HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանը եվրաինտեգրման գործընթացում

Ադրբեջանի ղեկավարությունը միանշանակ հայտարարել է ժողովրդավարական, իրավական, աշխարհիկ պետություն կառուցելու իր ձգտման մասին: Եվրոպային ինտեգրումը հայտարարված է որպես երկրի պետական զարգացման ուղի:

Ողջ 2006 թվականն անցավ «Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Ադրբեջանի եւ Եվրամիության գործողությունների ծրագրի» դրույթների համաձայնեցման մթնոլորտում: Դժվար է գերագնահատել Ադրբեջանի եվրաինտեգրման գործընթացի համար այս փաստաթղթի նշանակությունը: Չնայած քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համառ խնդրանքներին ու դիմումներին, ծրագրի տեքստն այդպես էլ չհրապարակվեց հասարակական լայն քննարկումներ ձեռնարկելու համար: Թեեւ, ինչ խոսք, «Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Ադրբեջանի եւ Եվրամիության գործողությունների ծրագիրը» գաղտնի փաստաթուղթ չէ, եւ դրանով հետաքրքրվող մարդիկ կարող էին ծանոթանալ բովանդակության հետ: Հատկանշական է, որ այս փաստաթղթի զգալի հատվածում առաջադրվում են Ադրբեջանի ժողովրդավարացման, իրավական հասարակության եւ Հարավային Կովկասում երկարատեւ խաղաղության, կայունության եւ համագործակցության հաստատման այն նույն խնդիրները, որոնք առկա են նաեւ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) 2000 թվականի հունիսի 28-ին այս մարմնի նստաշրջանի ընթացքում ընդունված որոշման մեջ:

Եվրոպայի Խորհուրդ (ԵԽ) ընդունվելիս Ադրբեջանը Հայաստանի նման ստանձնեց պարտավորություններ, որոնց կատարման դեպքում կարող է արագացվել հարավկովկասյան երկրների եվրաինտեգրման գործընթացը: Պետք է միանգամից նշել, որ այս պարտավորությունների ընդունումը, ԵԽԽՎ-ի կողմից դրանց կատարման դիտարկումը, քաղաքացիական կառույցների կողմից իրականացվող հասարակական հսկողությունը, հասարակության մեջ պարտավորությունների կատարման աստիճանի լայն քննարկումը տվեցին իրենց արդյունքները եւ, անկասկած, նպաստեցին Ադրբեջանի ժողովրդավարական ճանապարհով առաջ շարժվելուն: Առաջին հերթին աչքի են զարնում օրենսդրության կատարելագործումը, հիմնարար օրենքների ընդունման ժամանակ եվրոպական փորձագետների խորհուրդները հաշվի առնելը: Շնորհիվ ԵԽԽՎ-ի մշտական հսկողության եւ դիտակումների, հնարավոր եղավ ստանձնած պարտավորությունների կատարման գործընթացը պահել նաեւ հասարակայնության տեսադաշտում. ԶԼՄ-ներով մշտապես լուսաբանվում էին ԵԽԽՎ դիտարկման առաքելության ներկայացուցիչների մեկնաբանությունները, հասարակական կազմակերպությունների փորձագետները ակտիվորեն մասնակցում էին օրենքների նախագծերի մշակմանը: Օրենքներ, որոնց ընդունումը տեղ էր գտել պարտավորությունների ցանկում, իրավապաշտպանները համագործակցում էին ԵԽ փորձագետների հետ քաղբանտարկյալների քանակը ճշտելու եւ նրանց ազատ արձակման միջոցներ գտնելու գործում:

Սակայն այսօր, երբ, փաստորեն, լրացել են պարտավորությունների կատարման ժամկետները եւ եկել է «Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Ադրբեջանի եւ Եվրամիության գործողությունների ծրագրի» ընդունման փուլը, կարիք կա վերլուծելու, թե որքանո՞վ իրական կարելի է համարել Ադրբեջանի պարտավորությունների կատարումը: Վերլուծությունը կարեւոր է երկու տեսանկյուններից. նախ' կա տարբեր հորինվածքներին ու սպեկուլյացիաներին մասնագետների փաստարկված, փորձագիտական եզրակացություններ հակադրելու կարիք, երկրորդ' այդ վերլուծությունն այսօր հրատապ է «Գործողությունների ծրագրի» ավելի արդյունավետ կատարմանը նպաստելու առումով:

ԵԽ-ի առաջ ստանձնած պարտավորությունների կատարման փորձաքննությունն ընթացավ մեր նախաձեռնությամբ: Ներկայացնենք փորձաքննության հիմնական արդյունքները:

Վերլուծելով պարտավորությունների կատարման գործընթացը' մենք դրանք պայմանականորեն բաժանեցինք երեք խմբի.
Ամբողջապես կատարված պարտավորություններ:
Մասամբ կամ ձեւականորեն կատարված պարտավորություններ:
Չկատարված պարտավորություններ:

Եվրոպական կոնվենցիաներին միանալը միանգամից գնահատվեց որպես ամբողջապես կատարված պարտավորություն, քանի որ Ադրբեջանը վավերացրել է բոլոր այն փաստաթղթերը, որոնց վերաբերյալ ընդունել է պարտավորություններ:

Ուսումնասիրվել է պարտավորությունների երեք խումբ' Լեռնային Ղարաբաղում հակամարտության լուծման հետ կապված պարտավորություններ, ազգային օրենսդրությանն առնչվող պարտավորություններ, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների ոլորտի պարտավորություններ:

Ամբողջապես կատարված ենք համարել երեք պարտավորություններ, որոնցից երկուսը կապված են Լեռնային Ղարաբաղում հակամարտության , իսկ երրորդը' մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների ոլորտի հետ : Դրանք են'

- ջանքեր գործադրել հակամարտությունը միայն խաղաղ ճանապարհով կարգավորելու համար,

- կարգավորել միջազգային եւ ներքին անհամաձայնությունները խաղաղ ճանապարհով եւ միջազգային նորմերին համապատասխան' վճռականապես ժխտելով հարեւանների նկատմամբ ուժ գործադրելու ցանկացած փորձ (այս պարտավորությունը տրվել է Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր երկրներին),

- ստորագրել Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի հետ համաձայնագիր, որը երաշխավորում է բանտարկյալների հետ անարգել շփում:

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն, իհարկե, դեռ լուծված չէ, սակայն մենք գտնում ենք, որ հակամարտությանը վերաբերող պարտավորությունները Ադրբեջանը այս օրվա դրությամբ կատարել է. Ադրբեջանը ջանքեր է գործադրել խաղաղ կարգավորման համար, ուժի կիրառման փորձեր չի արել, չի խախտել ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածությունը: Թեեւ, հակառակ կողմը խաղաղ բանակցությունների միջոցով փորձում է ամրագրել իր ռազմական հաղթանակները:

Մասնակի կամ ձեւականորեն են կատարվել հետեւյալ պարտավորությունները.
Ազգային օրենսդրության բնագավառից.

- Շարունակել օրենսդիր իշխանության' գործադիրից անկախացմանն ուղղված բարեփոխումները, որպեսզի օրենսդիր իշխանության ներկայացուցիչները կարողանան օգտվել կառավարության անդամներին խորհրդարանական հարցեր ուղղելու իրենց իրավունքից:

- Ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում, Եվրոպայի Խորհրդի փորձագետների դիտարկումները հաշվի առնելով, ընդունել Քրեակատարողական օրենսգիրք:

- Ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում ընդունել օրենք օմբուդսմենի մասին:

- Ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում ընդունել կոռուպցիայի դեմ պայքարի մասին օրենք, եւ դրա' ուժի մեջ մտնելուց հետո երկու տարվա ընթացքում հաստատել կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիր:
Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների ոլորտից'

- Ազատ արձակել կամ տալ կրկնակի դատաքննության հնարավորություն այն բանտարկյալներին, որոնց իրավապաշտպան կազմակերպությունները համարում են քաղբանտարկյալներ:

- Երաշխավորել ԶԼՄ-ների եւ լրագրողների ազատ արտահայտման հնարավորությունը եւ հատկապես բացառել ԶԼՄ-ների ազատությունը սահմանափակող վարչական միջոցների կիրառումը:

- Ուժի մեջ մտնելուց հետո առավելագույնը երկու տարվա ընթացքում վերանայել եւ ուղղումներ մտցնել ԶԼՄ-ների մասին օրենքում:

- Ազգային հեռուստատեսությունը վերափոխել վարչական անկախ խորհրդի կողմից ղեկավարվող հանրային հեռուստատեսության:

- Ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում վերանայել եւ ուղղումներ մտցնել ընկերակցությունների գրանցման կանոններում եւ բողոքարկումների իրականացման բնագավառում:

- Ուժի մեջ մտնելուց հետո առավելագույնը երեք տարվա ընթացքում վերանայել եւ ուղղումներ մտցնել փաստաբանության մասին օրենքում:

Ձեւականորեն կատարված պարտավորությունների այս խումբն ամենամեծն է:

Եվ դա հասկանալի է: Թղթի վրա պարտավորությունները կատարված են, օրենքները' ընդունված, սակայն իրականության մեջ ստեղծված ինստիտուտներն ու ընդունված օրենքները չեն աշխատում: Օրինակ' ընդունվել է օմբուդսմենի մասին օրենքը, եւ համապատասխան ինստիտուտն աշխատում է: Սակայն օրենքով ամրագրված դրույթը, որով օմբուդսմենի թեկնածուներին առաջադրում է միայն երկրի նախագահը, իսկ քվեարկում է խորհրդարանը, օմբուդսմենի ինստիտուը կախվածության մեջ է դնում գործադիր իշխանությունից:

2005թ. օգոստոսից գործում է Հանրային հեռուստատեսությունը: Սակայն Ազգային հեռուստաընկերությունը չի վերափոխվել հանրայինի, չի երաշխավորված վարչական խորհրդի անկախությունը: Եվ այսպես կարելի է խոսել պարտավորությունների այս խմբի յուրաքանչյուր կետի մասին:

Չկատարված պարտավորությունների խմբին են պատկանում հետեւյալները.
Պարտավորություններ ազգային օրենսդրությունից.

- Հաշվի առնելով նախորդ ընտրությունների ընթացքում միջազգային դիտորդների արած խորհուրդները' վերանայել օրենքները, մասնավորապես Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մասին օրենքը եւ Ընտրական օրենսգիրքը:

- Նպատակ ունենալով ընդլայնել տեղական իշխանությունների ազատությունները եւ իրավասությունները, հիմնվելով Եվրոպայի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների Կոնգրեսի այդ մասին տված խորհուրդների եւ դիտողությունների վրա' մինչեւ հաջորդ ընտրությունների անցկացումը կատարել տեղական իշխանությունների մասին օրենսդրության փոփոխություններ:

- Ուժի մեջ մտնելուց հետո երեք տարվա ընթացքում ընդունել եվրոպական չափանիշներով նախատեսված այլընտրանքային ծառայության մասին օրենք:
Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների ոլորտից'

- Հետապնդել դատական կարգով իրավապահ մարմինների բոլոր ներկայացուցիչներին, որոնք իրենց պարտականությունների կատարման ընթացքում խախտել են մարդու իրավունքները (հատկապես խոշտանգումներ եւ կտտանքներ իրականացրածներին):

- Ուժի մեջ մտնելուց հետո երեք տարվա ընթացքում ընդունել օրենք ազգային փոքրամասնությունների մասին, որոնք հավելում են Սահմանադրության եւ Քրեական օրենսգրքում խտրականությունն արգելող դրույթները եւ փոխարինում են ազգային փոքրամասնությունների մասին նախագահական որոշումներին:

- Ուժի մեջ մտնելուց հետո երկու տարվա ընթացքում վերանայել Սահմանադրական դատարան դիմելու մասին պայմանները, ինչպես նաեւ մատչելի դարձնել կառավարությունը, գլխավոր դատախազին, բոլոր մակարդակների դատարանները:

- Ուժի մեջ մտնելուց հետո առավելագույնը երեք տարվա ընթացքում վերանայել եւ փոփոխություններ մտցնել դատավորների նշանակման եւ նրանց պաշտոնավարության ժամկետների կանոնակարգում:

Հատկանշական է, որ չնայած «Դատարանների եւ դատավորների մասին» օրենքի ընդունմանը, որտեղ սահմանվում են դատավորների նշանակումն ու նրանց պաշտոնավարման ժամկետը, մենք այս պարտավորությունները համարում ենք չկատարված: Պատճառն այն է, որ մեր երկրում այդպես էլ չի ձեւավորվել անկախ դատական համակարգ:

Այս ուսումնասիրությունը, որի ամբողջական տարբերակի հետ կարելի է ծանոթանալ www: tt-ipd.org կայքում, ներկայացրեցինք հանրությանը: Այն բացասական գնահատեց իշխող կուսակցությունը («Ենի Ազերբայջան» - խմբ.), բայց նաեւ աշխույժ քննարկումների առարկա դարձավ ԶԼՄ-ների էջերում, ինչը եւս մեկ անգամ ընդգծում է Ադրբեջան-ԵՄ փոխհարաբերությունների նշանակությունը: Այդ բանավեճերը նաեւ ցույց տվեցին հասարակական վերահսկողության եւ պարտավորությունների կատարման ու ազգային օրենսդրությունը եվրոպական չափանիշներին եւ միջազգային իրավունքին մոտեցնելու գործում հասարակության մասնակցության կարեւորությունը:

Հասարակական գրեթե բոլոր շերտերի հետաքրքրությունը Ադրբեջանի եւ Եվրոպայի Խորհրդի, Եվրամիության, ՆԱՏՕ-ի հետ փոխհարաբերությունների նկատմամբ ներկայացնում է հասարակության եվրաինտեգրացիոն ձգտումները, եվրոպական արժեքների նշանակության աճը: Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ինստիտուտները քննարկում են ղարաբաղյան հակամարտությունը ԵՄ հարթության վրա խաղաղ միջոցներով կարգավորելու հեռանկարները:

Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի «Մտքի ֆաբրիկա» փորձագիտական խումբ (Ադրբեջան)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter