HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Չինաստանում փլուզվել է կորոնավիրուսի կարանտինային հյուրանոց

Չինաստանի Ցյուանչժոու քաղաքում տեղի ունեցած փլուզման արդյունքում փլատակների տակ է հայտնվել շուրջ 70 մարդ։ Հինգհարկանի «Xinjia Express Hotel» հյուրանոցն օգտագործվում էր կորոնավիրուսի պատճառով կարանտինում գտնվող անձանց մեկուսացման համար։ Այդ մասին հայտնում է «BBC»-ն։ Վերջին տվյալներով փլատակների տակից հանվել է 38 մարդ։

Դեռևս պարզ չէ, թե որն է եղել հյուրանոցի փլուզման պատճառը։ Փլուզումը տեղի է ունեցել տեղի ժամանակով 19։30-ին (Երևանի ժամանակով 15։30-ին)։ Անհայտ է նաև զոհերի առկայության փաստը։ Փրկարարական աշխատանքներին մասնակցում են շուրջ 150 փրկարարներ։ Աշխատանքներին ներգրավված  են 36 միավոր հատուկ տեխնիկա, շտապ օգնության 15 մեքենաներ, 67 հրշեջ մեքենաներ։ Տեսագրությունից պարզ է դառնում, որ փլուզվել են հյուրանոցի տանիքի մի քանի հենածածկեր։

Հյուրանոցը կառուցվել էր 2018 թվականին և ուներ շուրջ 80 համարներ։ «Beijing News» պարբերականը մեջբերում է մի կնոջ խոսքեր, որի բարեկամները գտնվում էին հյուրանոցում։

«Ես չեմ կարողանում կապ հաստատել նրանց հետ, նրանք չեն պատասխանում իմ զանգերին։ Ես նույնպես կարանտինի մեջ եմ (մեկ այլ հյուրանոցում) և շատ եմ անհանգստանում։ Ես չգիտեմ՝ ինչ անել։ Նրանք առողջ էին, ամեն օր չափում էին նրանց ջերմությունը, և թեստերը ցույց էին տալիս, որ ամեն բան կարգին է»։

Հյուրանոցի փրկված աշխատակիցներից մեկը, որը «Beijing Youth Daily»-ին չի ցանկացել հայտնել իր անունը, ասել է, որ հյուրանոցի սեփականատերը ցանկանում էր վերանորոգել հյուրանոցի ներքին պատերը։ Այն մասին, որ շինարարական աշխատանքները կարող էին սկսված լինել, որևէ մեկը տեղյակ չէր։

Փլուզումը հանրային մեծ արձագանք է առաջացրել Չինաստանում։ Փրկարարական աշխատանքներին «Sina Weibo» սոցիալական կայքի միջոցով ուղիղ եթերում հետևել է շուրջ երկու միլիոն մարդ։

Ուրբաթ օրվա տվյալներով՝ Ֆուցզյան նահանգում, ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 296 դեպք, իսկ շուրջ 11 000 մարդ անմիջական հսկողության տակ են, քանի որ շփվել են վարակակիրների հետ։

Վերջին տվյալներով՝ կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 105 602-ի, մահացածների թիվը՝ 3532-ի, իսկ ապաքինվածների թիվը՝ 58 625-ի։

Լուսանկարը՝ AFP/STR-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter