HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եվրաինտեգրում. գործընթացի ուղղությունները եւ դժվարությունները Հայաստանում

Եվրաինտեգրումը Հայաստանում հռչակված է ոչ միայն որպես պետական քաղաքականություն, այլեւ ունի արտաքին քաղաքական գերակայություն: Սակայն, ի՞նչ է պետք հասկանալ եվրաինտեգրում ասելով: Ոմանք այն ընկալում են որպես Հայաստանի հարաբերությունները չորս կառույցների՝ ԵԱՀԿ, ԵԽ, ԵՄ, ՆԱՏՕ-ի հետ, մյուսները' միայն ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ:

Հարկ է նշել, որ հիմք ընդունելով միայն ԵԽ-ին Հայաստանի լիարժեք անդամակցությունը (2001թ.)' ԵԽ-ին Հայաստանի ինտեգրման գործընթացը չի կարելի համարել ավարտված: Երկիրը դեռ ամբողջապես չի կատարել ստանձնած պարտավորությունները եւ շարունակում է մնալ դիտարկման ներքո: 2005թ. նոր Սահմանադրության ընդունումից հետո ԵԽ-ի առջեւ ստանձնած Հայաստանի պարտավորությունները կարելի է համարել մեծամասամբ կատարված: Կան, իհարկե, որոշ բացառություններ, ինչպես, օրինակ, այլընտրանքային ծառայության մասին օրենքը: Կարելի է անգամ ամրագրել, որ պարտավորությունների կատարման տեսանկյունից Հայաստանը ֆորմալ իմաստով կարողացել է առաջ անցնել Ադրբեջանից եւ հաստատ ետ չի մնացել հարեւան Վրաստանից: Սակայն, եթե դիտարկենք բարեփոխումներն ավելի խորը (ընդունված եւ փոփոխված օրենքների կիրառելիության' իմպլեմենտացիոն) տեսանկյունից, ապա իրավիճակը չենք կարողանա գնահատել բավարար: Հարավկովկասյան երկրներից եւ ոչ մեկը լիովին չի կարողացել լուծել այս խնդիրը, իսկ լուծման տեմպերում եղած իրավիճակների տարբերությունը գրեթե համեմատական է ֆորմալ գործընթացներում ունեցած տարբերություններին: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մոնիտորինգի գործընթացի ավարտ կարելի է ակնկալել միայն եւ միայն այն դեպքում, երբ մեր երկիրը ունակ կլինի անցկացնել եվրոպական չափանիշներին համապատասխանող համապետական ընտրություններ:

Արժե հատուկ ընդգծել, որ ինտեգրման գործընթացներում միայն հարավկովկասյան հարեւանների հետ մշտապես համեմատվելու գայթակղությունը շատ դեպքերում վնասում է բուն գործընթացին, նրա իրականացման տեմպերին:

Այսպիսով՝ եվրաինտեգրման գործընթացը շատ ավելին է, քան ԵԽ-ի առջեւ ստանձնած պարտավորությունների այս կամ այն չափով կատարումը: Ուստի փորձենք տարանջատել գործընթացի հիմնական բաղկացուցիչները:
Արտաքին քաղաքական գործոն

Արդի աշխարհաքաղաքական զարգացումները ցույց են տալիս, որ ԵՄ քաղաքականությունը Հարավային Կովկասում ինչ-որ իմաստով միջինացնում եւ հղկում է ՌԴ եւ ԱՄՆ մրցակցությունը մեր տարածաշրջանում: Մյուս կողմից, միայն դեպի հյուսիս ուղղված արտաքին քաղաքականությունն այլեւս իրատեսական լինել չի կարող, հետեւապես եվրաինտեգրումը Հայաստանի համար գրեթե այլընտրանք չունեցող պետական քաղաքականություն է: Այն, որ սա լիովին գիտակցվում է որոշում ընդունողների կողմից, կարելի է չկասկածել: Սակայն այլ հարց է, թե որքանո՞վ են պատրաստ նույն որոշում ընդունողները լիովին իրականացնել եվրաինտեգրման տրամաբանությունից բխող ներքին բարեփոխումները: Ընդ որում՝ իրականացնել ոչ միայն ընդունված օրենքների, այլեւ դրանց կիրառումն ապահովելու եւ այն անշրջելի դարձնելու իմաստով: Հետեւաբար, գործընթացում էական նշանակություն ունի ներքաղաքական գործոնը:
Ներքաղաքական գործոն

Հայաստանի անկախացումից ի վեր բարեփոխումների իմաստով կատարվել է բավական մեծ աշխատանք: Սակայն հասե՞լ է, արդյոք, քաղաքական վերնախավը այն գիտակցման, որ եղած տեմպերը բավարար չեն, եւ որ եկել է իրական, անդառնալի բարեփոխումների իրականացման ժամանակը: Դժվար է ասել: Դժվար է միարժեք եզրակացնել նաեւ, որ կա քաղաքական կամք, հստակեցված են այս խնդիրների հետեւողական եւ լիարժեք լուծման միջոցներն ու գործիքները: Հետեւաբար, ստեղծվել է մի իրավիճակ, երբ մի կողմից զգացնել են տալիս ազգային շահերից եւ պետական անվտանգության անհրաժեշտությունից բխող արտաքին քաղաքական հրամայականները, իսկ մյուս կողմից գրանցվում է իներցիան, որը հիմնված է անձնական եւ խմբային շահերի, տարբեր լծակներին տիրանալու խնդիրների վրա: Բնական է, որ նման երկատված իրավիճակն արտացոլվում է հասարակության վրա' կամա թե ակամա հրամցնելով նրան եվրաինտեգրման բավական խեղաթյուրված մի պատկեր: Օրինակ' մի կողմից ամեն քայլափոխի նույն բարձրաստիճան պետական այրերը հրապարակավ խոսում են Եվրոպայի եւ եվրաինտեգրման մասին (այս արտահայտությունները մեզանում շատ մոդայիկ են, դասվում են ամենից հաճախ արտաբերվող հասկացությունների շարքին), մյուս կողմից' տարբեր խողովակներով եւ միջոցներով Եվրոպան կամ եվրոպական արժեքները հասարակությանը ներկայացվում են վտանգավոր կամ այլասերված քողի ներքո (օրինակ' եվրաինտեգրումը սկսել են նույնացնել ընդամենը կրոնական, սեռական փոքրամասնությունների համար պահանջվող ազատությունների հետ): Շատ քիչ է խոսվում տնտեսական բաղադրիչի մասին: Մինչդեռ սա ունի առաջնահերթ նշանակություն:

Խիստ կարեւոր նշանակություն ունի խնդրի հասարակական ընկալումը, որը ձեւավորվում է ոչ միայն եւ ոչ այնքան վերը նշված գործոնների ազդեցության, որքան սեփական (օբյեկտիվ, երբեմն՝ սուբյեկտիվ) մոտեցումների արդյունքում: Այստեղ հարկ է անդրադառնալ եվրաինտեգրման գաղափարի եւ գործընթացի հասարակական ընկալման հիմնական բաղադրիչին, այն է' հոգեբանական գործոնին:
Հոգեբանական գործոն

Հոգեբանական գործոնն ինչ-որ իմաստով միարժեք ազդեզություն չի գործում հասարակության բոլոր շերտերի, խավերի վրա: Ստորեւ բերված բացասական կաղապարներից, պատկերացումներից յուրաքանչյուրը ձեւավորվել եւ ազդում է տարբեր տարիքային, կրթական եւ այլ խմբերի վրա:

- Դեռեւս լիարժեք չի փոխակերպված ԽՍՀՄ ժամանակներից արմատավորված «Արեւմուտքի» (հիմնականում' ՆԱՏՕ-ի) բացասական ստերեոտիպը:

- Նույնացվում են «Եվրաինտեգրում» եւ «ՆԱՏՕ», «ՆԱՏՕ» եւ «Թուրքիա» հասկացությունները, ինչը Թուրքիայի հետ ունեցած բազմաթիվ չլուծված խնդիրների պատճառով ազդում է հասարակական լայն շերտերի վրա:

- «Եվրաինտեգրում» եւ «Ռուսաստան» հասկացությունների թվացյալ կամ իրական բախման պատճառով ստեղծվում է բացասական ստերեոտիպ, որն ազդում է հասարակական լայն շերտերի վրա, առավելապես միջինից բարձր տարիքի խմբի եւ ՌԴ-ի հետ այս կամ այն ձեւով կապված հասարակական խմբերի վրա:

- Կա Եվրոպայի աշխարհագրորեն եւ այլ կարգի հեռավորության զգացողություն, որը որոշ դեպքերում վեր է ածվում ստերեոտիպի: Այս զգացողությունը բացատրվում է ոչ թե արժեքային համակարգի խնդիրներով, այլ պատմական հիշողությամբ. անցյալում եղել են խնդիրներ, անցյալում եղել են օգնության չարդարացված սպասելիքներ, օգնություն, որը կամ չի ցուցաբերվել, կամ ուշացել է: Այս ստերեոտիպը տարածված է հասարակական լայն շերտերի մեջ:

- Եվրոպան նույնացվում է «պարտավորություններ» բառի եւ (կամ) գաղափարի հետ, այն բացասական ազդեցություն ստեղծող ստերեոտիպ է, առավելապես ազդում է միջինից բարձր տարիքային խմբի, միջին եւ միջինից ցածր կրթական մակարդակ ունեցող խմբերի, ինչպես նաեւ՝ մայրաքաղաքում չբնակվող եւ քիչ տեղեկացված խմբերի վրա:

- Եվրոպան նույնացվում է սեռական, կրոնական եւ այլ փոքրամասնությունների ազատությունների եւ իրավունքների համար պայքարող «մեքենայի» հետ, որը բացի այս «արժեքների» ներմուծումից ու քարոզումից այլ ցանկություն եւ նպատակ չունի: Այս բացասական պատկերացումները տարածված են հասարակության բավական լայն շերտերի մոտ, հիմնականում' ոչ քաղաքաբնակների:

- Հասարակությունը եվրաինտեգրումը դիտում է որպես իշխանությունների կողմից իրականացվող գործընթաց, ինչը բացասական ազդեցություն է թողնում այն շերտերի վրա, որոնք ունեն մերժողական կեցվածք իշխանություններին առնչվող ցանկացած գործընթացի նկատմամբ (հիմնականում սոցիալական ծանր վիճակում հայտնված բնակչություն եւ առավել անպաշտպան սոցիալական խմբեր):

- Հասարակության մեջ կա Եվրոպայի կողմից երկակի ստանդարտների կիրառման զգացողություն (այն հատկապես սրվում է տարբեր ընտրություններից հետո): Նման զգացողության արդյունքում հասարակությունը հակվում է այն մտքին, որ Եվրոպան առավելապես առաջնորդվում է քաղաքական շահերով եւ ոչ թե արժեքային համակարգով: Արժեքային համակարգի եւ շահերի հակադրումը ստեղծում է բացասական ֆոն եւ ազդեցություն է թողնում հասարակական լայն շերտերի վրա:

Շարքը կարելի է շարունակել, սակայն այն բավարար է պատկերացնելու համար, թե որտեղ է պետք փնտրել եվրաինտեգրման դժվարությունների պատճառները եւ, ինչն ավելի կարեւոր է, ինչպես պետք է նվազեցնել դրանք: Եթե այս ամենին գումարենք նաեւ այն հանգամանքը, որ եվրաինտեգրման գործընթացների վերաբերյալ հասարակությունը շատ քիչ է տեղեկացված, որոշ դեպքերում էլ ունի այդ մասին խեղաթյուրված պատկերացում, ապա կարելի է դժվարությունների պատկերը գրեթե ամբողջական համարել:

Ինտեգրման գործընթացում իր ուրույն եւ առանձնահատուկ տեղն ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Հասարակության մեջ տարածված է այն կարծիքը, թե ինտեգրման արդյունքում կարելի է ունենալ խաղաղ եւ կայուն տարածաշրջան: Սա առավել քան հասկանալի է, եւ կարծում եմ, որ նույն ակնկալիքները կան նաեւ հարեւան Ադրբեջանում: Հետաքրքիր է նաեւ այն հանգամանքը, որ ինտեգրման գործընթացի վերը շարադրված բարդությունները շատ դեպքերում նման են, իսկ որոշ դեպքերում էլ' նույնը Հայաստանում եւ Ադրբեջանում: Սակայն, հակամարտության կարգավորման գործընթացի իմաստով, եղած փորձը, մեղմ ասած, խոստումնալից չէ: Հիշենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը զուգահեռաբար դարձան Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամ: ԵԽ-ն փորձում էր ամեն կերպ պահպանել զուգահեռության սկզբունքը' նաեւ այդ ձեւով ցանկանալով նպաստել հակամարտության խաղաղ կարգավորմանը: Չմոռանանք, որ Հայաստանը եւ Ադրբեջանը, ի թիվս այլ պարտավորությունների, ստանձնեցին նաեւ խնդիրը միայն խաղաղ ճանապարհով լուծելու պարտավորություն:

Թե ինչպե՞ս են կատարվել ստանձնած պարտավորությունները երկրներից յուրաքանչյուրում, պարտավորություններից որո՞նք են կատարվել միայն թղթի վրա եւ որո՞նք կարելի է համարել իրապես կատարված' առանձին հոդվածի նյութ է: Սակայն հստակ է' առանց ուժի կիրառման (խաղաղ ճանապարհով) հակամարտության կարգավորման պարտավորությունը կատարված չէ: Եվ իրականում չեն երեւում նշված պարտավորության կատարման միտումներ (առավել եւս Քոչարյան-Ալիեւ վերջին հանդիպումներից հետո): Իրականում մենք ականատեսն ենք քաղաքական կամքի ոչ պատշաճ դրսեւորման: Սակայն հարկ է անդրադառնալ նաեւ մեկ այլ կարեւոր հանգամանքի: Ոչ մի կերպ չեմ ուզում արդարացնել կարգավորման գործընթացի «անարդյունավետությունը», սակայն պետք է նկատեմ, որ հարկավոր է լրացուցիչ մոտիվացիա, որը կլինի կողմերի ընդհանուր շահերի ծիրում: Ասենք' եվրոպական ինտեգրման հնարավորությունը: Այս իմաստով, կարծում եմ, Եվրոպական Միությունը դեռեւս ունենալու է իր ասելիքը: Սակայն յուրաքանչյուր դադար կամ ձգձգում կարգավորման գործընթացում հղի է բացասական նոր հետեւանքներով: Կողմերի միջեւ լարվածության նոր ալիք է նկատվում, որն էլ ուղղակիորեն պայմանավորված է Ադրբեջանում շատ հաճախակի դարձած ծայրահեղ ռազմատենչ հայտարարություններով: Նման իրավիճակում չի կարող որեւէ դրական տեղաշարժ արձանագրվել, այն կարող է հրահրել հակառակ կողմում եւս անհանդուրժողականության տարաբնույթ դրսեւորումներ:

Իմ կարծիքով' եվրաինտեգրման գործընթացի համար մեծ ազդակ կարող է հանդիսանալ Եվրոպական հարեւանության քաղաքականությունը: Սակայն անհրաժեշտ է, որ սպասվելիք Գործողությունների ծրագիրը լինի իրատեսական, զերծ կոռուպցիոն ռիսկերից, նաեւ պարունակի հասարակության իրազեկման, ակտիվ մոնիտորինգի եւ արդյունքների ընթացիկ ու վերջնական օբյեկտիվ գնահատման հստակ սահմանումներ: Անհրաժեշտ է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի Գործողությունների ծրագրերում հստակորեն ամրագրվի դրույթ, ըստ որի ղարաբաղյան հակամարտության կողմերը պարտավոր կլինեն զերծ մնալ ոչ միայն ուժի, այլեւ' ուժի սպառնալիքի կիրառումից : Սա թեկուզեւ փոքրիկ, բայց բնական եւ էական քայլ կարող է լինել իրավիճակը առավել չսրելու եւ կրքերը անիմաստ չբորբոքելու տեսանկյունից:

Կարեն Բեքարյան
«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter