HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իտալիան և Մեծ Բրիտանիան կանգնած են կորոնավիրուսի տարածման լրջագույն վտանգի առաջ․ ինչ են նախաձեռնել իշխանությունները

Իտալիայում մեկ օրվա ընթացքում COVID-19 վիրուսից մահացել է 97 մարդ, ընդհանուր առմամբ, զոհերի թիվը հասնելով 463-ի։ Այդ մասին հայտնում է իտալական «IL Messaggero» պարբերականը։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 9172-ի, որը 1797-ով ավելին է, քան նախօրեին։ Ընդհանուր առմամբ, Իտալիայում ապաքինվել է 724 մարդ։ COVID-19 կորոնավիրուսի պատճառով իտալական 20 բանտերում սկսվել են խռովություններ, որոնց ընթացքում մահացել է 6 մարդ։ Արդյունքում, 50 բանտարկյալ փախել է, կեսից ավելիին հաջողվել է բռնել։

Երեկ տեղեկացրել էինք, որ վարչապետ Ջուզեպե Կոնտեն մարտի 8-ին ստորագրել է երկրի հյուսիսային շրջաններում կարանտին հայտարարելու հրամանագիր, որով 16 միլիոն մարդ Հյուսիսային Իտալիայում հայտնվելու էր կարանտինի մեջ։ Հրամանագրով կարանտինի գոտում հայտնվելու էին Լոմբարդիայի մարզը և 14 պրովինցիաներ, որոնք գտնվում են այլ մարզերի տարածքներում։ Ըստ նախնական որոշման՝ կարանտինը կձգվի մինչև ապրիլի 3-ը։

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Իտալիայում առկա է տարեց և ծեր բնակչության մեծ կենտրոնացում, որոնցից շատերն ունեն քրոնիկ հիվանդություններ։ Վերջինս նրանց ավելի խոցելի է դարձնում կորոնավիրուսի դեմ պայքարում։ Կորոնավիրուս է հայտնաբերվել Իտալիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Սալվատորե Ֆարինայի մոտ, որը գտնվում է մեկուսացման մեջ։ Վերջինս հայտնել է, որ իրեն լավ է զգում։

Իտալիայի առողջապահության նախարարությունը հանգստյան օրերին հրապարակել է կորոնավիրուսից մահացության տվյալները, որտեղ մահացության միջին տարիքը 81,4 տարեկանն է։

  • 14,3%՝ 90-ից բարձր,
  • 8,2%՝ 80-90 տարեկան,
  • 4%՝ 70-79 տարեկան,
  • 1,4%՝ 60-69 տարեկան,
  • 0,1%՝ 50-59 տարեկան,
  • 0%՝ 40-49 տարեկան։

Երկուշաբթի օրը Մեծ Բրիտանիայում COBRA կառավարական կոմիտեի նիստի ժամանակ, որը համակարգում է արտակարգ իրավիճակներում բրիտանական իշխանությունների գործողությունները, որոշվել է, որ Մեծ Բրիտանիան կմնա կորոնավիրուսի համաճարակի արձագանքման քառաստիճան համակարգի առաջին փուլում։ Վերջինս ստացել է «Դիմադրության փուլ» անվանումը։

BBC-ն գրում է, որ կիրակի օրը հայտնի էր դարձել կորոնավիրուսից մահացած ևս մեկ բրիտանացու մասին։ Հյուսիսային Իտալիայից վերջերս ժամանած 60-ամյա տղամարդը մահացել էր Մանչեսթերի հիվանդանոցում։ Նա դարձավ Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից մահացած երրորդ անձը:

COBRA-ի նիստի ժամանակ, որն անցկացվում էր վարչապես Բորիս Ջոնսոնի նախագահությամբ, որոշվել է չանցնել արձագանքման հաջորդ փուլ, որը ենթադրում էր զանգվածային միջոցառումների նկատմամբ արգելք, դպրոցների փակում և անցում տնից աշխատելուն։ Բրիտանացի պաշտոնյաները հանդիպել են նաև մեծ սպորտի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու խոշոր մրցաշարերի հեռարձակման ռեժիմի փոփոխությունը։ Սպորտային ֆեդերացիաների ներկայացուցիչները հայտարարել են, որ պատրաստ են քննարկել մրցաշարերն առանց հանդիսատեսի անցկացնելու հնարավորությունը։

Պաշտոնյաները հանդիպել են նաև բրիտանական խոշոր սուպերմարկետների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու առաջին անհրաժեշտության պարագաների գնման և վաճառքի հարցերը, որոնց պակասորդը վերջին օրերին զգալի է դարձել Մեծ Բրիտանիայում։ Այդպիսի ապրանքների թվում են ձեռքերի ախտահանիչ քսուկները, զուգարանի պարագաները, ինչպես նաև մակարոնեղենը և ընդեղենը։ Բրիտանական որոշ սուպերմարկետներ, բարձր պահանջարկի պատճառով արդեն իսկ սահմանափակումներ են դրել որոշ ապրանքատեսակների նկատմամբ։

Երկրի առողջապահության նախարարությունը երկուշաբթի օրը Հյուսիսային Իտալիայից ժամանած բոլոր քաղաքացիներին 14 օրով մեկուսացնելու որոշում է կայացրել, անկախ այն հանգամանքից, թե այդ մարդկանց մոտ հայտնաբերվել են վիրուսի ախտանիշներ կամ մրսածություն, թե ոչ։ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն էլ կոչ է արել իր քաղաքացիների խուսափել մեկնել Իտալիայի հյուսիսային շրջաններ։ Բրիտանական որոշ ավիաընկերություններ դադարեցրել են թռիչքները դեպի Միլան և Հյուսիսային Իտալիայի այլ քաղաքեր։

Կիրակի օրը Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելացել է 69-ով՝ 209-ից հասնելով 278-ի։ COVID-19 կորոնավիրուսի տարածումից ի վեր, մեկ օրվա մեջ, սա ամենաբարձր աճն է Մեծ Բրիտանիայում։ Ընդհանուր առմամբ, Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի առկայության անալիզ են վերցրել 23 515 քաղաքացիներից, որոնցից 278-ի արդյունքները եղել են դրական, ներառյալ հինգ դեպք Հյուսիսային Իռլանդիայում։ Ոեւլսում հայտնաբերվել է կորոնավիրուսի 4 դեպք։

Իսկ ինչ է կատարվում մյուս երկրներում։ Ամբողջ աշխարհում վարակվածների թիվը գերազանցել է 107 000-ը, որոնց մեծ մասը բաժին է հասնում Չինաստանին։ Այդուհանդերձ, չինական իշխանությունները երկրորդ օրն անընդմեջ հայտնել են Հուբեյ նահանգից դուրս կորոնավիրուսի վարակման նոր դեպքերի բացակայության մասին։ Ռուսաստանում վերջին օրերին հաստատվել է կորոնավիրուսի երեք նոր դեպք։ Հիվանդները գտնվում են Մոսկվայի, Կալինինգրադի և Բելգորոդի մարզերում։ Ռուսաստանում, ընդհանուր առմամբ, վարակակիրների թիվը հասել է 17-ի։

Հարավային Կորեայի իշխանությունները նույնպես հայտարարել են վարակակիրների թվի նվազման մասին։ Իրանում, որը կորոնավիրուսի վարակակիրների թվով առաջիններից մեկն է, հաստատվել է 6566 վարակակիրների և 194 մահվան դեպքերի մասին լուրը։ Արևմտյան պարբերականները պնդում են, որ իրանական իշխանությունները թաքցնում են կորոնավիրուսի իրական ծավալները։

Ֆրանսիայում կորոնավիրուսը տարածվում է խորհրդարանի պատգամավորների շրջանում։ Ընդհանուր առմամբ, երկրում վարակակիր են 4 խորհրդարանականներ։ Կիրակի օրվա տվյալներով՝ Ֆրանսիայում գրանցվել է կորոնավիրուսի 1126 դեպք, որը 19 %-ով ավելին է, քան նախորդ օրը։ Ֆրանսիական իշխանություններն արգելել են բոլոր այն միջոցառումները, որոնց մասնակիցների թիվը գերազանցում է հազարը։

Վրաստանում էլ վարակակիրների թիվը հասել է 15-ի։ Հիվանդներից 13-ը Վրաստան են եկել Իրանից կամ Իտալիայից։ Վարակակիրների թվում է նաև երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Նիկոլոզ Գամքրելիձեի որդին։ Վերջին տվյալներով Ադրբեջանում այսօր կորոնավիրուս է հայտնաբերվել է ևս երկու քաղաքացիների մոտ, որոնք վերջերս էին վերադարձել Իրանից։ 1966 և 1978 թվականներին ծնված քաղաքացիների վիճակը կայուն է։

Վերջին տվյալներով աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 114 078-ի, մահացածների թիվը՝ 4004-ի, իսկ ապաքինվածների թիվը՝ 62 834-ի։

Լուսանկարը՝ «Associated Press» գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter