HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դրա համար էլ գյուղը չի ապրում

Առաքյուլը Լեռնային Ղարաբաղի հնագույն գյուղերից է։ Արցախյան շարժումից հետո սովետական զինվորների եւ ադրբեջանցիների համատեղ գործողությունների արդյունքում ամբողջությամբ հայաթափվել է։ Նախկին գյուղից ոչինչ չի մնացել։ Միակ հիշատակը նախորդ դարի սկզբին կառուցված եկեղեցին է, որն ադրբեջանցիները չեն կարողացել քանդել։

Գյուղի տարեց բնակիչ Երվանդ Ղահրամանյանը ձեռագիր հինգ հատորում շարադրել է բռնագաղթի ընթացքը։ Առանձին մի հատոր էլ նվիրել է Առաքյուլի պատմությանը, որ, ինչպես ինքն է ասում, մնա գյուղի գրադարանում ու հետո եկողները կարդան։

Ըստ պատմիչ Երվանդ Ղահրամանյանի՝ գյուղն ունեցել է 274 բնակիչ, ազատագրվելուց հետո վերադարձել են 112-ը։ «Հիմա մեր համագյուղացիները հասել են մինչեւ Կանադա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ չորս ընտանիք, մեր էն հին գյուղից։ Մեծամասնությունը Երեւանում են, Ռուսաստանի քաղաքներում»։

Առաքյուլի վերականգնումը հավի ու ձվի դիլեմայի նման է՝ գյուղը դանդաղ է վերականգնվել, որովհետեւ առաքյուլցիները չեն շտապել վերադառնալ, իսկ չեն շտապում, որովհետեւ գյուղը դանդաղ է վերականգնվում։ Երվանդ Ղահրամանյանն իր աղջկա ու թոռնիկի հետ վերադարձել է 1996-ին։ Չորս տարի ապրել են ժամանակավոր տնակում, մինչեւ «Ֆրանսիա-Ղարաբաղ» կազմակերպությունը Լիոնի հայության նվիրատվությամբ տներ է կառուցել ու մեկն էլ տվել են իրեն։

«Հիմա էլ երեւի վերադարձողներ չեն լինի». ասում է պատմիչը։ Նա գտնում է, որ հեռացածները շատ երկար (հրադադարից հետո անցել է 12 տարի) սպասել չէին կարող։ Ոմանք տուն են կառուցել կամ գնել, ոմանք հարմար աշխատանք են գտել, երեխաներն են սովորում։ «Դժվար է ամեն անգամ տեղից-տեղ գնալը։ Էլ արդեն չեն վերադառնա»։

Երվանդ Ղահրամանյանի համար Առաքյուլն արդեն ավարտված պատմություն է, որի վերջին էջն իր ձեռքով պատրաստված խաչքարն է՝ նվիրված հայրենի գյուղի վերածննդին։ Այդպես էլ գրել է խաչքարի վրա, բայց վերածնվող Առաքյուլի ապագան ոչ մի կերպ չի տեսնում ։ «Մեր գյուղը ապագա երեւի չունենա, որովհետեւ երիտասարդներ չկան, ամուսնություն չկա։ Մնացել են ինձ նմանները։ Իմ հասակի բնակիչներով ի՞նչ պիտի անի գյուղը»։

Առաքյուլում այնուամենայնիվ մեզ հաջողվեց երիտասարդ մարդ գտնել։ 33-ամյա Ռուբեն Բաբայանը գյուղի անկումից հետո չի հեռացել Ղարաբաղից։ Մնացել ու մինչեւ 1995 թվականը ծառայել է բանակում։ «Ես պոստերում էի, ուրիշների տները կառուցվեց, իմը կիսատ մնաց». ասում է Ռուբենն, ով շուտով հայր է դառնալու։

Հադրութի շրջանի գյուղերին բնորոշ ընդհանուր խնդիրներից բացի, այստեղ կա նաեւ բնակարանի պրոբլեմ։ Ադրբեջանցիները փաստորեն հողին էին հավասարեցրել հին Առաքյուլը, եւ 93-ից հետո բոլորովին նոր գյուղ է կառուցվում։

Ռուբենի տան արտաքին տեսքը նորմալ է, բայց պատուհանների վրա ապակու փոխարեն ցելոֆան է ամրացրած։ «Սա հիվանդության բուն է,-ասում է Ռուբենը,- ամառ-ձմեռ հիվանդ ենք»։ Նա չգիտե, թե այս պայմաններում ինչպե՞ս է մեծացնելու իր նորածին զավակին։

Ներս ենք մտնում։ Տան սենյակներից մեկի հատակը հողից է, մյուսը պատված է փայտի սղոցվածքից պատրաստված շիթերով։

«Ես էսքան տարի մնացել, սպասել եմ, որ տունս սարքվի, բայց որ չլինի, երեւի վեր կենամ, գնամ»։ Ո՞ւր՝ հարցնում եմ։ Չի պատասխանում, հավանաբար մտքում հաշվում է գնալու համար անհրաժեշտ գումարը, որ չունի եւ մոտ ապագայում չի ունենա։

Ռուբենի հայրը՝ Արգենյա Բաբայանը, նույնպես չի հեռացել Ղարաբաղից։ «Ես ու իմ տղեն կռվի առաջին օրվանից մինչեւ վերջը ստեղ ենք եղել ու տանջվել ենք մեր հողի համար». ասում է 70-ամյա Արգենյան։ Եւ չնայած հերոսական անցյալին՝ նա որդու գնալու ցանկության դեմ ոչ մի փաստարկ չունի։

«Հիմա պիտի երեխա ծնվի, ես որտե՞ղ պահեմ,-ասում է Ռուբենի հայրը։-Դրա համար էլ գյուղը չի ապրում»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter