HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Ծաղկաձորի՝ ապօրինի վաճառված անտառները փորձում են վերադարձնել․ դատախազությունը դիմել է դատարան

Գլխավոր դատախազությունը դատական գործընթաց է նախաձեռնել Ծաղկաձորում և այլ համայնքներում ապօրինի սեփականաշնորհված անտառները վերադարձնելու նպատակով։ Ծաղկաձոր համայնքն էլ առաջիկայում կդիմի դատարան։

Ծաղկաձորում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից անտառային հողերի ապօրինի սեփականաշնորհման մասին «Հետք»-ի հրապարակման հիման վրա հարուցված քրեական գործը նախորդ տարի էր կարճվել։ Վաղեմության հիմքով կարճված գործով հաստատվել էր, որ հանցագործությամբ պետությանը վնաս է պատճառվել։

Դատախազությունը երեք տարբեր հայցերով արդեն դիմել է Կոտայքի մարզի դատարան և պահանջում է անվավեր ճանաչել հողերն աճուրդով վաճառելու մասին որոշումները։ Երեք հայցերից 2-ն արդեն վարույթ են ընդունվել, և արգելանք է դրվել անտառային հողերի վրա։ Այժմ վիճարկվում է 25 գործարքից 19-ը։

Դատական երեք գործերով պատասխանողներն են նախկին և ներկա պաշտոնյաներն ու նրանց հետ փոխկապակցված հետևյալ անձինք՝ Պետական վերահսկողական ծառայության քարտուղարի տեղակալ Կարեն Մարգարյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանի եղբայրը՝ Իշխան Վարդանյանը, գործարար Սամվել Մայրապետյանը, Հրազդանի նախկին քաղաքապետի խորհրդականի որդին՝ Արսեն Արզումանյանը, ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի կինը՝ Շամրիկ Գաբրիելյանը, Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի մտերիմը՝ Ռոման Գալուստյանը և այլք։

Պետական սեփականություն հանդիսացած հողերի վերաբերյալ գործարքները դատական կարգով վիճարկելու գործառույթը վերապահված է դատախազությանը, իսկ համայնքային սեփականության գույքերինը՝ համայնքներին։ Ծաղկաձորի վարչական տարածքում գտնված անտառային հողերը օտարել է համայնքը։ Այդ իսկ պատճառով անտառների մյուս մասը վերադարձնելու համար դատարան պետք է դիմի նաև համայնքը։

Ծաղկաձորի քաղաքապետարանից մեր հարցմանն ի պատասխան համայնքի ղեկավար Արթուր Հարությունյանը հայտնեց․ «Նշված հողերի վերաբերյալ կատարվում են ուսումնասիրություններ, ձեռք են բերվում արխիվային նյութեր և իրավաբանական խորհրդատվություններ՝ տվյալ խնդրին դատական կարգով ընթացք տալու համար»։

Հրազդանից դեպի Ծաղկաձոր տանող ճանապարհին՝ Մհեր Մկրտչյան փողոցի սկզբնամասում, անտառային հողեր էին ձեռք բերել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մերձավորները, Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի մտերիմը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը, նախկին պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանի և Հարություն Ղարագյոզյանի կանայք, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի որդին, Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի կինը, խորհրդականը, բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի ազգականը և այլք։

Մեկնաբանություններ (1)

Հրանտ Սարգսյան
Հիշում եմ, որ փորձեր եղան ՀՀ <<Անտառային օրենսգրքում>> փոփոխություններ մտցնել և թույլատրել անտառային տարածքները տալ վարձակալության։ Եվ հիշում եմ, որ ընդդիմացանք և կտրուկ մերժեցինք այդ փոփոխության առաջարկը։ Հիմնավորում էինք, որ եթե այդ <<ցեցը>> օրինականացվի, կբզկտվեն մեր անտառները․․․ Պատգամավորից ու բարձրաստիճան իշխանավորից մինչև տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատող մանր պնակալեզը, պատվախնդիր է լինելու ձեռք բերել մի կտոր անտառ։ Ու մեր անտառները չեն հերիքելու, որ բավարավեն դրանց սնափառությունն ու ագահությունը։ Եթե որևէ մեկը գիտի՝ ե"րբ է փոփոխվել <<Անտառային օրենսգիրքը>> և թույլատրվել անտառտարածքները վաճառել անհատ անձանց, խնդրում եմ ուղարկի ինձ այդ տեղեկությունները։ Մեր բնական հարստությունները բզկտողների, մեր շրջակա միջավայրը խեղողների և մեր գոյության պայմանները վնասողների անունները պետք է տեղադրվեն մեր փողոցների խաչմերուկներում․․․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter