HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Թռչնաբույծների միության նախագահ. «Խոշոր արտադրողները սկսել են ձու արտահանել Ռուսաստան»

Մինչ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրում է վերջին շրջանում հայկական շուկայում ձվի էժանացման պատճառներն ու խոշորների հնարավոր խախտումները, նույն խոշոր արտադրողները սկսել են ձվի ավելցուկային խմբաքանակն արտահանել Ռուսաստան: Տնտեսվարողները հավաստիացնում են, որ շուկայում գերարտադրություն է, գները կտրուկ իջել են և ստիպված են ձուն խանութներին հանձնել ինքնարժեքից ցածր գնով:  

Այս տարվա փետրվարի սկզբից ձվի հայկական շուկայում էական գնանկում գրանցվեց։  Երևանի խոշոր սուպերմարկետներում ձվի գինը 50-70 դրամից իջավ մինչև 20-30 դրամի: Տնտեսվարողները էժանացումը բացատրեցին գերարտադրությամբ: Այսինքն՝ արտադրվել է ավելին, քան բնակչության պահանջարկն է։ Իսկ գերարտադրության հիմնական պատճառներ են նշվում թռչնաբուծությամբ զբաղվող ֆերմերային տնտեսությունների քանակի աճն ու խոշոր թռչնաբուծարանների վերազինումը:

Միևնույն ժամանակ, այս թեման հայտնվեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տիրույթում, որտեղ փետրվարի կեսերից սկսեցին ուսումնասիրություններ՝ պարզելու արդյոք խոշոր տնտեսվարողները համաձայնությա՞ն չեն եկել գին իջեցնելու միջոցով փոքրերին շուկայից հանել կամ այլ հակամրցակցային քայլերի դիմելու հարցում: Այլ խոսքով՝ փորձում են պարզել, թե ձվի գնանկումը խոշոր տնտեսվարողների միտումնավոր գործողությունների արդյու՞նք է, թե՞ ունի օբյեկտիվ տնտեսական բացատրություն:

Հայտարարվեց, որ հանձնաժողովի որոշմամբ վարչական վարույթ է հարուցվել «Վարիանտ Գրուպ», «Լուսակերտ», «Լուսակերտի Էլիտ», «Գնթունիք», «Աշտարակ ձու» ՍՊԸ-ների, «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի և «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի կողմից Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտումների վերաբերյալ:

Այսօր այս հարցով Մրցակցության հանձնաժողովում լսումներ էին: «Մենք ամբողջական տեղեկատվություն ենք հավաքագրել, որ հասկանաք, թե արտադրական ինչ ծավալի ձու կա Հայաստանում: Փորձել  ենք հասկանալ դաշտում խաղացողների դիրքը, ֆիքսել նաև ածան հավերի քանակը, հասկանալ, թե 1 օրում քանի ձու է արտադրվում  և այլն: Դիտանցում ենք իրականացրել տնտեսվարող սուբյեկտների պահեստներում, որպեսզի կարողանանք գույքագրել մեզ հետաքրքրող տեղեկությունները: Խնդիրը, որը բարձրացվել է տնտեսվարող սուբյեկտների կողմից, վերաբերում էր գերարտադրությանը: Այսինքն, գնի անկումը պայմանավորում էին գերարտադրությամբ: Ընթացքում նաև հայտնաբերվել էին խնդիրներ ձվի մակնշման կամ սխալ մակնշման հետ կապված: Այդ տեղեկությունները փոխանցվել են Սննդի անվտանգության տեսչական մարմնին, որոնք ոչնչացրել են մակնշմանը չհամապատասխանող ձուն»,- լսումների սկզբում նշեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:

Ըստ նրա՝ որոշակի մտավախություններ են եղել մանրածախ խանութներում վաճառվող ձվի որակի, քանակի և չափերի հետ կապված. «Հսկիչ գնման արդյունքում կարողացանք ձեռք բերել այդ ձվերը և ուղարկել լաբորատոր փորձաքննության: Գործի շրջանակում դիմել ենք նաև տնտեսվարող սուբյեկտներին, որպեսզի ներկայացնեն, թե ինչու է նման իրավիճակ առաջացել, ինչպես նաև Թռչնաբույծների միությանն ենք դիմել: Հիմա ունենք արդեն գրեթե ամբողջական պատկերը»:

Չնայած, որ ՏՄՊՊՀ արդեն ստացել է հարցերի պատասխանների մեծ մասը, սակայն վերջնական որոշում դեռևս չի կայացրել: Ըստ ՏՄՊՊՀ նախագահի՝ տնտեսվարողների բացատրությունները լսումների ժամանակ ստանալուց հետո գուցե երկրորդ անգամ լսումներ կազմակերպելու կարիք լինի, որից հետո արդեն կհրապարակվի որոշումը: Հավաստիացնում  են, որ չեն շտապում՝ հնարավոր սխալ որոշումներից խուսափելու և տնտեսվարողներին չվնասելու համար:

«Գերիշխող դիրքի չարաշահման համար նախատեսվում է տուգանք տնտեսվարողի նկատմամբ մինչև նախորդ տարվա շրջանառության կամ հասույթի 10 տոկոսի չափով: Իսկ հակամրցակցային համաձայնության պարագայում կարող է, նույնիսկ, քրեական գործ հարուցվել: Այդ պատճառով էլ մեր գործողություններում պետք է զգույշ լինենք, որ հարց լուծելու փոխարեն՝ չվնասենք»,- նշեց Գեղամ Գևորգյանը:

Ըստ նրա՝ այս գնանկման ժամանակ ձվի վաճառքի նվազագույն գինը, որ ֆիքսել է հանձնաժողովը, 14 դրամն է: Սա ինքնարժեքից ավելի քան 2.5 անգամ ցածր է: Մրցակցության հանձնաժողովի հաշվարկներով ձվի գնի միջին ինքնարժեքը կազմում է 36 դրամ: «Մենք դիտարկում ենք նաև տարբեր տնտեսվարող սուբյեկտների մոտ ինքնարժեքի կառուցվածքը: Ինչպես նաև այն հարցը, թե առևտրային խոշոր ցանցերը որևէ խախտումներ թույլ տվե՞լ են այս ընթացքում, թե՞ ոչ: Սակայն նման երևույթ մենք չենք արձանագրել»,- հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահը:

Նրա տվյալներով՝ վերջին տարիներին Հայաստանը սննդային հավկիթ չի ներմուծել: Մաքսային ծառայության տվյալները ևս վկայում են, որ վերջին տարիներին հավկիթի շուկայում Հայաստանն ինքնաբավ է՝ ոչ արտահանում է, ոչ էլ ներմուծում: Իսկ այսօր, ըստ  Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի՝ խոշոր արտադրողները արտահանման քայլեր են անում:

Թռչնաբույծների միության նախագահ. «Ավելցուկային ձուն արտահանվում է Ռուսաստան»

Խոշոր տնտեսվարողները, որոնց մոտ է հիմնականում կուտակվել ավելցուկային ձուն, արդեն սկսել են քայլեր ձեռնարկել: Ձվի որոշակի խմբաքանակ այսօր արտահանվում է Ռուսաստան: Այս մասին «Հետքի» հետ զրույցում տեղեկացրեց Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը: Նրա խոսքով՝ խոշոր տնտեսվարողները այդ կերպ փորձում են ազատվել ավելցուկային խմբաքանակից, որպեսզի ձվի երկրում քանակը համապատասխանեցնեն պահանջարկին ու գները վերադարձնեն նախկին մակարդակի:

Ըստ Սերգեյ Ստեփանյանի քիչ հավանական է, որ խոշոր տնտեսվարողները հակամրցակցային համաձայնության են եկել: «Ձվի բացթողնման գինն այսօր 27-28 դրամ է: Դա որևէ կերպ ձեռնտու չէ տնտեսվարողներին: Արդեն ձվով բեռնված 8-9-րդ մեքենան է արտահանվում: Եղանակը տաքանում է, խոշորների մոտ էլ ձուն կուտակված է, դժվարությամբ է մաշվում»,- նշեց Սերգեյ Ստեփանյանը:

Նրա խոսքով՝ դեպի Ռուսաստան ձվի արտահանումը ռիսկային է. պետք է կարողանալ ապրանքն անվնաս հասցնել այդ երկիր: Իսկ թե որքան ժամանակ կտևի արտահանումը և ինչ քանակների մասին է խոսքը, Սերգեյ Ստեփանյանը հստակ տվյալներ չունի:

Կարդացեք նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter