HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դավիթ Սանասարյանը հարց բարձրացրեց, թե ինչո՞ւ են բժշկական կենտրոնները մինչև այժմ գնումներն իրականացնում ՊՎԾ-ի առաջարկած չափորոշիչներով

Արդեն երկու դատական նիստ է՝ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) և մյուսների գործով դատարանում հետազոտվում են փաստաթղթեր, որոնք վերաբերում են հեմոդիալիզի պարագաների գնման գործընթացքին: Դավիթ Սանասարյանը նիստի ընթացքում հայտարարեց, որ  այն խնդիրները, որոնք իրենք տեսել են գնման գործընթացում,  հետագայում հիմք են դարձել քրեական գործի հարուցման համար:

Ըստ Ազգային անվտանգության ծառայության, հիշեցնենք, հեմոդիալիզի պարագաների գնումների գործընթացում ՊՎԾ պաշտոնատար անձինք, որոնց թվում՝ Դավիթ Սանասարյանը, կատարել են գործողություններ, որոնցով չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները:

Փաստաթղթերի հրապարակման ընթացքում դատավարության կողմերը պարբերաբար հայտարարություններ էին անում՝ պարզաբանելով կամ մեկնաբանելով դատարանում հրապարակվածը:

Դատախազ Գևորգ Սարգսյանը հայտնեց, որ Պետական վերահսկողական ծառայությունում պաշտոնների են նշանակվել պետական գնումների ընթացակարգերում մասնակցող անձինք, որոնք հետագայում ամենօրյա ռեժիմով զբաղվել են իրենց պատկանող ընկերությունների կառավարմամբ։ Խոսքն, ըստ դատախազի՝ ամբաստանյալներ Սամվել Ադյանի և Գևորգ Խաչատրյանի մասին է: Պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի պաշտոնը զբաղեցնող Սամվել Ադյանն, ըստ դատախազի՝ միաժամանակ եղել է «Զորաշեն» ՍՊԸ-ի սեփականատերը, իսկ նույն վարչության գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանը զբաղվել է «Մեդէքսպերտ» ընկերության կառավարմամբ:

Այս հանգամանքին անդրադառնալով՝ Դավիթ Սանասարյանը պարզաբանեց, որ ինքը Սամվել Ադյանի հետ խոսել է, և վերջինս ասել է, որ բիզնեսով չի զբաղվում։

«Ես քրեական գործով եմ տեղեկացել, որ «Մեդէսքպերտ» ՍՊԸ-ն պատկանում է Գևորգ Խաչատրյանին, իսկ «Զորաշեն» ՍՊԸ-ն՝ Սամվել Ադյանին, այլապես ես նրանց աշխատանքի չէի ընդունի»,- ասաց Դավիթ Սանասարյանը: Դատավոր Դավիթ Բալայանը նկատեց, որ դատարանում վերը նշված հարցի վերաբերյալ մեղադրանքի գործ չի քննվում:

Իսկ դատարանում քննվող գործով, հիշեցնենք, ՊՎԾ վերը նշված պաշտոնատար անձինք մեղադրվում են նախնական համաձայնությամբ 2018-2019թթ. ընթացքում Առողջապահության նախարարության  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Վանաձոր» բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին ապօրինի կերպով միջամտելու մեջ: Ըստ մեղադրանքի՝ նրան պարտադրել են փոփոխել ինչպես ավտոկլավի տեխնիկական բնութագիրը, այնպես էլ հեմոդիալիզի սարքերի շահագործման փաստաթղթերով նախատեսված դիալիզատորների տեխնիկական բնութագրերը և կազմել բժշկական կենտրոնների իրական կարիքներից և սարքերի շահագործման փաստաթղթերից չբխող նոր տեխնիկական բնութագրեր: Այս գործողությունների նպատակն, ըստ մեղադրանքի եղել է հայտարարված մրցույթներում ապահովել Սամվել Ադյանի հետ փոխկապակցված «Զորաշեն» ՍՊ ընկերության հաղթանակը:

Մեղադրող դատախազ Գևորգ Սարգսյանը հայտարարեց, որ եթե վերը նշված տեխնիկական բնութագրերը չփոխվեին, «Զորաշեն» ՍՊԸ-ն չէր կարողանա մասնակցել գնման գործընթացին, ավելին, ըստ մեղադրողի՝ այդ բնութագրերը փոփոխվել ու համաձայնեցվել են կոնկրետ «Զորաշեն» ՍՊԸ-ին:

Դավիթ Սանասարյանն, անդրադառնալով դատախազի այս պնդմանը, հիշեցրեց, որ մոտ մեկ տարի առաջ քրեական գործ է հարուցվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Վանաձոր» բժշկական կենտրոնների գնումների գործընթացում ենթադրյալ չարաշահումների դեպքի առթիվ: Ըստ Դավիթ Սանասարյանի՝ քրեական գործը հենց այն խնդիրների վերաբերյալ է,  որոնք իրենք տեսել են ու որոշել ուսումնասիրություն իրականացնել:

Ընթերցելով վերը նշված քրեական գործի վերաբերյալ դատախազության հաղորդագրությունը՝ Դավիթ Սանասարյանը նշեց, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը» 2015-2018թթ. և «Վանաձորի բժշկական կենտրոնը» 2015-2018թթ. և 2019թ. սկզբում դիալիզի պարագաներ ձեռք են բերել մի ընկերությունից՝ ավելի քան 1.5 միլիարդ դրամով։ Խոսքը «Ֆրեզենիուս Մեդիքլ քեյր» ընկերության հայաստանյան գործընկեր «Ֆրեզեն» ՍՊԸ-ի մասին է:

«Այդ պարագաների մաքսային արժեքը կազմել է ավելի քան 700 միլիոն դրամ և բժշկական կենտրոններին ապրանքները մատակարարվել են մաքսային արժեքից ավելի քան 2.2 անգամ թանկ գնով»,- ասաց Դավիթ Սանասարյանը, և դատախազության հաղորդագրությունից նաև հատված մեջբերեց, որ գնումների գործընթացները չեն հանդիսացել տնտեսող, արդյունավետ և օգտավետ, և սկսած 2015-ից գնումներին հաղթող է ճանաչվել մեկ ընկերություն։

Սանասարյանը նաև շեշտեց, որ այժմ բժշկական կենտրոնները իրենց կարիքների համար գնումների գործընթացը կազմակերպում են ՊՎԾ-ի առաջարկած տեխնիկական բնութագրերով:

«Եթե դրանք վնասում էին պետությանն, ապա ինչո՞ւ են քրեական գործի հարուցումից հետո բժշկական կենտրոնները ՊՎԾ առաջարկներով իրականացնում գնումները»,- ասաց Դավիթ Սանասարյանը:

Ըստ քրեական գործի՝ ՊՎԾ պաշտոնատար անձանց գործողությունների հետևանքով տեխնիկական բնութագրերում կատարված փոփոխություններով նվազեցվել են մատակարարման ենթակա ապրանքների որակական հատկանիշները և այսպիսով վտանգվել է անձանց առողջությունը:

Դավիթ Սանասարյանը նշեց, որ որևէ փորձաքննություն չի նշանակվել՝ պարզելու համար՝ արդյոք նվազեցվել են մատակարարման ենթակա ապրանքների որակական հատկանիշները:

Հաջորդ դատական նիստին ևս կշարունակվի գործում առկա ապացույցների հետազոտումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter