HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատմական հողի կատեգորիան փոխել են Գարիկ Սարգսյանի համագյուղացու համար․ բլուրների վրա հյուրանոց է կառուցվելու

Արարատի մարզի Լուսառատ գյուղի տարածքում գտնվող հատուկ պահպանվող հողի կատեգորիան այս տարի փոխվել է։ Գյուղացիներն իմացել են, որ տարածքում մարզպետ Գարիկ Սարգսյանի համագյուղացին «Նոյան տապան»-ի տեսքով հյուրանոց է կառուցելու։

Փետրվարին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իր համագյուղացի, ՌԴ-ում գործարարությամբ զբաղվող Սարգիս Թադևոսյանի հետ այցելել է Լուսառատ գյուղ։ Գյուղացիների հետ հանդիպմանը ասել են, որ համայնքի` հատուկ պահպանվող տարածքում ցանկանում են կառուցել «Նոյան Տապան» անվանմամբ հյուրանոցային համալիր։ Շինարարական աշխատանքների համար նախատեսված տարածքները պատմական Արտաշատ քաղաքատեղիի 11-րդ և 12-րդ բլուրներն են, որոնցից մեկի վրա տեղակայված է Գևորգ Չաուշի արձանը։

Համայնքի ղեկավարը բնակիչներին ասել է, որ նախագիծը դեռևս հաստատված չէ, և որ հետագա որոշումները կկայացվեն հյուրանոցային համալիրի նախագծի նախնական տեսքը 3D ձևավորմամբ տեսնելուց հետո։ Գործարարը խոստացել է առաջիկա օրերին նախագիծը ներկայացնել համայնքի ղեկավարին և բնակիչներին։

Այցելեցինք և զրուցեցինք Լուսառատի մի խումբ բնակիչների հետ։ Գյուղապետարանի հարևանությամբ հավաքվածները համակարծիք էին և դեմ էին արտահայտվում այդ տարածքում հյուրանոցաշինությանը։ Լուսառատցիները շատ քիչ տեղեկություն ունեին հողի կատեգորիայի փոփոխման որոշումից։ Նրանց անհանգստացնում էր նաև բլրի վրա իրենց ձեռքերով կանգնեցրած Գևորգ Չաուշի արձանի ճակատագիրը։

Լուսառատ համայնքի ավագանին 2020 թվականի հունվարին որոշել է համայնքի սեփականությունը համարվող 0.64 և 5.75 հա հատուկ պահպանվող տարածքների պատմական և մշակութային հողերը փոխադրել բնակավայրերի հողերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողերի գործառնական նշանակության։

Ավագանու որոշման համար հիմք է հանդիսացել հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացությունը։ Կառավարությունից ստացանք և ուսումնասիրեցինք միջգերատեսչական հանձնաժողովում ներգրավված կառույցների, հատկապես ԿԳՄՍ նախարարության եզրակացությանը։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Նարինե Խաչատուրյանը հայտնել է, որ նախարարության մասնագետների` տարածքներում կատարած տեղազննության արդյունքում պարզվել է, որ պատմամշակութային հուշարձաններ չկան։

«Ուստի նախարարությունը չի առարկում այդ հողամասի նպատակային նշանակության փոփոխությանը բնակավայրի հասարակական կառուցապատման հողերի կատեգորիայի: Սակայն աշխատանքների կատարման ընթացքում անհրաժեշտ է ապահովել նախարարության համապատասխան մասնագետների ներկայությունը»,- միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածների փոխնախարար Վաչե Տերտերյանին ուղղված իր գրության մեջ նշել է ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանը:

ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Հին Հայաստանի հնագիտության բաժնի վարիչ Մկրտիչ Զարդարյանը 2013-ից ղեկավարում է Արտաշատի պեղումները։ Հնագետը մեզ հետ զրույցում նշեց, որ հողի կատեգորիան փոխելու մասին ինստիտուտին տեղյակ չէր պահվել, և որ հատուկ պահպանվող տարածքում որևէ աշխատանք նախաձեռնելուց առաջ նախ պետք է հաշվի առնվեր Հնագիտության ինստիտուտի մասնագետների կարծիքը։

«Ասում են մասնագետների գնահատմամբ ոչ մի պատմամշակութային հուշարձան չկա, հետաքրքիր է ո՞վ է այդ մասնագետը, որ գնահատել է, եթե տարածքում մենք ենք պեղումներ անում։ Արտաշատը 15 բլուրների վրա կառուցված քաղաք է, այդ բլուրներից 2-ի նշանակությունը փոխել և պատրաստվում են շինարարություն անել, դա հանցագործություն է»,-ասում է Մկրտիչ Զարդարյանը։

Լուսառատի համանքապետ, ԲՀԿ–ական Դանիել Հակոբյանը մեր գրավոր հարցմանն ի պատասխան խուսափել էր որևէ կոնկրետ բան ասել։ ««Նոյան տապան» նախագիծը դեռևս հղացած միտք է, և ցանկացած ծրագիր, որը հավանության կարժանանա համայնքի ղեկավարի և ավագանու անդամների կողմից, հավանության կարժանանա նաև համայնքի ղեկավարի կողմից»,– իր պատասխանում նշել է համայնքապետը։ Մեր գյուղ այցելելու ժամանակ փորձեցինք զրուցել համայնքապետի հետ։ Նա, իմանալով, որ գյուղում ենք, խուսափեց մեզ հետ զրուցելուց։

Լուսառատ համայնքում՝ վերը նշված բլուրների անմիջապես հարևանությամբ, կա նաև ֆուտբոլի դաշտ։ Այդտեղ մարզվում են գյուղի պատանիները, որոնց հանդերձանքի և տեղափոխման ծախսերի հարցում օգնում է արտերկրում բնակվող իրենց համագյուղացին։ Վերջինս ցանկացել է նույն նպատակով վարձակալել ֆուտբոլի դաշտը, սակայն ավագանին համաձայնություն չի տվել։ Արձանագրվել է, որ համաձայնություն կտա այն ժամանակ, երբ խաղադաշտն արդիականացնելու նախագիծը տեսնի:

«Լուսառատ» ֆուտբոլային թիմի անդամ Սևակ Շահվերդյանը մեզ հետ զրույցում նշեց, որ բարերարը 11-րդ և 12-րդ բլուրների հարակից տարածքում որոշակի աշխատանքներ արել էր ֆուտբոլի դաշտ կառուցելու համար, բայց երբ ցանկացել է վարձակալության պայմանագիրը երկարաձգել, նախագիծը դրել են քննարկման, ինչը ըստ նրա կասկածելի է։

Պարզաբանումներ ստանալու նպատակով ցանկացանք խոսել մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ։ Մարզպետարանում, տեղեկանալով մեր հարցերի շրջանակի մասին, ասացին, որ մարզպետն այս օրերին ծանրաբեռնված է և հարցազրույց չի կարող տալ։ Այդուհանդերձ մենք գրավոր հարցում ենք ուղարկել մարզպետին։

Մեկնաբանություններ (7)

Ռուբեն Վարդանյան
Արտաշատ մայրաքաղաքի տարածքում հնագիտական սիստեմատիկ պեղումները սկսվել են 1970 թ.՝ ակադեմիկոս Բաբկեն Առաքելյանի, երկար տարիներ շարունակվել Ժորես Խաչատրյանի, իսկ վերջին տարիներին՝ Մկրտիչ Զարդարյանի ղեկավարությամբ։ Այսօր ՀԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը համագործակցում է լեհ և գերմանացի մասնագետների հետ՝ կիրառելով հետազոտական նոր մեթոդներ, որոնց շնորհիվ բլուրները շրջապատող դաշտում հայտնաբերվել են, այժմ դեռևս հողաշերտով ծածկված, քաղաքային շինությունների հետքեր։ 2011 թ. Հայաստանի պատմության թանգարանում բացվեց Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրման 2 200-ամյակին նվիրված ցուցահանդես։ Այսօր էլ, յուրաքանչյուր ոք, ով չի ծուլանում գալ ՀՊԹ, կարող է երրորդ հարկում ծանոթանալ Արատաշատի պեղումների ընթացքում հայտնաբերված արժեքավոր գտածոներին։ Իսկ ով ծուլանում է, ապա Արտաշատի, հին Հայաստանի փառավոր մայրաքաղաքի, ու այնտեղ կատարված հնագիտական հետազոտությունների մասին կարող է նվազագույն տեղեկություններ ստանալ Վիքիպեդիայում։ Հնագիտական պեղումները, և ապա հայտնաբերված տվյալներն ուսումնասիրելը նուրբ, մանրակրկիտ ու երկարատև ջանքեր պահանջող գործընթաց են։ Միայն անբարեխիղճ ու անպատասխանատու անհատները կարող են կեղծ հայրենասիրական և սոցիալ-պոպուլիստական կոչերով ապակողմնորոշել իրողություններից անտեղյակ մարդկանց։ Կից ուղարկում եմ Արտաշատի պեղումների արդյունքների մասին հրատարակված աշխատությունների ոչ ամբողջական ցանկը, որպեսզի նրանք, ովքեր ցանկանում են տպավորություն ստեղծել, որ ուսումնասիրությունների արդյունքները չեն հրապարակվում, հանրության շրջանում թյուր պատկերացումներ չտարածեն։ Մեր պատմամշակութային արժեքների մասին իրոք հոգացողները ավելի լավ կլինի ընդվզեն հենց նույն Արտաշատ մայրաքաղաքի և նրան հարակից տարածքներում գանձախուզությամբ զբաղվող և հնագիտական ժառանգությունը ոչնչացնող մարդկանց և նրանց հովանավորողների դեմ։ Առաքելյան, Բ., Լատիներեն արձանագրություններ Արտաշատ մայրաքաղաքից. Պատմա-բանասիրական հանդես, 1967, № 4։ Аракелян Б., Основные результаты раскопок древнего Арташата в 1970-1973 годах, Պատմա-բանասիրական հանդես, 1974, № 4։ Առաքելյան Բ., Հին Արտաշատ, (1971-73 թթ. պեղումների արդյունքներ), Երևան, 1975։ Аракелян Б., Арташат, I. Основные результаты раскопок 1970-1977 гг., Ереван 1982 Хачатрян Ж., Канецян А., Раскопки в Арташате, Археологические открытия 1973 г., Москва, 1974 г. Խաչատրյան Ժ., Կանեցյան Ա., Արտաշատի VIII բլրի շերտագրությունը, Լրաբեր հաս. գիտ., 1974, № 9։ Խաչատրյան Ժ., Արտաշատի VII բլրի 1973-1975 թթ. պեղումների արդյունքները, Լրաբեր հաս. գիտ., 1978, № 8։ Խաչատրյան Ժ., Հնագիտական պեղումները Հայաստանում, հ. 17, Արտաշատ II. Անտիկ դամբարադաշտեր (1971-1977 թթ. պեղումներ), Երևան, 1981։ Խաչատրյան Ժ., Անտիկ արվեստի նոր հուշարձաններ Արտաշատից, Լրաբեր, 1996, № 1։ Խաչատրյան Ժ., Կարապետյան Ի., Վարդանյան Ռ., Կանեցյան Ա., Արտաշատի 1998-1999 թթ. պեղումների արդյունքները, Հին Հայաստանի մշակույթը, պրակ XII, Երևան, 2002։ Խաչատրյան Ժ., Մոնումենտալ կառույցի մնացորդներ և ուշագրավ ծեսով թաղում Արտաշատից, Պատմա-բանասիրական հանդես, 2005, № 2. Խաչատրյան Ժ., Արտաշատում բացված հատուկ ծեսով թաղում, Հին Հայաստանի մշակույթը, պրակ XIII, Երևան, 2005։ Խաչատրյան Ժ., Կարապետյան Ի., Թրաինա Ջ., Արտաշատի 2003-2004 թթ. պեղումների արդյունքները, Հին Հայաստանի մշակույթը, պրակ XIII, Երևան, 2005 Խաչատրյան Ժ., Արտաշատից հայտնաբերված լատիներեն արձանագրություններ, Պատմա-բանասիրական հանդես, 2006, № 1։ Խաչատրյան Ժ., Հայ-իրանական կապերը ըստ Արտաշատի կնքադրոշմների, Պատմա-բանասիրական հանդես, 2007, № 1. Խաչատրյան Ժ., Քաղաքամայր Արտաշատը պատմահնագիտական հետազոտությունների լույսի ներքո, Պատմա-բանասիրական հանդես, 2007, № 2։ Խաչատրյան Ժ., Կանեցյան Ա., Արտաշատի 2005-2006 թթ. պեղումների արդյունքները, Հին Հայաստանի մշակույթը, պրակ XIV, Երևան, 2008։ Խաչատրյան Ժ., Արտաշատի «Երազամոյն» վայրի տաճարը և կից համալիրները, Պատմա-բանասիրական հանդես, 2009, № 2։ Խաչատրյան Ժ., Արտաշատ մայրաքաղաքի վերջին տարիների պեղումների արդունքները, Պատմա-բանասիրական հանդես, 2013, № 3։ Хачатрян Ж., Неверов О., Архивы столицы Древней Армении – Арташата, Ереван, 2008. Զարդարյան Մ., Արտաշես Բ-ի անդրանիկ դրամները և պատմադրամագիտական դրվագներ վերջին Արտաշեսյանների ժամանակաշրջանից, Դրամագիտական հետազոտություններ, Երևան, 2000։ Վարդանյան Ռ., Մ.թ. 1-4 թթ. ընթացքում Հայաստանում թողարկուած պղնձէ քաղաքային դրամների մասին, Հանդէս Ամսօրեայ 1-12, 2003։ Վարդանյան Ռ., Արտաշէս II-ի տարեթուակիր պղնձե դրամը՝ Արտաշատում պոմպէոսյան տոմարի կիրառման եւս մի վկայութիւն, Հանդէս ամսօրեայ 1-12, 2000։ Vardayan R., A Dated Copper Coin of Artaxias II - Evidence on the Use of the Pompeyan Era in Artaxata, Armenian Numismatic Journal XXVII, 2001. Վարդանյան Ռ., Վարդանյան Կ., Արտաշիսեան պղնձէ դրամների նորայայտ խմբեր« Հանդէս Ամսօրեայ 1-12, 2005։ Vardanyan R., Regarding Civic Bronzes Struck in Armenia in AD 1-4, Armenian Numismatic Journal, 2007, № 4. Վարդանյան Ռ., Հնագիտական ժառանգությունը՝ ազգային հարստություն, Օրենք եւ իրականություն, 2002, № 7։ Vardanyan R., Vardanyan K., Newly-Found Groups of Artaxiad Copper Coins, Armenian Numismatic Journal, 2008, № 4. Վարդանյան Ռ., Պղնձե դրամների գանձ Արտաշատի հնագիտական պեղումներից, Հանդէս ամսօրեայ 1-12, 2009։ Վարդանյան Ռ., Օտարերկրյան դրամները Հայաստանում, Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը գրքում, Երևան, ՀՀ Կենտրոնական բանկ, 2018, էջ 8-31։ Վարդանյան Ռ., Դրամաթողարկումը Հայաստանում, Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը գրքում, Երևան, ՀՀ Կենտրոնական բանկ, 2018, էջ 32-61։ Հայաստանի պատմության թանգարանի դրամագիտության բաժնի վարիչ, պ.գ.թ. Ռուբեն Վարդանյան, և նույն բաժնի գիտաշխատող Հասմիկ Հովհաննիսյան
Էլմիրա
Արտաշատ հնավայրի պեղումները երկար տարիներ են ընթանում,արդյունքները որեվէ կերպ չեն հրապարակվել եվ ներկայացվել որպես պատմամշակույթային արժեք:Մինչեվ վերջին երկու բլուրներին հասնելը դեռ բավական տարածքներ կան ուսումնասիրելու եվ թանգարանում ներկայացնելու,ինչը մինչ օրս չի արվում:Իսկ հյուրանոցային համալիրը ոչ միյայն նոր աշխատատեղեր կստեղծի համայնքի բնակիչների համար,այլեվ նոր տուրիստական գրավչություն կհաղորդի Խոր վիրապին։ Ավելին թանգարանի անխնամ շենքն ու տարածքը եվս կարող է իր հյուրընկալ դռները բացել տուրիստների առաջ,մեր հայրենիքի պատմամշակույթային արժեքները աշխարհին ներկայացնելու նպատակով։
Ruben
Արտաշատ մայրաքաղաքի տարածքը պատմահնագիտական արժեք է ներկայացնում, ներառյալ այդ երկու բլուրները և դրանց շրջապատը։ Եթե առայժմ նշյալ հատվածը լիովին ուսումնասիրված չէ, դա չի նշանակում, որ հուշարձանի տարածքում այն ընդգրկվել է անհիմն կերպով։ Արտաշատի բլուրների վրա հյուրանոց կառուցելու գաղափարը նախկինում արդեն մեկ անգամ արդարացիորեն մերժվել է։ Հուզական բացականչությունները տեղին չեն։
Գրիգոր
Շատ լավ նախաձեռնություն է: Տարածքում ,,ՆՈՅԱՆ ՏԱՊԱՆ,, համալիր ունենալը մեծ հնարաորություն կստեղծի տուրիզմի , Լուսառատ և Փոքր Վեդի համայնքների զարգացման համար: Այս ամենի հակառակորդների նպատակը միայն երկրի զարգացմանը խոչնդոտելն է
Արայիկ
Կառուցել, ստեղծել ինչ որ բան,որը կնպաստի մարդու ապրելավիճակին լավ է։ Բայց ոչ պատմամշակութային տարածքում։ Քանզի ես տեղանքին լավ ծանոթ չեմ, կառաջարկեմ ընտրել այդ վայրին մոտ տեղանք,որտեղից տեսանելի կլինի նաև հնավայրը։ Կարծում եմ, որ հյուրերի աչքին ավելի հաճո կլինի այն տեսնել, քան թե նրա վրա քնել։
Արթուր
Պատմական տեղանքի ապականումն ամենավատ հանցագործությունն է, հավասար դավաճանությանը։
Yerevan2800
Իսկ լուսառատցի փոխնախարար Վաչե Տերտերյանը չի կարողանում մի բան անել որ նման ապօրինություն տեղի չունենա, ինքը քանի դեպքով հողի կատեգորիաներ փոխելու որոշումներ է ներկայացնում, ոնց հասկանալ,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter