորդած տարիների դժվարություններն ու ժպտում. «Այս ամենով հանդերձ մենք միշտ լավատես ենք եղել»։ Հադրութի շրջանում տարեկա ն 200 երեխա է ծնվում, մոտ 150-ը լույս աշխարհ են գալիս այստեղ, եւ ամեն նորածնի առաջին ճիչը ապագայի հույս է տալիս։ Բժիշկներին մնում է միայն փայփայել այդ հույսը։ «Ես աշխատում են 90 թվականից եւ մինչեւ հիմա ոչ գյուղերում, ոչ էլ Հադրութում մայրերի մահացության դեպք չի եղել։Մենք հասցնում ենք ժամանակին օգնել». ասում է Սուսաննա Պետրոսովան եւ հպարտանալու փոխարեն ափսոսում, որ իր բաժանմունքը լուսավոր միա՛կ կետն է Հադրութի հիվանդանոցում։

Lուսանկարներ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter