HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թաթուլ Հակոբյան

Հայաստանը ծերանում է

Երիտասարդների մոտ 77 տոկոսը ցանկություն է հայտնում հեռանալ հայրենիքից

Հայաստանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության պատրաստած «Երիտասարդության ազգային զեկույցում», որի հիմքում 2005թ. անցկացված սոցիոլոգիական հարցումներն են 16-ից 30 տարեկան բնակչության շրջանում, ցույց է տվել, որ երիտասարդների մոտ 77 տոկոսը ցանկություն է հայտնում հեռանալ հայրենիքից, այսինքն՝ արտագաղթել: Բացի այդ, երիտասարդների միայն 21%-ն է ցանկություն հայտնել շարունակել բնակվել ներկա բնակավայրում:

Երկրից հեռանալու' երիտասարդների ներկայացրած պատճառները, ըստ ուսումնասիրության, բազմաթիվ են, բայց հիմնականը Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակն է: Ու չնայած, կրկին ըստ պաշտոնական թվերի, մեր երկիրը արդեն քանի տարի արձանագրում է երկնիշ տնտեսական աճ, Հայաստանի 16-ից 30 տարեկան քաղաքացիները (որը կազմում է հանրապետության ողջ բնակչության մոտ 25 տոկոսը, կամ, ըստ պաշտոնական վիճակագրության, 840 հազար մարդ), առաջին իսկ հնարավորության դեպքում հեռանում են երկրից:

1988 թվականի աղետալի երկրաշարժով սկսվեց արտագաղթի առաջին հոսքը երկրի հյուսիսային շրջաններից: Երկրորդ հոսքը ղարաբաղյան հակամարտության հետեւանք էր: Սկզբնական շրջանում դա հարկադրված ներգաղթ էր. Ադրբեջանում տեղի ունեցած արյունալի ջարդերից հետո հարյուր հազարավոր հայեր գաղթեցին հիմնականում Հայաստան եւ Ռուսաստան: 1989-1991 թվականների ընթացքում Ադրբեջանից փախստականների թիվը կազմել է 360 հազար մարդ, այնուհետեւ մոտ 48 հազար փախստականներ գաղթեցին Լեռնային Ղարաբաղից եւ մոտ 72 հազար՝ Ադրբեջանի հետ սահմանամերձ հայկական գյուղերից:

1991 թվականի վերջից սկսվեց միգրացիայի երրորդ ալիքը' բնակչության զանգվածային արտագաղթը դեպի ԱՊՀ եւ այլ երկրներ: Մոտավոր հաշվարկներով վերջին 15 տարիներին բարդ սոցիալ-տնտեսական վիճակի, ղարաբաղյան հակամարտության, տրանսպորտային շրջափակման, էներգետիկ ճգնաժամի եւ այս ամենից բխող կենսամակարդակի շեշտակի անկման պատճառով Հայաստանից արտագաղթել է առնվազն 1.1 միլիոն մարդ:

«Վերջին տարիներին,- ասվում է «Երիտասարդության ազգային զեկույցում»,- Հայաստանում նկատվում է բնակչության «ծերացման» միտում, որը պայմանավորված է սոցիալ-տնտեսական պայմաններից բխող ամուսնությունների, մեկ ընտանիքին բաժին ընկնող երեխաների եւ ծնունդների քանակի կրկնակի նվազման հետ: Եթե նշվածին հավելենք նաեւ այն, որ երկիրը լքողների մեջ ծանրակշիռ մասն է կազմում երիտասարդ, աշխատունակ տարիքի բնակչությունը, ապա ակնհայտ է դառնում, որ Հայաստանում բնակչության ծերացման գործընթացը դրսեւորվում է ոչ թե դասական իմաստով, այլ հանդես է գալիս որպես յուրատիպ երիտասարդազրկման գործընթաց»:

Համաձայն ՄԱԿ-ի եւ Եվրախորհրդի տվյալների' եթե մինչեւ 1990թ. Հայաստանում տարեկան ծնվում էր մոտ 80 հազար երեխա, ապա 90-ական թթ. կեսերից այդ թիվը հասել է մինչեւ 30 հազարի: Նվազել է նաեւ մինչեւ 50 տարեկան կանանց շրջանում ամուսնացածների թիվը: Եթե ծերացող Եվրոպայում մինչեւ 50 տարեկան կանանց 62 տոկոսն է ամուսնացած, ապա Հայաստանում՝ 50: Մեր երկրում մեկ կնոջը բաժին է ընկնում 1.2 երեխա, մինչդեռ բնական վերարտադրության համար այդ ցուցանիշը պետք լինի 2.1:

Ազգային ժողովի պատգամավոր Շավարշ Քոչարյանը, ով տարիներ շարունակ հետեւում է Հայաստանի ժողովրդագրական միտումներին, ասում է. «Եթե տարվող քաղաքականությունը չփոխվի, մինչեւ 2050թ. բնակչության թիվը Հայաստանում չի աճի, բայց միեւնույն ժամանակ տեղի է ունենալու բնակչության կտրուկ ծերացում, որը վտանգավոր է մի շարք առումներով' նշանակում է մեկ թոշակառուին գալու է ավելի քիչ աշխատող, քան անհրաժեշտ է: Երկրորդ' մենք այսօր արդեն խնդիր ունենք զորակոչի հետ, եւ գնալով այդ խնդիրը ավելի է սրվելու»:

ՄԱԿ-ի դասակարգման համաձայն' բոլոր հասարակությունները բաժանվում են երեք խմբի' ծերացող, ժողովրդագրորեն ծեր եւ գերծեր: Այս խմբերից մեկին հասարակության պատկանելությունը որոշվում է տվյալ երկրի բնակչության ընդհանուր թվաքանակի նկատմամբ 65 տարեկանից ավելի տարեց մարդկանց տոկոսային հարաբերակցությամբ:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱԱՀԿ) փորձագետ Սյուզաննա Բարսեղյանն ասում է. «Ծերացող հասարակությունում ծեր բնակչությունը կազմում է նվազագույնը 7 տոկոս, ժողովրդագրորեն ծեր հասարակությունում այն գերազանցում է 14 տոկոսը, գերծեր հասարակությունում' 20-ը: Այսպես' «ծերացողից» դեպի «ծեր» անցման համար ժամանակին Ֆրանսիայից պահանջվեց 115 տարի, ԱՄՆ-ից' 72 տարի, Մեծ Բրիտանիայից' 47 տարի, Գերմանիայից' 40 տարի, Ճապոնիայից' 24 տարի»:

Շավարշ Քոչարյանն ասում է, որ իրավիճակը շտկելու համար անհրաժեշտ են հրատապ քայլեր: «Տարբեր երկրներ ծերացման դեմ տարբեր քաղաքականություն են վարում: Եվրոպայում կա երկու մոտեցում՝ մի կողմից ներգաղթի, մյուս կողմից' ծնելիության խթանում: Այս վերջինը բնորոշ է սկանդինավյան երկրներին. հատուկ վերաբերմունք ընտանիքների, մայրերի, նորածինների նկատմամբ: Բայց ներգաղթը ծերացման դեմ խնդիրը մասամբ է լուծում կամ չի լուծում, չի հաղթահարում ծերացման վտանգը: Շատ էական է ընդհանուր քաղաքականությունը, որը պետք է ուղղված լինի եւ՛ ներգաղթի խթանմանը, եւ՛ միաժամանակ ծնելիության խթանմանը: Այսօր Իռլանդիան այս հարցում հաջողության է հասել»,- նշում է պատգամավորը:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը համաձայն է. «Սփյուռքահայերը եթե գան Հայաստան, կգան ցածր ծնելիության ստանդարտներով, դա չի փրկի, դա կլինի ծերացման ժամանակավոր հետաձգում: Ազգեր կան, որ գիտակցում են իրենց անհետացման վտանգը, փորձում են պահպանել ծնելիության օպտիմալ մակարդակը: Այլ երկրներ ներմուծում են աշխատուժ եւ փորձում արագ ձուլել, սովորաբար ոչ թե խորթ, այլ հարեւան մշակույթներից: Օրինակ' Ռուսաստանը կարող է Ուկրաինայից եւ Բելառուսից ներգաղթի հաշվին որոշ չափով բարելավել ժողովրդագրական վիճակը»:

Ադիբեկյանն ասում է, որ պետք է լինի պետական քաղաքականություն, ինչպես վերջերս Ռուսաստանն է որդեգրել. սկսել են օգնել երիտասարդ ընտանիքներին բնակարանի հարցում, մեծ գումարներ են տալիս երկրորդ, երրորդ երեխայի համար: Սոցիոլոգը նկատում է, որ այսօրվա ծնունդների քանակով Հայաստանը 1.5 միլիոնանոց հանրապետություն է. «Դա նշանակում է, որ եթե տարեկան 30 հազար ծնելիությունը պահպանվի առաջիկա տասնամյակներում, ապա մեր երկրում բնակչության թիվը կլինի 1.5 միլիոն, եւ կարելի է կանխատեսել, թե հայերը երբ կվերանան իրենց պատմական հայրենիքում: Օրինակ' գերմանացիները հաշվել են, որ եթե ներկա տեմպերն իրենց երկրում շարունակվեն, ապա 12 սերունդ հետո գերմանացիները իրենց երկրում փոքր թիվ են կազմելու: Նույնը կարող է տեղի ունենալ հայերի հետ 6-8 սերունդ հետո, եւ սա շատ լուրջ խնդիր է»:

ԱՊՀ երկրներից ժողովրդագրության հարցում շատ ծանր է վիճակը Ուկրաինայում, Ռուսաստանում, Մոլդովայում, համեմատաբար բարվոք' Ադրբեջանում, քանի որ հարեւան երկրում մեծ է ծնելիությունը: Շավարշ Քոչարյանի տվյալներով' վիճակը Հայաստանից բարվոք է նաեւ Վրաստանում: «Եթե քաղաքականությունը չփոխվի, Հայաստանը կդառնա Եվրոպայի ամենածեր երկրներից մեկը»,- ասում է նա:

Ծերացող հասարակությունը, ինչպիսին Հայաստանն է, կանգնում է մի շարք այլ խնդիրների առջեւ. աշխատանքի առաջարկի քանակական կրճատում, աշխատուժի շուկայի կառուցվածքի փոփոխում, ցածր արտադրողականություն, կապիտալի թույլ կուտակում, տնտեսական աճի դանդաղում: Փորձագետ Սյուզաննա Բարսեղյանը նշում է, որ հասարակության ծերացման դեպքում կրճատվում է արտահանվող ապրանքների ծավալը, տնտեսական աճի կրճատման հետ քչանում են հարկային մուտքերը, հետեւաբար' պետական բյուջեն: «Սա' միայն տնտեսության ոլորտում: Հսկայական փոփոխություններ են տեղի ունենում ընտանիքում, սոցիալական հարաբերություններում, սոցիոմշակութային վարքում, արժեքային համակարգում եւ այլուր»,- ասում է նա:

Երկու կոնկրետ օրինակով ցույց տանք, թե մեր երկրում ինչ չափերով են կրճատվում ծնունդները: Բերեմ իմ օրինակը: Ադրբեջանին սահմանամերձ եւ մոտ 150 տնտեսություն ունեցող այն գյուղի դպրոցում, որտեղ ես եմ սովորել, այս տարի առաջին դասարան է գնում 2 երեխա: Երբ ես էի առաջին դասարան գնում' մոտ 30 տարի առաջ, մեր դասարանը աշակերտների քանակով ամենափոքրն էր մեր դպրոցում' 12 աշակերտ: Այս տարի առաջին դասարան է հաճախում իմ որդին: Երեւանի այդ դպրոցում ընդամենը մեկ առաջին դասարան է հավաքվել' 8 երեխա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter