HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Նարինե Խաչատուրյան. «Արթիկի Սբ. Աստվածածին եկեղեցու տարածքում ընդհատված պեղումները կշարունակվեն»

«Հետք»-ում հունվարի 24-ին հրապարակված «Ոչ պրոֆեսիոնալ պեղումներ միջնադարյան եկեղեցու տարածքում՝ նախարարության թույլտվությամբ» հոդվածի (հեղինակ՝ Մարինե Մարտիրոսյան) հետքերով այսօր Արթիկում էին ԿԳՍՄ փոխնախարար Նարինե Խաչատուրյանը, Շիրակի մարզից ընտրված ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, պեղումներն իրականացնող խմբի ղեկավար Լեւոն Մկրտչյանը, Գյումրու Երկրագիտական թանգարանի հնագիտական արշավախմբի հնագետ, փորձագետ Համազասպ Խաչատրյանը: Կիսաքանդ եկեղեցիների հարեւանությամբ կազմակերպած բացօթյա քննարկմանը ներկա էին Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանը, եկեղեցու վերակառուցման նպատակով ֆինանսական միջոցներ հատկացրած բարերարի եղբայրը, Արթիկի թեմի հոգեւոր հովիվ Տեր Սողոմոն քահանա Մինասյանը, քաղաքի բնակիչներ:

Քննարկմանը մասնակցելու հրավեր էր ունեցել նաեւ պեղումների հետ կապված իր մտահոգությունները «Հետք»-ին ներկայացրած ճարտարապետ Ռազմիկ Քարտաշյանը: Վերջինս բողոքել էր կատարվող աշխատանքների ոչ պրոֆեսիոնալ բնույթից: Փոխնախարար Նարինե Խաչատուրյանը հայտնեց, որ Ռազմիկ Քարտաշյանի հետ նախարարության աշխատակիցները հեռախոսազրույց են ունեցել, տեղեկացրել են Արթիկ իրենց այցի, տեղում խնդրին ծանոթանալու նախաձեռնության մասին, հրավիրել են մասնակցել քննարկմանը, սակայն վերջինս չէր եկել:

Միջնադարյան Հայաստանի ճարտարապետության բացառիկ հուշարձաններ համարվող Սուրբ Գեւորգ (7-րդ դար) եւ Մարիամ կամ Սուրբ Աստվածածին (5-րդ դար) եկեղեցիներն անմխիթար վիճակում են: Դրանք վերականգնելու նպատակով տարիներ առաջ արթիկցիները դրամահավաք էին սկսել: Արթիկի հոգեւոր թեմի հովիվ Տեր Սողոմոն քահանա Մինասյանի փոխանցմամբ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցաշեն հիմնադրամ»-ի հաշվեհամարին փոխանցվել է մոտ 60 հազար դոլար:

«Բարերարն ասեց, որ պետք չէ այդ գումարին ձեռք տալ, ինքը պատրաստ է կես մլն դոլար ներդնել Սբ. Աստվածածնի վերականգնման համար, իսկ հանգանակած գումարը թող ծառայի Սբ. Գեւորգի վրա տարվող աշխատանքներին,- պարզաբանեց Տեր Սողոմոն քահանա Մինասյանը,- հիմա մենք ուրախ ենք, որ վերջապես կփրկենք եզակի այս կառույցը, բայց հայտնվում է մի անձ, որ դեռ 90-ականներից հայտնի է որպես եկեղեցի քանդող: Ռազմիկ Քարտաշյանը մինչեւ 1992թ.-ը եղել է Արթիկի գլխավոր ճարտարապետն ու իր նախաձեռնած աշխատանքների ցավոտ արդյունքն է, որ այսօր Սբ. Գեւորգ եկեղեցին զրկված է փոքր զանգակատնից ու Սարիղամիշից բերած գերաններից բաղկացած տանիքից: Այն ժամանակ էլ արթիկցիները ներդրում են ունեցել, սակայն չկա որեւէ փաստաթուղթ արված աշխատանքների, ծախսերի վերաբերյալ»:

Ըստ հոգեւոր հովվի, նախկին ճարտարապետ Ռազմիկ Քարտաշյանի մտահոգություները գանձագողության վերաբերյալ անհիմն են՝ քրիստոնեական շրջանի թաղումները պարզ, անպաճույճ, դագաղում հանգուցյալի հետ որեւէ լրացուցիչ իրեր հողին հանձնելու հեթանոսական սովորույթներից զերծ թաղումներ են, այնպես, ինչպես ներկայում է: «Երբ եղավ ներդրող, խնդիր առաջացավ պեղումների, մտածեցին գուցե էնպիսի դետալ գտնվի, որ կարողանա շատ ավելի հստակ պատկերացում տալ եկեղեցու տեսքի մասին: Պեղումներին հավանություն է տվել մշակույթի նախարարությունը, եկեղեցին եւս հետեւում է աշխատանքներին: Եթե գանձը պատրվակ է բերում անձը, որ ուրիշ բան ասի, միանգամից էդ ուրիշ բանը թող ասի, որ պատասխան տրվի: Եթե իսկապես հանցագործություն է կատարվել, կա ոստիկանություն, դատախազություն՝ թող դիմի, բայց ինքն ընդամենն ուզում է էդ աշխատանքները ղեկավարի»,- նկատեց հոգեւոր հովիվը:

Հնագետ Համազասպ Խաչատրյանը, որ աշխատանքներում ներգրավված է որպես փորձագետ, անդրադառնալով վաղ քրիստոնեական շրջանի թաղումներին, հաստատեց քահանայի միտքը: «Քրիստոնեական թաղումներում չկան ուղեկցող նյութեր, որոնք մարդկանց մղեին գանձագողության: Մենք գանձագողություն գիտենք Թուրքիայում, որի հիմքում ընկած է ոսկի որոնելը: Թուրքական իշխանությունները, որպեսզի արագացնեն քրիստոնեական հուշարձանների ոչնչացումը, լուրեր էին տարածում, որ հայկական եկեղեցիների հիմքերում ոսկի կա թաղած: Այսինքն՝ պետությունն էլ փող չէր ծախսում՝ բնակիչներն անվճար խարխլում, քանդում էին հուշարձանները, նույն ձեւով քանդում էին գերեզմանոցները: Հիմա, ինչ վերաբերում է մեզ, ապա չեմ կարծում, որ էդ աստիճանի անհեթեթ մարդիկ կան, որ նման մտքերով տարված՝ ուզենան եկեղեցու հիմքերը փորել, առնվազն վնաս տալու միտումով կարող են անել, բայց դա քրիստոնյա, հավատացյալ ժողովրդին չի վերաբերում»:

Համազասպ Խաչատրյանի փոխանցմամբ, ճարտարապետ Ռազմիկ Քարտաշյանի մատնանշած 4 փոքր փոսերը փորվել են 2018թ.-ի աշնանը եկեղեցու հիմքերի վիճակը ստուգելու նպատակով: Հենց այդ ժամանակ էլ բողոք է եղել Արթիկի ոստիկանությունում՝ գանձագողության մեղադրանքով, հարուցվել է քրեական գործ: «Որպես փորձագետ հրավիրվել եմ ես, նայել եմ, տվել եմ եզրակացություն, որ ավիրված ոչ մի բան չկա, դրա հիման վրա քրեական գործը կարճելու որոշում է կայացրել ոստիկանությունը»,- ասաց Համազասպ Խաչատրյանը:

2019թ.-ից Սբ. Աստվածածին եկեղեցու պեղումները ստանձնած արշավախմբի ղեկավար Լեւոն Մկրտչյանն ասում է, որ տարածքում աշխատանքներ սկսելու թույլտվությունը ստացել են 2019թ.-ի ապրիլի 5-ին: «Հնագիտական պեղումները սկսել ենք մայիսից, մոտ 20 օր են տեւել: Հնագիտական եւ ճարտարապետական աշխատանքներից բացի կատարել ենք վիմագրական, հնամարդաբանական եւ ԴՆԹ ուսումնասիրություններ: Ամբողջությամբ պեղել ենք եկեղեցու հյուսիսային, արեւմտյան եւ հարավային արտաքին պատերը՝ մինչեւ հիմքերը: Այդպես հնարավորություն եղավ ճարտարապետի համար բացել կառույցի ճարտարապետատեխնիկական մանրամասները,- նշեց Լեւոն Մկրտչյանը,- բացի պեղումներից, մենք նաեւ մաքրման աշխատանքներ ենք կատարել: Չեն պեղվել միայն եկեղեցու արեւելյան եւ հարավ-արեւելյան հատվածները, քանի որ այդտեղ խիստ վթարային վիճակ է: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ մենք դադարեցրինք աշխատանքներն ու դիմեցինք նախարարությանը՝ պատի ապամոնտաժման խնդրանքով»:

Նախարարությունից հրահանգ է եղել համարակալել խարխլված պատի քարերը, որն ամբողջությամբ իրականացվել է: Աշխատանքները շարունակություն չեն ստացել, քանի որ պատի ապամոնտաժման համար պետք է համապատասխան թույլտվություն ստանային նաեւ Մայր Աթոռից: «Մշակույթի նախարարությունում որոշումը կայացվել է 2019թ.-ի հուլիսի 23-ին, դրանից հետո իրենք դիմել են Մայր Աթոռի համապատասխան խորհրդին, սակայն մինչեւ ձյան գալն այդպես էլ պատասխան չունեցանք, ստիպված եղանք աշխատանքները դադարեցնել,- նշեց Լեւոն Մկրտչյանը,- ինչ վերաբերում է իմ մասնագիտական կարողություններին, ապա վստահեցնում եմ, որ բազմիցս մասնակցել եմ պեղումների, նաեւ ինքս եմ արշավախմբեր ղեկավարել, պեղել եմ Մասիսի եկեղեցին, Ակնայի եկեղեցին, Շիրակի մարզում մասնակցել եմ Սեպասարի պեղումներին, մասնակցել եմ Կարմիր բլուրի, Շենգավիթի պեղումներին, մասնակցել եմ, որովհետեւ ունեմ միջնադարյան շրջանի փորձ, եղել եմ դատամշակութային փորձագետ: Եվ չեմ կարծում, որ եթե չունենայի նման փորձառություն, ինձ վստահվեր նաեւ այս աշխատանքը»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը, տեղում ծանոթանալով մասնագետների ներկայացրած փաստարկներին, նկատեց, որ եկեղեցու տարածքում անցյալ տարի սկսված ու ընդհատված պեղումները շարունակվելու են: «Մարդիկ, ովքեր ցանկություն կունենան վատաբանելու կամ ցեխ շպրտելու որեւէ կառույցի կամ որեւէ մասնագետի վրա, թող իմանան, որ մենք հետամուտ ենք լինելու դրա իսկությունը պարզելու առումով: Այն, ինչ ես տեսա այստեղ ու լսեցի, բերեց համոզման, որ աշխատանքները պետք է շարունակվեն, դա նաեւ մասնագետները կհիմնավորեն, եւ, մեղմ ասած, բողոքող կողմի ասածների մեջ այդքան էլ ճշմարիտ բաներ չկային»:

Գլխավոր լուսանկարում՝ Արթիկի Սբ. Աստվածածին եկեղեցին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter